ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վահրամ Փափազյան

Վահրամ Փափազյան (Հունվարի 6, 1888 - Հունիսի 5, 1968), նշանավոր դերասան, գրող։ Փափազյանը համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր Օթելլոյի դերակատարությունը։ 

Վահրամ Փափազյանը ծնվել է Կ.Պոլսում 1888 թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Քամերը, որ այդ ժամանակ եղել է հեռագրատան պաշտոնյա, ունեցել է որդու անկարիք մանկությունը և ուսումն ապահովելու հնարավորություն: Սովորել է Գատը գյուղի քոլեջում, Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, և ապա Միլանի գեղարվեստի ակադեմիայում։
Վահրամ Փափազյանը ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ: Եվ 1908թ.-ին, երբ Շիշլիի գերեզմանատանը բազմություն է հավաքվում 1896թ.-ի զոհերի հիշատակին՝ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Զարդը»:
Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի (1905-1907) և այնուհետև հայտնվում է Միլանի Գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ (1908-1911), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի, Նովելի, հանդես է գալիս նրանց խմբերում:
Վերադառնալով Իտալիա՝ Փափազյանը կես տարի շրջագայում է իտալական մի թատերախմբի հետ: Այդ ժամանակից սկսվում է նրա դերասանական կյանքը: Երիտասարդ դերասանը հայտնվում է ծննդավայր Պոլսում այն ժամանակ, երբ երկրում սահմանադրություն էր հռչակվել։ Ուրիշ արգելքների հետ վերացել էր նաև ներկայացումներ տալու արգելքը: Եվ Փափազյանը հանդես է գալիս Օթելլոյի դերով: Օթելլոյին հաջորդում են «Սանդուխտ կույսը» (Փափազյան-Սանատրուկ), ապա և հատվածներ «Սիդ», «Արծվիկ» պիեսներից: Ելույթներ է ունենում հայրենի քաղաքում, հետո ներկայացումներ Ռոդոստոյում, հետո ելույթներ Աթենքում՝ Օրեսթեսի և Օթելլոյի դերով, ապա՝ Ջենովա՝ իտալական թատերախմբերի հետ, խաղացանկը՝ Ռոստան, Բատայլ, Ուայլդ, հետո կրկին Կ. Պոլիս, ապա՝ Սոֆիա, բուլղարական ուրիշ քաղաքներ, այնուհետև Զմյուռնիա, ուր անառողջ Սիրանույշին փոխարինել է Համլետի դերում, ապա նորից Կ. Պոլիս: Այստեղ «Հայ դրամատիկ»ի թատերախմբով շրջում է Թրակիա, Մակեդոնիա, Ալբանիա և այլուր:Մինչ այդ Փափազյանը թեթևակի շփվել էր կովկասահայ թատրոնի հետ: 1907թ.-ին նա հայտնվում է Փարիզում և, Շիրվանզադեի ու Աբելյանի խորհրդով, մեկնում Բաքու:
1913թ.-ին Փափազյանը հրավեր ստացավ Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերությունից: «Հայ դրամատիկի» գործունեությունը Կ.Պոլսում շատ էր անհեռանկար և նա լքեց հայրենի քաղաքը՝ համոզված, որ փրկում է իր դերասանական ապագան:
Այսպես բոլորեց Փափազյանի դերասանական կյանքի առաջին շրջանը: 1913-1922 թվականները կարելի է համարել Փափազյանի դերասանական կյանքի երկրորդ շրջանը:
Փափազյանը խաղացել է Ռոմեոյի դերը: Ինչպես հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերում, շեքսպիրյան սիրահարի դերում ևս Փափազյանը չի ապավինել իր շնորհներին, այլ արտահայտել է կերպարների դրամատիկական բովանդակությունը:
1920թ.-ին Փափազյանը մի վերջին անգամ հայտնվում է իր ծննդավայրում և այնուհետև նա մեկնում է Խորհրդային Հայաստան:
1922թ.-ին Երևանի նորաստեղծ պետական թատրոնում Փափազյանը խաղում է Կառլոսի («Ավազակներ»), Պրինչիվալեի («Մոննա Վաննա») և Հայնրիխի («Ջրասույզ զանգ») դերերը, բեմադրում մի քանի պիես («Դոն Ժուան», «Քին», «Սատանայի աշակերտը» և այլն): Բայց հաջորդ տարվանից հանդես է գալիս Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում: Արվեստագետի գործունեությունն ավելի արդյունավետ է լինում Թիֆլիսի Հայ դրամայում, ուր նա գլխավորում է թատրոնը (1926-1927թթ): Այս թատերաշրջանում նա խաղում է ոչ միայն իր ավանդական դերերը, այլև, իբրև մի «սովորական» դերասան, հանդես գալիս «հերթական» ներկայացումներում. Ղարա («Կապկազ թամաշա»), Վլադիմիր («Բուքը»), Ժորժ («Մորգանի խնամին»): Ոչ միայն խաղում է, այլև բեմադրում. «Մակբեթ», «Կապկազ-թամաշա», «Դիմակահանդես»:
1928թ.-ին Թաթազյանի Օթելլոյի հոյակապ կերպարը երևաց Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Փոքր թատրոնի դերասանների խաղընկերությամբ, ապա և 1932թ.-ին Փարիզի Օդեոն թատրոնում՝ Ատելիյե թատրոնի դերասանների խաղընկերությամբ: Այն սակավաթիվ իրողություններից են սրանք, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք: Սա Փափազյանի և նրա Օթելլոյի ամենալավ ժամանակն էր:
1932-1954թթ. բնակություն հաստատելով Սանկտ Պետերբուրգում, Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ՝ Օթելլոյով, շրջել է Սովետական Միությունում: Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազյանը տարավ պաշարված Սանկտ Պետերբուրգում՝ հանդես բերելով ոչ միայն արտիստական, այլև քաղաքացիական և հայրենասիրական բարձր նկարագիր:
Նրա ավանդական դերերից մեկն էլ Կորրադոն էր՝ Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» մելոդրամայի հերոսը: Իբրև դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազյանն իր նախորդների նման ունեցել է մելոդրամաներ խաղալու սովորություն:
Բազմաթիվ դերերով Փափազյանը էլի մի քանի տարի շրջագայեց Անդրկովկասում, ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես: Վերջապես, 1954թ.-ին արվեստագետը գտավ իր հանգրվանը Երևան քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում: Նա փոքրացրեց շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով: Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցեց հայկական արվեստի 1956 թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանացավ Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման: Հետագայում խաղաց նաև Ուրիել Ակոստա, Արբենին:
Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը։
Մահացել է Լենինգրադում, թաղված է Երևանում։ Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը։

Աղբյուր
Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967թ.

Գրականություն Վ. Փափազյանի մասին
Գևորգ Աբաջյան, Վահրամ Փափազյան, Երևան, 1988։

Արտաքին հղումներ
IMDb կայքում


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets