ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.06.2013

ԿԱՐՆԵՑԻ ՍԱ ՏՂԱՆ՝ ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ

«Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մեջ են, և նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը»:
Արամ Երկանյան

Հայ վրիժառու բազուկն անհրաժեշտ պահին միշտ իջել է ոսոխի գլխին: Հայոց Նեմեսիսի մեծագույն վրիժառուներից է Արամ Երկանյանը:
Երկանյանները Ծոփքից էին` Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից: Ինչպես է նախկինում կոչվել տոհմանունը` ոչ ոքի հայտնի չէ: Հայտնի է միայն, որ տոհմից Սամվել անունով բարձրահասակ մեկը տեղափոխվում է Էրզրում: Երկար հասակի պատճառով նրան կոչում են Երկան Սամվել, որտեղից էլ առաջանում է ազգանունը` Երկանյան:
Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թվականին Կարին քաղաքում: Հաճախել է տեղի դպրոցը, որտեղ էլ երդվել է, որ դառնալու է իր ազգի, ցեղի վրիժառուն, երբ ծանոթացել է Վենետիկի Մխիթարյանների հրատարակած գրքույկին, որտեղ նկարագրված էր Ադանայի ջարդերի պատմությունը:
1915թ. կորցնելով ծնողներին, հարազատներին` նա հրաշքով ողջ է մնում ու տեղափոխվում Արևելյան Հայաստան: Այստեղ Արամը միանգամից ակտիվ հասարակական կյանքի է անցնում և 1917թ. անդամագրվում Հայ Յեղափոխական դաշնակցությանը, զինվորագրվում է հայկական կամավորական գնդերին և մեկնում ռազմաճակատ` վրեժ առնելու ոսոխից: Շուտով աչքի է ընկնում ծառայության մեջ և Կարին-Դերջան հատվածում նշանակվում է ռազմակայանի պետ: Նա այս պաշտոնում պետք է պահպաներ ռուսական նահանջող բանակից մնացած գույքը, զինապահեստները:
Շուտով սկսվում է նահանջը և Արամ Երկանյանը նահանջող հայկական զորամասերի հետ դարձյալ հայտնվում է Կովկասում: Սակայն նա ցած չի դնում զենքն ու մինչև վերջ շարունակում է պայքարը` Զեմլյակի խմբում մասնակցելով Բաշ-Ապարանի հերոսամարտին արդեն որպես գնդացրային դասակի հրամանատար: Անկախության հռչակումից հետո Արամ Երկանյանը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականով մեկնում է Լոռի-Փամբակ և ճնշում այնտեղ գործող թուրք ավազակախմբերին:
Պատերազմի ավարտից հետո ՀՀ կառավարության հանձնարարականով Արամ Երկանյանն ընդգրկվում է «Նեմեսիս» ծրագրում, որի նպատակը Հայոց ցեղասպանությունը ծրագրած ու իրականացրած ճիվաղների ոչնչացումն էր: Եվ ահա «Նեմեսիսի» ղեկավար և մտահղացող Շահան Նաթալին հենց Արամ Երկանյանին ու Արշավիր Շիրակյանին է ընտրում` սպանելու երիտթուրք պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին:
Հայոց ցեղասպանության պատասխանատու այս երկու հանցագործներին Արամ Երկանյանը Արշավիր Շիրակյանի հետ պատուհասեց 1922թ. ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում: Ցեղասպանները խնջույքից հետո հանգիստ ճեմում էին շքախմբով Ջեմալ Ազիմիի զբաղեցրած տան մոտակայքում, ընդ որում, նրանց հետ էր նաև մեկ տարի առաջ Սողոմոն Թեհլերյանի արձակած գնդակից տապալված Թալեաթ փաշայի այրին: Դիմահար կրակոցով տապալելով Բեհաէդդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին ու նրանց թիկնապահներից մեկին` Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը խույս տվեցին ոստիկանության հետապնդումից:
Հետագայում իր հուշերում Արամ Երկանյանը գրեց. «Հազիվ անկողին մտած այնպիսի երանավետ մի քնով քնեցի այդ գիշեր, որ հազիվ թե այդքան անուշ քնած լինեի կյանքումս: Քնել էի, կարծես անհոգ մանկիկ, որ գլուխը բարձին դրած` աչքերն է փակում քաղցրորեն: Ոչ մի հոգնություն, ոչ մի կասկած կամ երկյուղ… Չէի մտածում անգամ, թե ոստիկանություն կա և հետապնդումներ: Կարծես վերադարձել էի մի հաճելի քեֆից և գինին քաղցր թմրությունով էր գրկել ինձ: Միլիոնների արյան վրեժխնդրի համար ավելի գինովցնող ի՞նչ գինի կա, քան ոճրագործների արյունը: Եվ երբ կշարունակվեր ականջիս մեջ «բաբա, բաբա» կոծը, ինձ թվում էր` մայրիկս է, որ օրոր էր երգում` օրորոցս օրորելով»:
Սակայն բացի այս երկուսից` Արամի մահացու գնդակների զոհերն էին նաև Բաքվի հայության ջարդերի կազմակերպիչները` մուսավաթականներ Ղասիմբեկովը, Սարաֆովը և Խաս-Մամեդովը, որոնց Արամը սպանեց Թիֆլիսի հրապարակում: Արամին է պատկանում նաև Ադրբեջանի նախկին վարչապետ, Շուշվա հայության ջարդարար Ֆաթալի Խան-Խոյսկու սպանությունը: Մինչ այդ հայոց «Նեմեսիսը» երեք անհաջող փորձ էր արել տապալելու Խան-Խոյսկուն: Գործը հաջողությամբ գլուխ բերեց Արամ Երկանյանը:
1920թ. հունիսի 19-ին Թիֆլիսի կենտրոնում` Գոլովինսկի պողոտայում, Արամ Երկանյանը ծպտված արտաքինով սպասում էր: Ֆաթալի Խան Խոյսկին թիկնապահներով դուրս եկավ մոտակա շենքից ու առաջացավ: Արամն ընդառաջ գնաց, հանեց մաուզերը և կրակոցով ջախջախեց Խան Խոյսկու գանգը: Նրա կրակոցներից գետնին տապալվեցին նաև Ադրբեջանի Մուսավաթական կուսակցության հիմնադիր Խան Մահմադովը, թիկնապահներից երկուսը ևս: Այնքան արագ կատարվեց ամեն ինչ, որ Խան Խոյսկու մնացած թիկնապահները չհասցրեցին հակադարձել. Արամը խույս տվեց` միայն վիրավորված: Գործողության ժամանակ նրա աջակիցն էր վրիժառու Միսակ Կիրակոսյանը:
Արամ Երկանյանի վրիժառու բազուկից չխուսափեցին նաև հայազգի դավաճանները: Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում նա Սողոմոն Թեհլերյանի հետ շանսատակ արեց Պոլսի հայ մտավորականության ցուցակը կազմողներ Արթինին և Վահե Քիսային:
1922 թվականից Արամ Երկանյանը հաստատվեց արտասահմանում: Խորհրդային բռնապետությունը թույլ չտվեց հերոսին բնակվել հայրենիքում: Սկզբում հաստատվեց Ռումինիայում, ապա անցավ Լատինական Ամերիկա` հանգրվանելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Նա Գարեգին Նժդեհի մտերիմ ընկերն ու զինակիցն էր, և ուր էլ լիներ, տարածում էր Նժդեհի գաղափարներն ու շարժումը` Ցեղակրոնությունը:
Արտասահմանում նա ակտիվ հասարակական կյանքով էր ապրում` ողջ եռանդը ներդնելով հայապահպանության ու ազգային վերածննդի գործին: Նա Արգենտինայում մինչ օրս հրատարակվող «Արմենիա» թերթի հիմնադիրն է:
Արամ Երկանյանն ապրեց կարճ, բայց ապրեց իմաստալից ու նվիրական կյանքով: Նրա ուսուցիչը` Շահան Նաթալին, այսպես է բնորոշել հերոսին. «Դիտեցեք իր պատկերը: Եվ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն` Հայ Նեմեսիս մը…: Զինքը ճանչցա Պոլիս: Չէի հանդիպած իրեն: Հոգիներու ճանաչողությունը ժամանակով չի չափվիր: Բաց գիրք մը, որ ինձ թվեցավ, թե ծնած օրես կարդացած էի: Պարզունակ անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրայ և հայու աչքերուն մեջ: Կարնեցի տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին»:
Արամ Երկանյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets