ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԺԸ


Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

Արաբների Հայաստանում կատարած անօրինությունները, կրոնական ու ազգային հալածանքները, ծանր հարկերը հանգեցրին մի շարք ապստամբությունների: 
702թ. սպարապետ Սմբատ Բագրատունին որոշեց 2.000 հեծյալներով հեռանալ Բյուզանդիա: 703թ. փետրվարին, երբ նրանք Ակոռի գյուղի մոտ էին, արաբների 5.000-ոց պատժիչ զորամասը փակեց ճանապարհը:
Սմբատ Բագրատունին ամրացավ Արաքսի մոտ գտնվող Վարդանակերտ գյուղում: Վաղ առավոտյան հայերը հարձակվեցին ձմռան խստաշունչ գիշերը բաց դաշտում մնացած արաբների վրա: Թշնամին մեծ կորուստներ տալով, փորձեց անցնել սառած Արաքսը, որի սառույցը կոտրվեց եւ շատերը խեղդվեցին գետում: Արաբները ծանր պարտություններ կրեցին նաեւ Ռշտունիքում եւ Վանանդում: Շուտով Սմբատ Բագրատունին Բյուզանդիայի կայսրից կյուրոպաղատի կոչում ստացավ եւ հաստատվեց Տայքում:
Հայաստանում մնացած նախարարները, հասկանալով, որ չեն կարող պայքարել մեծաքանակ արաբական ուժերի դեմ, փորձեցին համաձայնության գալ: Այդպիսով, առաջին ապստամբությունը արագորեն ճնշվեց, բայց արաբներին ստիպեց հաշվի նստել հայ նախարարների հետ եւ ճանաչել նրանց ժառանգական հողատիրության իրավունքը: 
Հաջորդ հակաարաբական ապստամբությունը բռնկվեց 748թ., երբ խալիֆայությունում գահակալական կռիվներ էին ընթանում: Այն ղեկավարեց աքսորից վերադարձած Գրիգոր Մամիկոնյանը, որին միացավ նաեւ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: Նրանք շարժվեցին Տայք` բյուզանդական զորքերին միանալու համար: Սակայն այստեղ Աշոտ Բագրատունին հրաժարվեց շարունակել պայքարը եւ վերադարձավ Բագրեւանդ: Գրիգոր Մամիկոնյանը հետապնդեց նրան, ձերբակալեց եւ կուրացրեց: Գրիգոր Մամիկոնյանը այնուհետեւ ամրացավ Կարին քաղաքում: Գրիգորի մահից հետո շարժումը գլխավորեց եղբայրը` Մուշեղ Մամիկոնյանը: 750թ. արաբները դաժանորեն ճնշեցին այս ապստամբությունը: 
762թ. արաբների դեմ ազատագրական կռիվներ ծավալվեցին նաեւ Վասպուրականում` Սահակ, Համազասպ եւ Գագիկ Արծրունիների գլխավորությամբ: Արաբները կարողացան ճնշել նաեւ Արծրունի եղբայրների պայքարը: 
774թ. բռնկվեց արաբների դեմ ամենախոշոր ապստամբությունը: Արտավազդ Մամիկոնյանը, ձեւանալով արաբներին հավատարիմ, եկավ Դվին, զինեց իր ջոկատը եւ Շիրակի Կումայրի գյուղի մոտ հարձակվեց արաբ հարկահավաքների վրա, խլեց հարկերը եւ հեռացավ Բյուզանդիա: Այս դեպքից հետո ողջ երկրում տարածվեց ապստամբություն, որի գլուխ կանգնեց Մուշեղ Մամիկոնյանը: Նա ամրացավ Արտագերս ամրոցում եւ լուրջ հարվածներ հասցրեց արաբներին: Նրան միացավ նաեւ սպարապետ Սմբատ Բագրատունին, իսկ հայկական զորքի թիվը հասավ 5.000-ի: Հայկական բանակը 774-775թթ. ձմռանը պաշարեց Կարինը, սակայն գրավել չկարողացավ: 
775թ. խալիֆը 30.000-ոց բանակ ուղարկեց հայերի դեմ: 775թ. ապրիլի 12-ին հայկական 5.000-ոց բանակը հարձակվեց Արճեշ քաղաքի վրա, սակայն թիկունքից նրան հարվածեց դարանակալած արաբական մեծաքանակ բանակը: Հայերը ծանր պարտություն կրեցին: Դրանից հետո արաբները շարժվեցին Կարինը պաշարած հայկական ուժերի դեմ: Լսելով Արճեշի աղետի մասին, հայ նախարարները կանգնեցին երկընտրանքի առաջ. կամ պետք է հեռանային Բյուզանդիա, կամ ընդառաջ գնային մոտ 6 անգամ մեծաքանակ հակառակորդին` հաղթանակի հույս գրեթե չունենալով: Հայ նախարարները խորհրդակցելով որոշեցին, որ ավելի լավ է զոհվել հայրենիքի համար կռվելով, քան ապրել օտարության մեջ: Ճակատամարտը տեղի ունեցավ ապրիլի 25-ին, Արածանիի հովտում` Բագրեւանդի Արձնի գյուղի մոտ: Չնայած հայերի խիզախությանն ու տոկունությանը, անհամեմատ մեծաքանակ թշնամին հաղթեց: 5.000 հայ մարտիկներից 3000-ը զոհվեց մարտադաշտում: Զոհվեցին Մուշեղ եւ Սամվել Մամիկոնյանները, Սմբատ Բագրատունին եւ բազմաթիվ այլ նախարարներ: Այս ապստամբությունից հետո Մամիկոնյանները դուրս եկան Հայաստանի քաղաքական թատերաբեմից: 
9-րդ դարի սկզբներին հայ նախարարական տները կրկին հզորացան, իրենց դիրքերն ամրապնդեցին եւ լուրջ դերակատարություն ստանձնեցին երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ արաբ ոստիկանի ազդեցությունը թուլացավ: 
849թ. խալիֆը Հայաստան ուղարկեց Աբուսեթ ոստիկանին` հարկերը հավաքելու եւ հայ իշխանների իրավունքները սահմանափակելու համար: Հայոց իշխան Բագարատ Բագրատունու եւ Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու պատվիրակները Աբուսեթին դիմավորեցին սահմանի մոտ եւ առաջարկեցին վերցնել հարկերն ու հեռանալ: Աբուսեթը խոհեմաբար վերադարձավ Բաղդադ, բայց միաժամանակ իր զորքը բաժանեց երկու մասի եւ հանձնարարեց ասպատակել Տարոնն ու Վասպուրականը: Սակայն հայկական ուժերը ջախջախեցին արաբներին: 
Խալիֆը ապստամբությունը ճնշելու համար մեծ բանակ տրամադրեց Աբուսեթին, բայց նա ճանապարհին մահացավ եւ նրան փոխարինեց որդին` Յուսուֆը: Նա խաբեությամբ գերեց Բագարատին, ասպատակեց Տարոնն ու Վասպուրականը: Այս ամենը բերեց համաժողովրդական ընդվզումների: Սասունցիներն ու խութեցիները Հովնան իշխանի, Բագարատ Բագրատունու որդիներ Աշոտի ու Դավիթի գլխավորությամբ հարձակվեցին Մուշում ձմեռող Յուսուֆի վրա, կոտորեցին արաբական զորքը, սպանեցին եկեղեցում թաքնված Յուսուֆին: 
Հայերին պատժելու համար խալիֆը 851թ. հսկայական բանակ ուղարկեց թուրք զորավար Բուղայի գլխավորությամբ, որը սկսեց դաժանորեն ավերել երկիրը: Խալիֆը խոստացել էր արաբ զորավարներին հանձնել սպանված կամ ձերբակալված հայ իշխանների տիրույթները: Դրանից ոգեւորված արաբները ձերբակալում էին նաեւ ապստամբությանը չմիացած հայ իշխաններին: 
Հայերը համառ դիմադրություն ցույց տվեցին հատկապես Վասպուրականում: 852թ. Գուրգեն Արծրունին Արյան լճի ճակատամարտում 900 ռազմիկներով հաղթեց 10.000-ոց արաբական բանակին: Բուղան ասպատակեց գրեթե ողջ Հայաստանն ու Վրաստանը: Արցախում Բուղան 28 անգամ գրոհեց Քթիշ ամրոցը, բայց Եսայի իշխանը հաջողությամբ ետ մղեց թշնամուն: Համառ պայքարով Արծրունիները իրենց ազդեցությունը վերականգնեցին Վասպուրականի զգալի մասում: Համոզվելով, որ հայերին զենքի ուժով անհնար է ծնկի բերել, խալիֆը 855թ. Բուղային ետ կանչեց: 
Այսպիսով, 850-855թթ. ապստամբությունը զգալի հարված հասցրեց խալիֆայությանը եւ Հայոց պետականությունը վերականգնելու նախադրյալներ ստեղծեց: 

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets