ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԺԹ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն


ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ: ԱՇՈՏ Ա


Հայոց պետականության վերականգնման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին IX դ. II կեսին: Արաբական խալիֆայությունը սկսել էր թուլանալ ու մասնատվել, իսկ Բյուզանդիան աջակցում էր խալիֆայության կենտրոնախույս ուժերին, որպեսզի թուլացնի իր գլխավոր հակառակորդին: Միաժամանակ, Հայաստանում տնտեսական ու ռազմական մեծ հզորության հասան Բագրատունի, Արծրունի, Սյունի եւ Արցախի իշխանական տները, որոնք IX դ. կեսերից ավելի ընդարձակեցին իրենց տարածքները: Ժողովրդի բոլոր խավերի մոտ աճեց ու ամրապնդվեց օտար լուծը վերջնականապես թոթափելու ձգտումը: Աշխատավորները ցանկանում էին ազատվել օտարների կեղեքումներից, ազնվականությունն ու հոգեւորականությունը եւս շահագրգռված էր ազատվել արաբների կամայականություններից ու բռնություններից: Նման պայմաններում արաբները ստիպված էին գնալ զիջումների, հատկապես 850-855թթ. ապստամբությունից հետո, երբ պարզ դարձավ, որ բռնի միջոցներով անհնար է հայերին ծնկի բերել:
855թ. խալիֆը հետ կանչեց Բուղային, Հայաստանից դուրս բերեց արաբական զորքերը, սահմանափակեց Դվինի ոստիկանի իրավունքները, իսկ Աշոտ Բագրատունուն նշանակեց Հայոց սպարապետ: Հայաստանից գանձվող հարկերը կրճատվեցին երեք անգամ: 862թ. խալիֆը Աշոտին շնորհեց Հայոց իշխանի տիտղոսը եւ հարկահանության իրավունքը: 
Այսպիսով, Աշոտ Բագրատունին իրավական եւ տնտեսական լայն լիազորություններ ստացավ, որով կարողացավ իր ազդեցությանը ենթարկել Հայաստանի, Աղվանքի, Վրաստանի գրեթե բոլոր իշխաններին: Նա, օգտվելով արաբ ամիրաների միջեւ եղած հակասություններից, նրանց թույլ չտվեց միջամտել Հայաստանի ներքին գործերին: 
Աշոտ Բագրատունին հմտորեն օգտագործեց արաբա-բյուզանդական հակամարտությունը` Հայաստանի ինքնուրույնությունն ամրապնդելու եւ երկիրը ներխուժումներից զերծ պահելու համար: Նրա ջանքերով ստեղծվեց 40.000-ոց բանակ, որն ի վիճակի էր պաշտպանելու երկրի սահմանները: Սպարապետ դարձավ Աշոտի եղբայր Աբասը: Հայաստանի ռազմական ուժն ավելի մեծացավ, երբ հայրենիք սկսեցին վերադառնալ Բուղայի գերեվարած հայ իշխանները: 
Աշոտ Բագրատունին բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ I-ի (867-886թթ.) հետ: Վերջինս Աշոտին խնդրեց թագադրել իրեն, քանի որ ինքը ծագում էր Արշակունիներից, իսկ Բագրատունիները նրանց թագադիրներն էին: Այդ փաստը վկայում է Աշոտի միջազգային հեղինակության մասին: 
Փաստորեն երկրի կառավարումն ամբողջությամբ անցավ Բագրատունիներին, իսկ Հայաստանը վերականգնեց ներքին ինքնավարությունը: Արտաքին ու ներքին նպաստավոր պայմանները խթանեցին երկրի տնտեսական, քաղաքական ու մշակութային վերելքին: Աշոտը խոհեմ եւ հեռատես գործիչ էր եւ հմտորեն ղեկավարում էր երկրի անկախացման գործընթացը: Արաբական իշխանությունը Հայաստանում ձեւական բնույթ էր ստացել: 
Հայաստանում հետզհետե հասունացավ ավելի քան չորս դար առաջ կործանված Հայոց թագավորության վերականգնման հարցը: Դեռեւս 869թ. Զաքարիա Ձագեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ հայ նշանավոր իշխանների ժողով հրավիրվեց, ուր միահամուռ որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Այդ նպատակով նրանք դիմեցին խալիֆի հաստատմանը, սակայն արաբները ձգձգում էին թագավորության ճանաչման հարցը: 
873թ. Հայաստանի նոր ոստիկան Ահմադը (Մուհամեդ իբն Խալիդ) եւ Պարտավի Յամանիկ (Մուհամմադ ալ-Յամանի) ամիրան որոշեցին հայ իշխանների դեմ դավադրություն կազմակերպել եւ ձախողել Հայաստանի անկախացումը: Բայց Աշոտ Բագրատունին, որը ուշադիր հետեւում էր արաբ ամիրաների գործողություններին, կանխեց նրանց, իսկ Ահմադին վտարեց երկրից: 
877թ. Գեւորգ Գառնեցի կաթողիկոսի եւ նշանավոր հայ իշխանների նախաձեռնությամբ նորից գումարվեց ժողով, ուր որոշվեց կրկին դիմել խալիֆին` Աշոտ Բագրատունուն Հայոց թագավոր ճանաչելու համար: Երկարատեւ ձգձգումներից հետո խալիֆայությունը ստիպված էր տեղի տալ եւ բավարարվել նրանով, որ Աշոտը կճանաչեր խալիֆի գերիշխանությունը ու հարկ կվճարեր: 
885թ. Հայաստանի ոստիկան Հիսեի միջնորդությամբ խալիֆ Ահմեդ Աբուլ-Աբասը Աշոտ Բագրատունուն ճանաչեց Հայոց թագավոր եւ ուղարկեց արքայական թագ եւ հանդերձանք: Աշոտին թագ ուղարկեց նաեւ կայսր Վասիլ I-ը: 
885թ. օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում կաթողիկոս Գեւորգ Գառնեցին Աշոտ I Բագրատունուն (885-890թթ.) օծեց Հայոց թագավոր, որով վերականգնվեց 428թ. կործանված հայոց թագավորությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցավ Հայաստանի հետագա զարգացման համար: 
Աշոտ I-ը հմուտ պետական եւ ռազմական գործիչ էր, մեծ ուշադրություն էր դարձնում հայկական տարածքների միավորմանը: Նա ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը եւ իր պետությանը միացրեց այդ երկրամասը` Կարս բերդաքաղաքով, որը դարձավ հայոց սպարապետների նստավայրը: 
Վասպուրականի Արծրունի եւ Սյունիքի Սյունի իշխանական տները տնտեսական ու ռազմական հզորությամբ գրեթե չէին զիջում Բագրատունիներին: Աշոտ I-ը կարողացավ ամուսնական կապերի միջոցով այդ հզոր տոհմերին ենթարկել իրեն: Աշոտին ենթարկվեցին նաեւ Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները: Նա սանձահարեց Գուգարքի եւ Ուտիքի կենտրոնախույս ուժերին: Հաջող արշավանքներով Աշոտը սաստեց նաեւ Կովկասի լեռնականներին, որոնք անընդհատ ասպատակում էին Վրաստանի ու Աղվանքի տարածքները: Աշոտը վերականգնեց Արշակունիների ժամանակ գոյություն ունեցած արքունի գործակալությունների համակարգը: Երկրի խոշոր իշխաններին հանձնեց բարձր պաշտոնները, իսկ մանր ազնվականներից շատերին կալվածքներ նվիրեց: 
890թ. Աշոտ I Բագրատունին մեկնեց Կ. Պոլիս, դաշինք կնքեց Բյուզանդիայի հետ, սակայն վերադարձի ճանապարհին հիվանդացավ եւ մայրաքաղաք չհասած մահացավ: 
Այս խոշոր պետական գործչի ջանքերով վերականգնվեց հայոց թագավորությունը, որը գոյատեւեց մեկուկես դար` մինչեւ 1045թ.: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets