ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԻԷ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 

Հայ ժողովրդի եւ հայկական պետականության պատմության մի հատվածը կերտվել է Հայկական լեռնաշխարհից դուրս: Այն ժամանակ, երբ բուն Հայաստանում կործանվել էր անկախ պետականությունը, իսկ ժողովուրդը օտար զավթիչների անտանելի կամայականությունների ու բռնությունների հետեւանքով զանգվածաբար լքում էր հայրենիքը, հայ ժողովուրդը թագավորություն ստեղծեց ու պետականությունը վերագտավ Կիլիկիայում, որն ընկած է Հայաստանից դեպի հարավ-արեւմուտք: 
Կիլիկիան ձգվում է Միջերկրական ծովի հյուսիս-արեւելյան ափին: Այն աշխարհագրական շատ բարենպաստ դիրքում է գտնվում: Հարավից երկրամասը 500 կմ երկարությամբ եզերում են Միջերկրական ծովի ջրերը, արեւմուտքից ու հյուսիսից Փոքր Ասիայից բաժանվում է Տավրոսի լեռնաշղթայով, արեւելքում Ամանոսի լեռնաշղթան կամ Սեւ լեռներն են, որոնք բաժանում են Ասորիքից: Կիլիկիայի բնական սահմանները պաշտպանական ամուր գոտիներ էին: Այն զբաղեցնում է մոտ 40.000կմ2 տարածք: 
Երկրամասի արեւմտյան հատվածը ծածկված է քարքարոտ բլուրներով եւ կոչվում է Քարուտ Կիլիկիա: Հյուսիս-արեւելյան մասը Լեռնային Կիլիկիան է, որը ծածկված է բարձրաբերձ լեռներով: Հարավ-արեւելյան մասը Դաշտային Կիլիկիան է, որը հարուստ դաշտավայրային շրջան է, սահմանակից է Միջերկրականին: 
Կիլիկիայի խոշոր գետերն են Կալիկադնոսը (Սելեւկիա), Լամոսը, Կյուդնոսը (Տարսուս-չայ), Սարոսը (Սիհուն), Պիռամոսը (Ջիհուն): Կիլիկիան հարուստ է բուսական ու կենդանական աշխարհով, հանքային հանածոներով (երկաթ, կապար, արծաթ, կրաքար, ծծումբ, արջասպ, բորակ, աղ եւն): Լեռնային շրջանները ծածկված են սաղարթախիտ անտառներով ու ընդարձակ արոտավայրերով: Ծովափնյա շրջաններում կային մի շարք խոշոր նավահանգստային քաղաքներ, որոնք կապող օղակ էին հանդիսանում արեւելք-արեւմուտք ծովային ու ցամաքային առեւտրի համար: Այդ ամենը նպաստում էին երկրամասում գյուղատնտեսության, արհեստագործության ու առեւտրի զարգացմանը: 
Հնագույն ժամանակներից Կիլիկիայում բնակվել են տարբեր ժողովուրդներ: Միջին դարերում այնտեղ ապրում էին հայեր, հույներ, ասորիներ, հրեաներ: Հայերն այնտեղ բնակություն են հաստատել հին ժամանակներից: Տիգրան Մեծի օրոք Դաշտային Կիլիկիան մտավ Հայկական տերության կազմի մեջ եւ այնտեղ հաստատվեցին բազմաթիվ հայեր: 
IVդ. հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը վկայում է, որ Ալեքսանդրետի (Իսոսի) ծոցը կոչվում էր Հայկական ծոց: Իսկ Vդ. սկզբին նշանավոր եկեղեցական գործիչ Հովհան Ոսկեբերանը Կիլիկիայից ուղարկած մի նամակում հիշատակում է, որ ինքը բնակվում է հայկական գյուղում, իսկ շրջանի կառավարիչը հայ իշխան է: Դա վկայում է, որ հայերը Կիլիկիայում բավական մեծ թիվ են կազմել դեռեւս վաղ միջնադարում: Արաբական ներխուժման ժամանակ Կիլիկիայի բազմաթիվ վայրերում զավթիչներին համառ դիմադրություն էին ցույց տալիս տեղի հայերը: 
Բյուզանդիայի վարած Հայաստանը հայաթափելու քաղաքականության արդյունքում Կիլիկիա են գաղթում հազարավոր հայեր: XIդ. Հայաստանում ստեղծված քաղաքական անբարենպաստ պայմանները հայ բնակչությանը ստիպեցին թողնել հայրենիքը եւ արտագաղթել այլ երկրներ: Այդ հայերի մեծ մասը հաստատվում էր Կիլիկիայում: 
Վասպուրականի Սենեքերիմ թագավորի հետ հեռացավ ավելի քան 70.000 մարդ, հետագայում Վասպուրականից գաղթածների թիվը հասավ 400.000-ի: Նրանք հաստատվեցին Փոքր Հայքում, Կապադովկիայում ու Կիլիկիայում: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Գագիկ II-ը հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու քաղաքում: Նրա հետեւից հազարավոր ազնվականներ` իրենց հպատակներով գաղթեցին դեպի Կապադովկիա եւ Կիլիկիայի հյուսիսային շրջաններ: 
1042թ. Աբլղարիբ Արծրունուն Կոստանդին Մոնոմախ կայսրը նշանակեց Կիլիկիայի մեծ մասի կառավարիչ (1042-1080թթ.): Նա աջակցում էր երկրամասում հայ բնակչության հաստատմանն ու ամրապնդմանը: 
Սելջուկյան արշավանքների ժամանակ հայերի հոսքը դեպի Կիլիկիա ավելի մեծացավ: Կարսի Գագիկ Աբասյան թագավորը 1065թ. իր տիրույթները հանձնեց Բյուզանդիային եւ իր զինվորականության հետ տեղափոխվեց Կիլիկիայի սահմանին գտնվող Ծամնդավի շրջանը: Սելջուկների ճնշման տակ Գանձակի մոտ գտնվող հայրենի տիրույթ Մայրյացջուրը թողնելով 1073թ. իր զորամասով Կիլիկիա մեկնեց Օշին իշխանը: Նա տիրեց Լամբրոն ամրոցին` շրջակայքով, որը դարձավ Օշինյանների ժառանգական տիրույթը: 
1070-ական թթ. սելջուկները ներխուժեցին Փոքր Ասիա եւ այնտեղ հաստատված մեծ թվով հայեր եւս տեղափոխվեցին Կիլիկիա: 
Այսպիսով, XIդ. վերջին հայերը կազմում էին Կիլիկիայի բնակչության մեծամասնությունը, հայ իշխանների ձեռքում էր կենտրոնացել տարբեր շրջանների վարչական ու տնտեսական կյանքի կառավարումը, պաշտպանության գործը: Այս ամենը երկրամասում անկախ հայկական իշխանություն հաստատելու համար հիմքեր ստեղծեցին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets