ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԻԵ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 

XIIդ. Վրաց թագավորությունը սկսեց հզորանալ: Դա մահմեդական էմիրությունների լծից ազատվելու հույսեր առաջացրեց հայ ժողովրդի մոտ: Հայերը մեծ աջակցություն էին ցույց տալիս վրացական բանակին` էմիրությունների դեմ մղվող պայքարում: 1110-1123թթ. Վրաստանին միացվեցին Լոռու թագավորության տարածքները: Վրացական բանակը մի քանի անգամ գրավեց Անին, սակայն երկար պահել չկարողացավ:
XIIդ. անձնական խիզախության ու քաջության շնորհիվ Գուգարքում ու Վրաստանում բարձր դիրք եւ հեղինակություն ձեռք բերեցին Զաքարյանները: Թամար թագուհու օրոք Սարգիս Զաքարյանը նշանակվեց հայ-վրացական միացյալ բանակի ամիրսպասալար (1185-1187թթ.): Վրաց արքունիքում բարձր դիրք ունեին նաեւ այլ հայ իշխաններ: Նրանք իրենց ներդրումը կատարեցին Վրաստանի հզորացման գործում, միաժամանակ նպաստեցին հայկական շրջանների ազատագրմանը: Հայ-վրացական զինակցությունը ձեռնտու էր տարածաշրջանի երկու քրիստոնյա ժողովուրդներին, որոնք միացյալ ուժերով կարողացան դիմակայել մահմեդական էմիրությունների ճնշմանը եւ նրանց դուրս մղել Հայաստանի ու Վրաստանի տարածքի մի մասից: 
Հայաստանի ազատագրման գործը մեծ ծավալներ ընդունեց XIIդ. վերջից: Այդ պայքարը ղեկավարում էին Սարգիս Զաքարյանի որդիները: Նրանցից ավագը` Զաքարեն 1192թ. նշանակվեց հայ-վրացական բանակի ամիրսպասալար, իսկ կրտսերը` Իվանեն` արքունի վեզիր, ապա` վրաց թագավորության աթաբեկ: Սարգսի եղբայր Վահրամի հետնորդներին էր ժառանգաբար պատկանում իշխանաց իշխանի պաշտոնը: 
Այսպիսով, Զաքարյանները ակտիվ մասնակցություն ստանձնեցին վրաց պետության ներքին ու արտաքին կյանքում եւ ձեռնամուխ եղան հայրենիքի ազատագրմանը: Թամար թագուհին ազատագրված հայկական տարածքների կառավարումը հանձնեց Զաքարյաններին, իսկ նրանք էլ` աչքի ընկնող հայ զորավարներին: Դա ավելի ոգեւորեց հայ իշխաններին: 
1196թ. Զաքարյանները Գանձակի էմիրության տիրապետությունից ազատագրեցին Արցախը, Սեւանա լճի ավազանը, Սյունիքը, 1198-1204թթ. Շադադյաններից վերջնականապես ազատեցին Շիրակը, Արագածոտնը, Արարատյան դաշտը: 
Հայաստանի հարավային շրջանների ազատագրումը կապված էր ավելի մեծ դժվարությունների հետ: Շահարմենների, Դանիշմանների, Կարսի, Կարինի էմիրությունները հայտնվել էին Իկոնիայի սելջուկյան եւ Եգիպտոսի Այուբյան հզոր սուլթանությունների ազդեցության տակ: Հետեւաբար, հայ-վրացական զորքերի առաջխաղացումը դեպի հարավ հանդիպեց սուլթանությունների հակազդեցությանը: 
1205թ. Բասենի ճակատամարտում Զաքարյանները ջախջախեցին Իկոնիայի սուլթանին, որով բացվեց ճանապարհը դեպի Հայաստանի խորքերը: Կարինի եւ Երզնկայի էմիրները հպատակություն հայտնեցին եւ սկսեցին հարկ վճարել Վրաստանին: 1206-1209թթ.. Զաքարյանները ազատագրեցին Կարսը, Բագրեւանդը, Տուրուբերանի հյուսիսային շրջանները, Մանազկերտը, Արճեշը: 1210թ. նրանք պաշարեցին Խլաթը, բայց Իվանեն պատահականորեն գերի ընկավ: Եղբորն ազատելու համար Զաքարեն ստիպված էր Այուբյանների հետ 30 տարով հաշտություն կնքել: Դրանով դադարեցվեց հարավային Հայաստանի ազատագրման գործը: 
1211թ. Զաքարյանները գրավեցին ամբողջ Ատրպատականը եւ հարկատու դարձրին: 
Այսպիսով, Զաքարյանները կարողացան ազատագրել Հյուսիսային Հայաստանը` Անիի, Կարսի, Լոռու եւ Սյունիքի նախկին թագավորությունների տարածքը: Դրանով այդ շրջաններում վերականգնվեց հայկական իշխանությունը եւ հայ ժողովուրդը կարողացավ ազատորեն զարգացնել տնտեսությունն ու մշակույթը: 
Զաքարյանները վրաց Բագրատունիներից որպես ժառանգական սեփականություն ստացան ազատագրած հայկական տարածքները: Նրանք Հայաստանում լիակատար ինքնիշխան էին: Զաքարյանները վրաց արքունիքին հարկ չէին վճարում եւ միայն զորք տրամադրելու պարտականություն ունեին: 
Զաքարե ամիրսպասալարին անցան Լոռու մի մասը, Անիի նախկին թագավորության տարածքը եւ այլ գավառներ` մինչեւ Բասեն: Կենտրոնը Անին էր: Զաքարյանների այս ճյուղը կրում էր Բագրատունի թագավորների Հայոց շահնշահ տիտղոսը: Իվանեի տիրույթների մեջ էին Լոռու մի մասը, Այրարատի արեւելյան շրջանները, Սեւանի ավազանը, Վայոց ձորը, Սյունիքի եւ Արցախի մի մասը: Կենտրոնը Դվինն էր, ապա` Բջնին: Զաքարեի ու Իվանեի հորեղբոր` Վահրամի ժառանգներին անցան Տավուշը, Գարդմանը, Փառիսոսը, Շամխորը, Ջավախքը: Կենտրոնը Գագ ամրոցն էր: 
Զաքարյանների օրոք հայկական հին իշխանական տները վերականգնեցին սելջուկների օրոք կորցրած կալվածքներն ու իրավունքները, ստեղծվեցին նոր տոհմեր: Դրանք վասալական կախման մեջ էին Զաքարյանների այս կամ այն ճյուղից: Արագածոտնում իշխում էին Վաչուտյանները, Պահլավունիները տիրույթներ ունեին Շիրակում, Օրբելյանները կալվածքներ ստացան Սյունիքում, Վայոց ձորի արեւելքում, Կոտայքում, Խաղբակյանները` (Պռոշյանները) Վայոց ձորում, Վարաժնունիքում, Շահապունիքում, Կոտայքում, Այրարատում: Վեդի գետի ակունքներում եւ Դսեղում իշխում էին Մամիկոնյանները, Խաչենում` Հասան-Ջալալյանները, Դոփյաններին անցան Ծարը եւ Հաթերքը: 
Զաքարյանների օրոք Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքը խոշոր վերելք ապրեց, կատարվեցին մեծամասշտաբ շինարարական աշխատանքներ: Ազատության կարճատեւ ժամանակաշրջանը բավարար եղավ, որպեսզի բուժվեն օտար նվաճողների հասցրած ծանր վերքերը: Հայ ժողովուրդն իրեն հատուկ եռանդով ձեռնամուխ եղավ ստեղծագործական ու վերականգնողական աշխատանքներ իրականացնելուն: Սելջուկների օրոք ավերված քաղաքները սկսեցին բարգավաճել ու նոր վերելք ապրել: Սակայն այդ շրջանը երկարատեւ չեղավ, քանի որ շուտով արեւելքից նոր նվաճողներ հայտնվեցին: Զաքարյաններից հետո երկար դարեր բուն Հայաստանում վերացավ պետականությունն ու հայ իշխանական տների մեծ մասը, որը չափազանց ծանր հետեւանքներ ունեցավ մեր ժողովրդի ճակատագրում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets