ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.06.2013

Ի՞ՆՉ Է ՏԱԼՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Հարցազրույց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

- Այն, որ աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին համախմբվում է ոչ միայն սգալու անմեղ զոհերի հիշատակը, այլեւ բարձրաձայնելու հայոց պահանջատիրության մասին, նշանակո՞ւմ է, որ հայությունն սկսել է գիտակցել՝ ճանաչումների շրջանն ավարտված է, եկել է խնդրի իրավական փուլը:

- Ցավոք, ոչ, մինչ օրս չկա այդ գիտակցումը, նկատելի են ընդամենը դրա սաղմերը: Մարդիկ սկսել են հարց տալ` ի՞նչ է տալու ցեղասպանության ճանաչումը, եւ արդյոք դրանից բխո՞ւմ է հատուցում: Արդյոք, եթե Օբաման արտասանեց genoside բառը, դրանից կփոխվի՞ ամերիկյան քաղաքականությունը: Ոչինչ չի փոխվելու, որովհետեւ ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. առաջին անգամ 1951-ին, իսկ 80-ականներին այն երկու անգամ վերահաստատել է Ռեյգանը: Կանադայի խորհրդարանի երկու պալատները եւս ճանաչել են, կառավարությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, բայց դրանից ոչինչ չի փոխվել: Մինչդեռ Սփյուռքի համայնքները ժամանակի եւ ֆինանսների մեծ մասը շարունակում են ծախսել միայն ճանաչման գործընթացի վրա: Փոխանակ վարձեն իրավաբանների, ֆինանսավորում են միայն քաղաքական գործիչների. Ջոն Քերին դրա վառ օրինակն է: Նա իր ողջ կյանքում հանդես է եկել հայամետ հայտարարություններով, բայց հենց դարձավ պետքարտուղար` 24 ժամում տեսակետը փոխեց: Այսինքն` ԱՄՆ-ում ոչ թե պաշտոնյան է որոշում քաղաքականությունը, այլ կա որոշված քաղաքականություն, որով պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել: 

- Ժամանակն է, որ հայությունն իր ջանքերն ուղղի գործընթացը իրավական հարթություն տեղափոխելուն: Եվ ուրեմն, ինչի՞ց պետք է սկսել, արեւմտահայությունը, որ ցեղասպանության հետեւանքով հայրենիք է կորցրել, կարո՞ղ է տարածքների հատուցման պահանջ բարձրացնել:

- Թյուր կարծիք կա, թե մեր հողերի տերը արեւմտահայերն են։ Այդպես չէ: Նրանք իրենց հողակտորների կամ համայնքային սեփականության տերերն են, բայց հայրենիքի տերը Հայաստանի Հանրապետությունն է: Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով այդ տարածքը տրվել է ոչ թե հայ ժողովրդին, այլ Հայաստանի Հանրապետությանը:

- Այսինքն՝ մեր հողերի պահանջատերը Հայաստանի Հանրապետությունն է, հետեւաբար որպես միջազգային իրավունքի սուբյեկտ մեր երկիրն ինչպե՞ս կարող է հանդես գալ:

- Հայաստանի Հանրապետությունը Միջազգային դատարան պետք է դիմի ոչ թե տարածքները մերը լինել-չլինելու, այլ կարծիք հայցելու նպատակով: Այսինքն՝ արդյոք, իրավարար վճիռն առ այսօր ուժի մե՞ջ է, թե՞ ոչ: Բնականաբար ուժի մեջ է, մեզ ընդամենը պետք է ստանալ այդ կարծիքը: Ապա դիմել ՄԱԿ-ի քաղաքական մարմին` Անվտանգության խորհրդին ու ասել, մեր ձեռքում է իրավական մարմնի եզրակացությունը, դե հիմա ինքներդ որոշեք` ի՞նչ միջոցներով պետք է հասնել իրավարար վճռի իրականացմանը:

- Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիների եւ համայնքային կազմակերպությունների իրավունքներն ամրագրված են եղել երկրի գործող օրենսդրությամբ: Այդ փաստաթղթերը պահպանվա՞ծ են, կարո՞ղ են օգտակար լինել հատուցման գործընթաց սկսելիս: 

- Այո, պահպանված են, իսկ հատուցման գործընթացը պետք է բաժանել երեք մակարդակի: Նախ՝ Օսմանյան կայսրության հայազգի անհատ քաղաքացիներն ունեցել են սեփական գույք, ինչը հաստատում են թաբուները` սեփականության վկայականները: Դրանց զգալի մասը պահպանված է թուրքական արխիվներում, մի մասն էլ մարդկանց մոտ է: Եթե աշխատենք այդ ուղղությամբ` արխիվներից վերցնենք ու պատճենահանենք այդ փաստաթղթերը, կկարողանանք հարյուր հազարավոր հայցերով մտնել դատարաններ, ինչպես արեցին հրեաները Լեհաստանում, Ռումինիայում: Այ, դա կլինի իրական գործ: Մյուսը համայնքային գույքն է: Հայերն ունեցել են եկեղեցիներ, դպրոցներ: Այն գումարները, որոնք այսօր ծախսվում են ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, եթե հատկացնենք ու 50 օսմանագետ պատրաստենք, նրանց գործուղենք Երուսաղեմ` սեփականության վկայականները օսմաներենից անգլերեն թարգմանելու համար, վարձենք իրավաբաններ, ապա կարող ենք սկսել մեր մյուս դատական գործընթացը: 
Ինչ վերաբերում է տարածքներին, կրկնում եմ, դրանց իրավատերը Հայաստանի Հանրապետությունն է, մեր հողերը կարող ենք հետ բերել թուրքական բռնազավթումից միայն իրավական ճանապարհով` Վիլսոնյան իրավարար վճռով: Ուշադրություն դարձրեք, ինչո՞ւ այլ պետությունների սահմանների հարցերը որոշվեցին խաղաղության պայմանագրերով, մինչդեռ հայ-թուրքական սահմանը որոշվեց իրավարար վճռով. մի փաստաթուղթ, որն անբեկանելի է ու ենթակա չէ վերաքննարկման: Դա պատահական չէր, Վուդրո Վիլսոնը լավ էր հասկանում, որ Հայաստանին կարող են ստիպել նոր պայմանագիր ստորագրել ու հրաժարվել սահմաններից, դրա համար սահմանների հարցը որոշեց դատական վճռով, որը տասնամյակներ հետո էլ կարող է իրավական հիմք ծառայել գործընթացների համար: Դա փայլուն գործիք է մեր ձեռքում, մնում է, որ հայերս կարողանանք օգտագործել:

- Տարիներ շարունակ խոսում եւ ներկայացնում եք այդ կարեւորագույն փաստաթուղթը, ինչպե՞ս կարող ենք այն օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: 

- 2015-ի նախաշեմին կարող էինք պահից օգտվել ու մեծ հնչեղություն տալ այս փաստաթղթին, ցավոք, այդ պահը ես արդեն համարում եմ անցած: Մենք չենք կարող այլեւս որեւէ լուրջ բան անել, ժամանակ չկա, եւ 15-ը կլինի ընդամենը սիմվոլիկ, ձեւական միջոցառումների թվական: 2011-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի առաջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ի պատիվ իրեն, ուշադրություն հրավիրելով Վիլսոնի իրավարար վճռի վրա, ասաց, որ այն մեզ համար շատ կարեւոր փաստաթուղթ է: Բայց այն մարդիկ, ովքեր պետք է նախագահի դիրքորոշումը կենսագործեին, միս ու արյուն տային, ոչինչ չեն արել: Վերջերս դարձյալ նախագահը հետաքրքիր մտքեր ասաց իր ուղերձում, այն շատ ավելի պահանջատիրական էր, քան պետական հանձնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը, չնայած պետք է որ հակառակը լիներ: 

- Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ հեռացան եւ Հայաստան ժամանած սփյուռքահայերը: 

-Որովհետեւ գործ չեն տեսնում: Հանձնաժողովի նպատակն է գիտական կոնֆերանսներ հրավիրելը, ցուցահանդեսներ կազմակերպելը: Այսինքն՝ հավաքվելու են, խոսեն ու գնան: Մյուս կետով ասվում է` պայքարել ժխտողականության դեմ: Սա խիստ վտանգավոր եմ համարում: Թուրքիան մեզ թելադրում է իր օրակարգը, այսինքն՝ ինքը ժխտում է ու մեզ ստիպում, որ մենք շեղվենք մեր բուն նպատակից ու կենտրոնանանք ժխտումը ժխտելու վրա: Թուրքերը սարսռացին՝ լսելով պետական մակարդակով ստեղծված հանձնաժողովի մասին, ու սկսել են պայքարել։ Վստահ եմ, որ իրենց պայքարը կլինի ավելի արդյունավետ, քանի որ ե՛ւ լուրջ մասնագետներ, ե՛ւ ֆինանսներ են հատկացրել: Ստացվում է, որ մեր աշխատանքը արդյունք չի տալիս, բայց թուրքերին դրդում է ավելի արդյունավետ աշխատելու:

Հարցազրույցը` Արմինե Սիմոնյանի
Աղբյուր` armworld.am

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets