ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.06.2013

ՎԻԼ-ԺՈՒԻՖ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ.Կոմիտաս

Ֆրանիսայում գործում է օրենք առ այն, որ հոգեկան հիվանդի ծնունդից 150 տարի պետք է անցնի, որպեսզի նրա հիվանդություն թղթածրարը հնարավոր լինի օգտագործել: Սակայն շնորհիվ Վազգեն Ա. կաթողիկոսի միջամտության, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի Կոմիտասի արխիվները:

Ստորև ներկայացնում ենք ուսումնասիրության արդյունքները
1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց` ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել եւ չի տառապել մտագարությամբ:
Երբ գիտության եւ մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից` աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում: Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաեւ նրա հետ աքսորում եղած, «Բյուզանդ» թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը: Նրա հավաստմամբ, նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի եւ փրկության «աղբյուր»` զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ եւ ուժեղ կամքով:
Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում: 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը` ստեղծելով դաշնամուրային մի քանի պար: Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, եւ նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այնուհետեւ, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը` քիչ: Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն:
Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ… Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպե՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետ… Երբ, այսպես կոչված, Օգնության կոմիտեն խաբեց կոմպոզիտորին` ասելով, թե Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ` կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղեւորվեց Ֆրանսիա: Նույն շոգենավով ճամփորդող Կոմիտասին անծանոթ մի ուսանող կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ խաբեությամբ ուղեկցեց նրան հոգեբուժարան…
Փարիզյան հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության աստիճանը: Ականատեսների վկայությամբ, Կոմիտասն ամենեւին էլ անմեղսագիտակ վիճակում չէր. նա ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում:
Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում եւ Ռուսաստանում եւ առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռեւս 1898 թվականին: Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում:
Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում: Ըստ երեւույթին, թյուր ախտորոշումն հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը…
Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս: Բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր: Նա ոչ թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել: Կոմիտասն ինքն էր որոշում` խոսե՞լ այցելուի հետ, թե՞ ոչ:
Բացի դրանից, կոմպոզիտորը դժվարությամբ էր արտահայտվում ֆրանսերեն, իսկ հոգեբուժությունում հիվանդի եւ բժշկի միջեւ լիակատար հաղորդակցությունը պարտադիր էր: Ահա թե ինչով էր արդարացվում բժշկական անձնակազմի եւ հիվանդների հետ նրա շփման բացակայությունը:
Հայտնի է նաեւ, որ Օգնության կոմիտեի պահանջով առանց իրենց թույլտվության ոչ ոք չպետք է այցելեր Կոմիտասին:
Այս փաստը Լուիզ Ֆով-Հովհաննիսյանին դրդեց մտորելու. ի՞նչ իրավունքով եւ ինչի՞ց էին խուսափում կոմիտեի ներկայացուցիչները, եթե համոզված էին, որ կոմպոզիտորն հոգեկան հիվանդ էր:
Մինչեւ կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց հոգեւորականի իր փարաջայից:
Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից եւ օրացույցից` նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը եւ հետեւողականորեն պահում այն:

Ելնելով այս փաստարկներից` Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որն հնարավոր է բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական աշխատանքը, շփումը հասարակության հետ:

Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը: Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին: Ուրեմն Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն…
ԱՂԲՅՈՒՐ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets