ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.06.2013

ԱՌԱՍՊԵԼ ԱՐԵՎԻ ՄԱՍԻՆ

«Արարատյան առասպելներ» շարքից

Ասում են` կենսաթրթիռ պատանին` արևը, սկզբում ապրում էր կապտալուրթ Վանա ծովակում: Նա վերջալույսին ծովում լողանում էր, մաքրում, իջնում ծովի հատակը, ուր փրփուրների վրա փռված էր նրա անկողինը: Արևը պառկում էր այդ անկողնում, քնում ու հանգստանում: Իսկ արևմուտքում, շառագունած կամ ձյունաթույր ծալ-ծալ ամպերը նրա անկողնու քողն ու վարագույրն էին:
Արշալույսից առաջ ջրահարսներն արևին հանում էին անկողնուց, հագցնում էին հրեղեն զգեստներ, հարդարում էին նրա անկողինը: Առավոտ կանուխ, երբ արևը դուրս էր գալիս ծովից, նրա փայլը տարածվում էր ամենուրեք:
Մի օր ձկնորսներն ուռկանով որսացին նրան: Ցանցն ընկած արևը թպրտում էր, թռչկոտելով ելք փնտրում, փորձում այրել ուռկանը, բայց ջրերը խանգարում էին: Երբ դուրս բերեցին ծովից, նա իր հրավառ ճառագայթներով ուռկանը վերածեց մեծ խարույկի, ճաճանչները կարկառեց ու վեր բարձրացավ: Այդ օրվանից արևը հաստատվեց երկնքում` աշխարհի ծայրին, մարմարից շինված շքեղ պալատում: Ամեն առավոտ արևը լվանում է երեսը, ջուրը դեմքից ցայտում է չորս դին, սար ու դաշտ ծածկում ցողով: Բոլոր թռչունները ցողի սրսկումից սթափվում են քնից, արթնանում, բներից վեր թռչելով` սկսում են երգել ու ծլծլալ… Արևելքում գտնվող հսկա լեռան տակից նախ ելնում են արևի 12 թիկնապահները, և երբ նրանք տեսնում են, որ արևին որսացողներ չկան, երևում են արևի ոսկե գլուխն ու հրեղեն մազերը, և նա բարձրանում է երկնակամար: Չի կարելի բռնել անբռնելին:
Պատմում նաև, որ մի կին իր տղայի համար գուլպա է գործում։ Քիչ է մնում, որ գուլպան ավարտի, արևը պատրաստվում է մայր մտնել։ Տղան դիմում է արևին, խնդրում.
¨ Ջա՜ն, արեգա՛կ, մի քիչ սպասիր, մայրս վերջացնի գուլպաս, հագնեմ, հետո մորդ մոտ գնա։
Արևը լսում է տղային, սպասում և միայն ուշ երեկոյան վերադառնում մոր մոտ։ Արևամայրը հարցնում է որդուն, թե ինչո՛ւ է ուշացել։ Արևը մորը պատմում է փոքրիկ տղայի և նրա գուլպայի մասին։ Արևամայրը զայրանում է, անիծում որդուն ուշացնող փոքրիկ տղային, որ նա ցերեկը մեռնի, գիշերը կենդանանա, իսկ նրա մայրն էլ երբեք չավարտի տղայի գուլպան։ Տղան ցերեկները մեռնում է, գիշերները՝ կենդանանում, գալիս է մոր մոտ, խնդրում իր գուլպան։ Խեղճ մայրը չի կարողանում վերջացնել գուլպան, որովհետև գործածն ինքն իրեն քանդվում է։ Իսկ տղան, ստիպված, թափառում է ոտաբոբիկ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets