ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս Ժ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն


ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ

Համաշխարհային քաղաքակրթության մեջ նոր ժամանակաշրջան սկսվեց, երբ ճգնաժամ ապրող հեթանոսական կրոնին ու բազմաթիվ կուռքերի պաշտամունքին փոխարինելու եկավ նոր, միաստվածային կրոնը` քրիստոնեությունը: Նոր կրոնի հիմնադիրը Հիսուս Քրիստոսն էր, որը գործել է Հրեաստանում: Նա քարոզում էր սեր մարդկանց, բնության եւ ամբողջ աշխարհի նկատմամբ: Քրիստոսի ծնունդով հիմք դրվեց նոր թվականությանը եւ քաղաքակրթության նոր փուլին: Հիսուս Քրիստոսին հրեա կրոնավորների պահանջով հռոմեացիները 33թ. Երուսաղեմում խաչեցին: Սակայն դա չկասեցրեց նոր ուսմունքի ու մարդկային բարոյականության նոր գաղափարների տարածմանը ամբողջ աշխարհում:
Քրիստոսի 12 աշակերտները` առաքյալները եւ բազմաթիվ հետեւորդները սկսեցին քրիստոնեական վարդապետությունը քարոզել բոլոր երկրներում: Սկզբում ամենուրեք թշնամաբար էին ընդունում նոր ուսմունքը, հալածում էին քրիստոնյաներին, որոնք ստիպված էին գործել խիստ գաղտնիության պայմաններում: Չնայած հարուցված դժվարություններին, քրիստոնյաների թիվն աշխարհի բազմաթիվ երկրներում օրեցօր աճում էր` ընդգրկելով ոչ միայն ստորին խավերին, այլեւ ազնվականության լայն շերտերին: Բազմաթիվ երկրներում հետզհետե նախադրյալներ էին ստեղծվում` ժողովրդական լայն զանգվածների հոգեւոր կարիքները այլեւս չբավարարող հեթանոսական հավատալիքների փոխարեն քրիստոնեությունը պետական կրոն դարձնելու համար: 
Նոր կրոնը, նրա քարոզած բարոյականության եւ մարդկային ապրելակերպի նոր գաղափարները տարածում էին ստացել նաեւ Հայաստանում: Մեր երկիրը հանդիսացավ աշխարհում առաջինը, որը 301թ. քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: 
Հայ ժողովուրդը առաջինն ընկալեց եւ ընդունեց նոր վարդապետության առաջադիմական գաղափարները, հրաժարվեց հեթանոսական հնացած հավատալիքներից եւ քրիստոնեական հավատքի հիմքերի վրա ստեղծեց նոր եւ առաջադեմ մշակույթ, փորձեց հենվել բարոյականության նոր` հումանիստական սկզբունքների վրա: 
Հայաստանում, ըստ ավանդության, քրիստոնեություն են քարոզել եւ քրիստոնեական համայնքներ ու կազմակերպություն` եկեղեցի են ստեղծել Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից երկուսը Թադեոսը եւ Բարդուղիմեոսը, որոնք դարձել են Սանատրուկ թագավորի թագավորի հալածանքների զոհերը: Մեր եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ նրա կազմակերպական հիմքը դրել են այդ առաքյալները: II-IIIդդ. գաղտնի գործող քրիստոնեական համայնքների թիվը Հայաստանում աճել է: 
Հայոց Տրդատ III Մեծ թագավորը (287-330թթ.) եւս սկզբնական շրջանում հալածում էր քրիստոնյաներին: Նա տանջանքների ենթարկեց ու Արտաշատի արքունի բանտում` Խոր Վիրապում բանտարկեց քրիստոնեության ակտիվ քարոզիչ Գրիգոր Լուսավորչին: Արքային հայտնի էր դարձել, որ Գրիգորը ոչ միայն քրիստոնյա է, այլեւ իր հորը` Խոսրով II-ին սպանող Անակ Պարթեւի որդին է: 
Հավանաբար Գրիգորը կմնար բանտում, իսկ Տրդատը դարձի չէր գա, եթե տեղի չունենար մի հետաքրքիր, սակայն ցավալի վախճանով իրադարձություն: Հռոմեական կայսրության մեջ խիստ հալածանքներ էին սկսվել քրիստոնյաների նկատմամբ, որոնցից շատերը ստիպված ապաստանում էին Հայաստանում, ուր զանգվածային հալածանքներ չկային: Այդ փախստականներից էին նաեւ մի խումբ քրիստոնյա կույսեր, որոնց առաջնորդում էր Գայանեն: Այդ խմբում էր գեղեցկուհի Հռիփսիմեն: Տրդատ Մեծը սիրահարվեց Հռիփսիմեին եւ փորձեց կնության վերցնել նրան: Սակայն իրենց Քրիստոսի ծառայությանը նվիրած կույսը չէր ցանկանում ամուսնանալ, առավել եւս հեթանոսի հետ: Բարկացած Տրդատը հրամայեց տանջամահ անել Հռիփսիմեին, Գայանեին եւ մյուս կույսերին: 
Շուտով Տրդատը խիստ զղջաց իր դաժանության համար եւ հոգեկան ծանր ապրումների մեջ ընկնելով հիվանդացավ: Ըստ ավանդության, արքայի քույր Խոսրովիդուխտի երազի շնորհիվ Գրիգոր Լուսավորչին դուրս բերեցին բանտից, եւ նա բժշկեց ու դարձի բերեց Տրդատին: Հայոց արքան, նրա ընտանիքը, նախարարները եւ զորքը 301թ. Տարոնի Աշտիշատ ավանի մոտ, Արածանի գետում մկրտվեցին Գրիգոր Լուսավորչի կողմից, որն էլ դարձավ Հայոց առաջին կաթողիկոսը: Հայաստանում հեթանոսական հավատալիքները արգելվեցին եւ պետական կրոն հռչակվեց քրիստոնեությունը: 
Երկրի կարեւոր հոգեւոր կենտրոն Աշտիշատում Արամազդի, Վահագնի, Անահիտի տաճարները կործանվեցին եւ կառուցվեց առաջին քրիստոնեական եկեղեցին: Վաղարշապատում կույսերի նահատակման վայրերում նրանց անուններով կառուցվեցին եկեղեցիներ, ինչպես նաեւ Մայր տաճարը: Բոլոր հեթանոսական տաճարները վերածվեցին եկեղեցիների: Քրմերը փորձեցին դիմադրել նոր կրոնի տարածմանը, սակայն արքունի զորքերը Տարոնում պարտության մատնեցին նրանց, իսկ քրմապետ Արձանը զոհվեց: 
Հեթանոսական ամբողջ հոգեւոր ու նյութական մշակույթը ոչնչացվեց, որպեսզի ոչինչ չհիշեցներ հին աստվածներին: Դա բավական ծանր հարված էր հայկական հազարամյակների մշակույթին: Սակայն դեռեւս երկար ժամանակ էր պետք, մինչեւ քրիստոնեությունը թափանցեր ժողովրդի բոլոր խավերի մեջ եւ վերջնականապես դուրս մղեր հեթանոսության մնացորդները: 
Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ, մյուս բոլոր երկրներում դաժան հալածանքների ենթարկվող քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Դա կատարվեց մի շրջանում, երբ մեր երկու հարեւան գերտերությունները` Պարսկաստանը եւ Հռոմը թշնամաբար էին տրամադրված նոր կրոնի նկատմամբ: Հայաստանը պետք է բավական հզոր եւ ինքնուրույն լիներ, որպեսզի կարողանար դեմ գնար նրանց եւ կատարեր հոգեւոր-մշակութային հեղափոխություն: 311թ. Հռոմի կայսր Մաքսիմիանոս Դայան արշավեց Հայաստան, սակայն Տրդատը պարտության մատնեց կայսերական բանակին եւ Մեծ Հայքին վերամիավորեց Մծբինի պայմանագրով Հռոմին միացված Ծոփքը, Աղձնիքը, Կորդուքը, Ծավդեքը: 
Հայաստանը ստիպված չեղավ երկար պայքարել նախկին դաշնակից Հռոմի դեմ: 313թ. Հռոմեական կայսրության մեջ թույլատրվեց ազատորեն դավանել քրիստոնեությունը` մյուս կրոնների շարքում, իսկ 324թ. դարձավ պետական կրոն, սակայն հեթանոսական կրոնները չարգելվեցին: Միայն 381թ. քրիստոնեությունը հռչակվեց Հռոմի պաշտոնական ու միակ կրոնը: 
Տրդատ Մեծը եկեղեցուն նվիրեց հեթանոսական տաճարների ու քրմերի ամբողջ ունեցվածքը եւ այլ կալվածքներ: Եկեղեցուն էր տրվում տասանորդ տուրքը` երկրի ամբողջ բերքի մեկ տասներորդ մասը: Հաջորդ թագավորները եւ խոշոր նախարարները եկեղեցուն էին նվիրում նորանոր հարստություններ: Եկեղեցին, այսպիսով, ժամանակի ընթացքում դառնում է երկրի խոշորագույն հողատերերից մեկը եւ զիջում էր միայն արքունիքին: Հայոց եկեղեցին իր տնտեսական հզորության ու հարստության շնորհիվ ձեռք բերեց խոշոր քաղաքական ազդեցություն եւ հետզհետե դարձավ երկրի իշխող ուժերից մեկը: 
Հայ առաքելական եկեղեցին սկզբում մաս էր կազմում քրիստոնեական համաշխարհային եկեղեցուն: Հայոց եկեղեցու դավանաբանության հիմքում դրված են քրիստոնեական եկեղեցու առաջին երեք տիեզերական ժողովների (Նիկիայի` 325թ., Կոստանդնոպոլսի` 380թ., Եփեսոսի` 431թ.) որոշումները: Քաղկեդոնի 451թ. ժողովում ընդունված որոշումների արդյունքում տիեզերական քրիստոնեական եկեղեցին պառակտվեց, եւ Հայոց եկեղեցին դարձավ ինքնուրույն: 
Հայոց եկեղեցին կարեւոր դեր է կատարել միասնական պետականության պահպանման համար, իսկ այդ կարեւոր ազգային արժեքի կորստից հետո եկեղեցին իր վրա է վերցրել հայ ժողովրդի ղեկավարությունը, մեր մշակույթի պահպանման ու զարգացման ողջ ծանրությունը, գլխավորել է ազատագրական շարժումները, հայ երիտասարդության մեջ սերմանել ու վառ է պահել ազգային գիտակցությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets