ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս Ի

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ՊԱՅՔԱՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ: ՍՄԲԱՏ I, ԱՇՈՏ II 

Աշոտ I-ին փոխարինեց ավագ որդին` Սմբատ I-ինը (890-914թթ.): Նա արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ շարունակեց հոր ուղեգիծը եւ ընդարձակեց թագավորության սահմանները: 892թ. հայկական զորքերը գրավեցին Դվինը: Սմբատ I-ը արաբ ամիրաներին դուրս քշեց Թիֆլիսից: Նա 899թ. թագ շնորհեց վրաց իշխան Ատրներսեհին, որով վերականգնվեց վրացական թագավորությունը, ուր նույնպես իշխում էր Բագրատունիների
արքայատոհմը: 
Բարեկամական հարաբերություններ հաստատվեցին Բյուզանդիայի հետ: 893թ. Սմբատ I-ը առեւտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ, որի շնորհիվ Հայաստանը ազատ առեւտրական գոտի էր դառնում իրար հետ պատերազմող Բյուզանդիայի ու խալիֆայության միջեւ: Դրա շնորհիվ Հայաստանը տնտեսական մեծ օգուտներ էր ստանում: 
Հայաստանի հզորացումն ու քաղաքական դերի մեծացումը անհանգստացնում էր հարեւան արաբական ամիրայություններին: Այդ պատճառով նրանք փորձեցին կասեցնել Հայաստանի հետագա հզորացումը: Այս շրջանում Հայաստանի գլխավոր հակառակորդն էր Ատրպատականում առաջացած Սաջյան էմիրությունը: Հայ-բյուզանդական առեւտրական պայմանագիրը դիտելով որպես արաբների դեմ ուղղված քայլ` 893թ. Ատրպատականի էմիր Ավշինը արշավեց Հայաստան: Սմբատ I-ը 30.000-ոց բանակով շարժվեց ընդառաջ եւ թշնամուն դիմավորեց սահմանի մոտ: Ավշինը, հանդիպելով հայկական բանակին, չհամարձակվեց ճակատամարտ տալ, այլ` առաջարկեց հաշտություն եւ հեռացավ: 894թ. Ավշինը հանկարծակի ներխուժեց Հայաստան եւ գրավեց Դվինը, որն ավերվել էր 893թ. երկրաշարժից: Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ հայկական բանակը պարտության մատնեց թշնամուն եւ վտարեց Հայաստանից: 896թ. Ավշինը երրորդ անգամ արշավեց Հայաստան, գրավեց Կարսը եւ գերեց թագավորի ընտանիքին: Սմբատը բանակցություններ սկսեց Ավշինի հետ եւ փոխադարձ զիջումներով հաշտություն կնքվեց: Ավշինի արշավանքները թեեւ խռովում էին երկրի անդորրը եւ նյութական վնասներ էին հասցնում, սակայն չկարողացան կասեցնել Հայաստանի տնտեսական ու քաղաքական վերելքը: 
Երկրի միասնության ու հզորացման համար առավել մեծ վտանգ էին ներկայացնում ներքին տարաձայնությունները: Սմբատ I-ը ճնշեց Մանազկերտի կայսիկների ամիրայության, Սյունյաց Սմբատ իշխանի ընդվզումները, Հավնունի իշխանների կազմակերպած դավադրությունը: Չնայած ֆեոդալական ընդվզումները ճնշվեցին, սակայն ավատատիրական հարաբերությունների խորացումը տանում էր երկրի քաղաքական մասնատմանը, որից օգտվում էին արտաքին թշնամիները: 
899թ. Ավշինի մահից հետո Ատրպատականի էմիր դարձավ նրա եղբայր Յուսուֆը, որը հարմար առիթի էր սպասում հայոց պետականության դեմ ոտնձգություններ իրականացնելու համար: Շուտով Նախիջեւան քաղաքի համար վեճ ծագեց Արծրունիների եւ Սյունիների միջեւ: Սմբատ I-ը քաղաքը հանձնեց Սյունիներին, որից դժգոհելով, արքայի քրոջ որդին` Գագիկ Արծրունին, դիմեց Յուսուֆի օգնությանը: Վերջինիս առիթ էր պետք Բագրատունիների թագավորությունը թուլացնելու համար: Նրա միջնորդությամբ խալիֆը թագ ուղարկեց Գագիկ Արծրունուն, որով 908թ. Վասպուրականը հռչակվեց առանձին թագավորություն: Դրանով հայոց պետությունը տվեց առաջին ճեղքերը: Խալիֆը Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը տվեց Յուսուֆին, որը հնարավորություն ստացավ բացահայտորեն միջամտելու Հայաստանի ներքին գործերին: 
909թ. գարնանը Յուսուֆը Արծրունիների հետ արշավեց Հայաստան: Նրանք գրավեցին Սյունիքն ու Նախիջեւանը: 910թ. գարնանը Յուսուֆի զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ եւ գրավեցին Դվինը: Հայ իշխանների մի մասը, թշնամու հաջողություններից ահաբեկված, անձնատուր եղան Յուսուֆին: Վճռորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրում: Սակայն Սմբատ I-ի բանակը ծանր պարտություն կրեց: Դրանից հետո հայկական բանակն այլեւս կազմակերպված դիմադրություն ցույց չտվեց: Արաբները ասպատակեցին ու կողոպտեցին երկիրը: Սմբատ I-ը փակվեց Արշարունիք գավառի Կապույտ բերդում: Թշնամին փորձեց գրավել այն, բայց հաջողություն չունեցավ: Երկրի ավերումն ու կողոպուտը դադարեցնելու նպատակով, Սմբատը որոշեց անձամբ գնալ Յուսուֆի մոտ եւ հաշտություն կնքել: Բայց Յուսուֆը ձերբակալեց Հայոց արքային եւ 914թ. մահապատժի ենթարկեց: Սմբատի դին խաչեցին Դվինի դարպասներից մեկի վրա, որպեսզի սարսափ ներշնչեն հայ բնակչությանը: 
Հայաստանի գլխին կախվեց թագավորությունը կորցնելու իրական վտանգ: Այդ պայմաններում հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքն ու պետականությունը: Հայոց ազատագրական պայքարը ղեկավարեց Սմբատ I-ի որդին` Աշոտ II Երկաթը (914-928թթ.): Նա ազատագրեց Տայքը, Գուգարքը, Շիրակը, արաբներին դուրս քշեց Թիֆլիսից եւ Աղստեւի հովտից: Հայ իշխաններն ու բնակչությունը սկսեցին համախմբվել Աշոտ II-ի շուրջը: Դրան նպաստեց նաեւ Յուսուֆի անողոք վերաբերմունքը իր կողմն անցած հայ իշխանների նկատմամբ, որոնց մեծ մասը հեռացավ արաբներից եւ զենքն ուղղեցին նրանց դեմ: Գագիկ Արծրունին եւս հեռացավ Յուսուֆից: Երկիրը ավելի պառակտելու եւ թուլացնելու համար Յուսուֆը Հայոց թագավոր հռչակեց Աշոտ Երկաթի հորեղբորորդուն` սպարապետ Աշոտին: Սակայն Աշոտ II-ը վճռական միջոցներով սաստեց նրան: Աշոտ II-ը 920-921թթ. մեկնեց Կ. Պոլիս, ուր Կոստանդին VII Ծիրանածին կայսրը հանդիսավոր կերպով նրան ճանաչեց հայոց թագավոր եւ բյուզանդական օժանդակ ուժերով ճանապարհեց Հայաստան: 921թ. Սեւանի ճակատամարտում Աշոտ II-ը հնարամտորեն ջախջախեց Յուսուֆի կողմից Հայաստանի կառավարիչ նշանակված Բեշիրին, որի նահանջող բանակին ճանապարհին նոր հարված հասցրեց Գեւորգ Մարզպետունի իշխանը: Դրանից հետո հայկական բանակը երկիրն ամբողջությամբ ազատեց թշնամուց: 
Արաբները համոզվեցին, որ զենքի ուժով Հայաստանը չեն կարող ենթարկել եւ գնացին զիջումների: 922թ. խալիֆը Աշոտ II-ին ուղարկեց թագ եւ նրան ճանաչեց Հայոց շահնշահ, որով նա գերագահություն էր ստանում Հայաստանի մյուս թագավորների նկատմամբ: Աշոտը վերջնականապես հնազանդեցրեց անհնազանդ իշխաններին եւ ամրապնդեց Հայոց պետությունը: Ստեղծվեց համեմատաբար խաղաղ ու ապահով ժամանակաշրջան, որը նպաստեց երկրի տնտեսական ու մշակութային կյանքի վերելքին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets