ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԻԹ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԼԵՎՈՆ II: ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ 

Ռուբենին հաջորդեց եղբայրը` Լեւոն II-ը (1187-1219թթ.), որը տաղանդավոր զորավար, դիվանագետ եւ պետական գործիչ էր: Նրա գործունեության շնորհիվ հայկական իշխանությունը բռնեց վերելքի ուղին եւ հռչակվեց թագավորություն:
XIIդ. վերջին քառորդին էական փոփոխություններ էին կատարվել Մերձավոր Արեւելքի քաղաքական կյանքում: Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը Սալահեդդինի օրոք հասավ մեծ հզորության: Վերջինս 1187թ. գրավեց Երուսաղեմը, Ասորիքի ու Միջագետքի մեծ մասը: Խաչակրաց իշխանությունները կորցրել էին նախկին հզորությունը եւ մեծ դժվարությամբ էին դիմակայում Եգիպտոսի ու սելջուկների հարվածներին: Խոշոր ուժ էր Իկոնիայի սուլթանությունը, որն ընդարձակվել էր Բյուզանդիայի եւ հարեւան էմիրությունների հաշվին: Բյուզանդիան ամփոփվել էր Մարմարա ու Սեւ ծովերի միջեւ եւ այլեւս վտանգավոր չէր հայերի համար: Լեւոնը կարողացավ ճիշտ օգտագործել ստեղծված միջազգային պայմանները: 
1187թ. Կիլիկիա արշավեց Իկոնիայի բանակը, սակայն Ռավինի ճակատամարտում Լեւոնը ջախջախեց թշնամուն: 1188թ. հայկական բանակը պատասխան արշավանք ձեռնարկեց դեպի Իկոնիա եւ գրավեց սահմանային մի շարք ամրոցներ: Հայկական իշխանության ընդարձակմանը օգնեց խաչակրաց երրորդ արշավանքը (1189-1192թթ.): Այն գլխավորում էին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը, Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը եւ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը: 
1190թ. գերմանական ասպետները հյուծված վիճակում հասան Կիլիկիա: Ֆրիդրիխը օգնություն խնդրեց Լեւոնից, որի դիմաց խոստացավ թագ տալ նրան եւ ճանաչել Կիլիկիայի թագավոր: Սակայն Ֆրիդրիխը խեղդվեց Սելեւկիա գետում, եւ Լեւոնի թագադրության հարցը հետաձգվեց: Խաչակիրները մի քանի տարի անհաջող մարտեր մղեցին Երուսաղեմը հետ նվաճելու համար: Դրանք որոշ ժամանակով կասեցրին Սալահեդդինի արշավանքը Կիլիկիա: 1191թ. Լեւոն II-ը եւ Ռիչարդ Առյուծասիրտը գրավեցին Կիպրոսը, որի թագը տրվեց Երուսաղեմի գահազուրկ թագավոր Գվիդոն Լուսինյանին: Լեւոնը երկրի սահմաններում տիրույթներ տվեց հյուրընկալների եւ տաճարականների խաչակիր օրդեններին, որպեսզի նրանց օգտագործի օտար ներխուժումների դեմ: Խաչակրաց երրորդ արշավանքի ձախողումից հետո Սալահեդդինի դիրքերը տարածաշրջանում ավելի ամրապնդվեցին: 1193թ. նա արշավեց Կիլիկիա, բայց ճանապարհին մահացավ եւ հայկական իշխանությունն ազատվեց ավերածություններից: 
Լեւոնը մեծ կարեւորություն էր տալիս Անտիոքի դքսությունը հայկական իշխանությանը ենթարկելու հարցին: 1193թ. Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ը Լեւոնին հրավիրեց հանդիպել սահմանագլխին` իբր վեճերը լուծելու համար: Նա մտադիր էր խաբեությամբ ձերբակալել հայ իշխանին: Լեւոնը, տեղեկանալով այդ մասին, հանդիպումը նշանակեց Կաստիմ բերդում եւ ինքը ձերբակալեց դքսին: 1194թ. Երուսաղեմի թագավորի միջնորդությամբ Լեւոնի ու Բոհեմունդի միջեւ կնքվեց հաշտություն. 1. Անտիոքի դքսությունը ճանաչեց Կիլիկիայի հայկական իշխանության ավագությունը, 2. Կիլիկիային վերադարձվեցին նրանից խլված տարածքներն ու բերդերը, 3. Բոհեմունդի որդին` Ռայմոնդը ամուսնացավ Ռուբեն II-ի դուստր Ալիծի հետ, եւ նրանց որդուն էր անցնելու Անտիոքի գահը: 
Այսպիսով, Լեւոն II-ի կառավարման առաջին տասնամյակում Կիլիկիան դարձավ բավական հզոր պետություն, որի հետ ստիպված էին հաշվի նստել հարեւանները: Ռուբինյան իշխանության տարածքը հարավ-արեւելքում հասել էր Ալեքսանդրետի շրջանին, հյուսիս-արեւելքում` Մարաշին ու Եփրատին, հյուսիսում` Հերակլիա քաղաքին, արեւմուտքում` Ադալիա նավահանգստին: Այսպիսով, Լեւոնի իշխանության սահմանները դուրս եկան Կիլիկիայի աշխարհագրական սահմաններից: Ռուբինյան իշխանությունը հասել էր հզորության գագաթնակետին եւ ժամանակն էր պետական ավելի բարձր կարգավիճակ ապահովել նրա համար: 
Լեւոնին թագ ուղարկելու նպատակով բանակցություններ սկսվեցին Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիայի) կայսր Հենրիխ VI-ի հետ: Հռոմի պապի միջնորդությամբ 1197թ. Հենրիխը թագ ուղարկեց: Լեւոնին թագ ուղարկեց նաեւ Բյուզանդիայի Ալեքսեյ III կայսրը: 1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքում Լեւոն II-ը թագադրվեց Կիլիկիայի հայոց թագավոր: Այդ քայլը ժամանակակիցների կողմից ընկալվեց որպես հայոց կորսված պետականության վերականգնում: Թագադրման արարողությանը տրվեց հանդիսավոր բնույթ, եւ տոնախմբությունները շարունակվեցին մի քանի օր: 
Լեւոն II-ը որոշեց հնազանդեցնել դեռեւս անկախ մնացած Լամբրոնի Հեթումյան իշխաններին: 1202թ. Լեւոնը Լամբրոնի տեր Հեթումին հրավիրեց Տարսոն, բանտարկեց եւ գրավեց Լամբրոնը, որը դարձրեց արքունի կալվածք: 
Լեւոնը համառ պայքար մղեց Անտիոքի դքսությունը Կիլիկիային միացնելու համար: Հայկական զորքը մի քանի անգամ գահը հանձնեց Ռուբեն-Ռայմոնդին` Ռայմոնդի եւ Ալիծի որդուն, որին Լեւոնը 1209թ. հայտարարեց նաեւ Կիլիկիայի գահաժառանգ: Դրանով նա նպատակ ուներ միավորել երկու քրիստոնյա պետությունները: Սակայն Ռուբեն-Ռայմոնդը ապիկար գործիչ դուրս եկավ եւ չկարողացավ պահել գահը: Հուսախաբված Լեւոնը նրան զրկեց նաեւ Կիլիկիայի գահից եւ իր ժառանգ հայտարարեց դստերը` Զաբելին: 
Լեւոնը սահմանների պաշտպանության համար կարեւոր լեռնանցքերում կառուցեց ամրություններ եւ տեղակայեց սահմանապահ զորքեր: Նա ստեղծեց մշտական բանակ եւ հաստատեց ռազմական ուսուցման որոշակի համակարգ: Լեւոնի օրոք կազմակերպվեց ու օրինական տեսք ստացավ արքունիքը: Նա մեծ ուշադրություն էր դարձնում տնտեսական կյանքի զարգացմանը: Կարգի բերեց նավահանգիստները եւ ապահովեց ծովահենների հարձակումներից, ստեղծեց առեւտրական նավատորմ, կանոնավորեց ցամաքային ճանապարհները, հատեց ոսկյա եւ արծաթյա դրամներ: Արհեստագործության ու առեւտրի զարգացմանը նպաստելու համար առեւտրական պայմանագրեր ստորագրեց Վենետիկի, Ջենովայի եւ այլ պետությունների հետ: 
Լեւոնը ուշադրություն էր դարձնում մշակութային կյանքի զարգացմանը: Բոլոր վանքերին կից բացեց դպրոցներ, գիտության եւ արվեստի մարդկանց հրավիրում էր արքունիք, պայմաններ ստեղծում նրանց ազատ գործունեության համար: Այս շրջանում ծաղկում ապրեցին մատենագրությունն ու մանրանկարչությունը: 
Ժամանակակիցները բարձր են գնահատել Լեւոն II-ի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ընդգծել նրա անձնական քաջությունն ու պետական գործչի հեռատեսությունը: Լեւոն II Մեծագործը մահացավ 1219թ. մայիսի 2-ին, հետնորդներին թողնելով բարգավաճ ու վերելք ապրող հզոր պետություն: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets