ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.06.2013

ԱՌԱՍՊԵԼ ՍԻՐՈ ՉՄԱՐՈՂ ԿՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Արարատյան առասպելներ շարքից

Ջավախքի բարձրագահ սարերում մի ամրոց կար՝ Փարվանա արքայի ամրոցը: Արքան մի աղջիկ ուներ՝ չքնաղ մի էակ՝ բոցեղեն աչքերով: Նա իր զվարթությամբ փարատում էր ծերունազարդ արքայի տաղտուկն ու թախիծը: Երբ աղջիկը մեծացավ, արքան սուրհանդակներ ուղարկեց աշխարհով մեկ՝ հրավիրելով քաջազուն կտրիճների, որ դուստրը ընտրի արժանավորին: Ոսկեպախուրց նժույգներ հեծած կտրիճները հավաքվում են Փարվանա ամրոցի հրապարակում ու սրտատրոփ սպասում. ո՞ր քաջին կհաջողվի հաղթել ու տիրանալ հեքիաթային դշխուհուն: Նրանց հայտնեցին, որ դշխուհին պատրաստվում է հայտարարություն անել: Վերջապես հնչեցին փողերը և երևաց չքնաղագեղ կույսը՝ դշխոյական ապարոշը գլխին: Նա նայեց կանգնած
կտրիճներին ու ասաց.
- Ոչ գանձ եմ ուզում, ոչ ուժ ու իշխանություն, ոչ էլ աստղերը երկնքից՝ ես հուր եմ տենչում, սիրո անշեջ հուրը:
Այդ լսելով՝ կտրիճները հապճեպ հեծնում են ձիերն ու սլանում աշխարհի չորս կողմը: Անցնում են օրեր, հետո ամիսներ ու տարիներ, բայց նրանցից ոչ մեկը չի վերադառնում: Կույսն օրեցօր թալկանում է, ժպիտն իսպառ չքանում է երեսից: Ի վերջո, հույսը լքում է նրան, և աղջիկը արտասվում է այնքան, որ լիճ է գոյանում՝ ծածկելով ամրոց ու ապարունք: Այժմ էլ տրտմօրոր ծփում է Փարվանա լիճը, ու նրա հատակին՝ վճիտ ջրերի խորքում, երևում է ծեր արքայի ճերմակ ամրոցը: Իսկ կտրիճները, ասում են, շտապելուց թև են առել, դարձել թիթեռներ, ու որտեղ լույս կա, հավաքվում են նրա շուրջը՝ կարծելով, թե գտել են սիրո սրբազան հուրը: Բառացի մի՛ հասկացիր, փորձիր հասկանալ դրա իմաստը:
Պատմում են նաև, որ աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։ Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets