ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.06.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԻԳ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲԱՆԱԿԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՕՐՈՔ

Հայաստանը IX դարից թեւակոխեց զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանը: Տասնյակից ավելի ճյուղերի բաժանվեցին նախկին հզոր նախարարական տոհմերը` Բագրատունիները, Արծրունիները, Սյունիները: Եթե նախկինում միայն տոհմի նահապետն էր իրավասու տնօրինել նախարարական տան ամբողջ ունեցվածքը, ապա այժմ վիճակը փոխվեց: Ֆեոդալական տոհմի յուրաքանչյուր ընտանիք վերցնում էր իր բաժին կալվածքը եւ այն տնօրինում ինքնուրույն: Նախկին սեպուհները դառնում են ինքնուրույն ֆեոդալներ եւ սկսում են կոչվել գահակալ իշխաններ: Նախկին տանուտերը կամ նահապետը սկսում է կոչվել գահերեց իշխան եւ որեւէ իրավասություն չուներ գահակալ իշխանի կալվածքի նկատմամբ: Այս ամենի հետեւանքով ֆեոդալական խոշոր տների ներսում առաջացան բազմաթիվ ինքնուրույն ֆեոդալներ` իրենց կալվածքներով, ամրոցներով, զորքով: 
Իշխաններն իրենց հողերի մեծ մասին տիրում էին ժառանգաբար` որպես սեփականատեր եւ նման կալվածքը կոչվում էր հայրենիք: Նրանց տրամադրության տակ կային նաեւ պարգեւական կամ արքայատուր հողեր, որոնք ստանում էին սյուզերենից (տիրոջից)` որեւէ ծառայության դիմաց եւ վասալը այն վաճառելու կամ նվիրելու իրավունք չուներ: Դրանք նրա իրավասության տակ էին մնում այնքան ժամանակ, քանի դեռ կատարում էր վասալական պարտականությունները: Կային նաեւ արծաթագին կամ գանձագին հողեր, որոնք գնվում էին իշխանի կողմից եւ վերածվում էին հայրենիքի:
Բագրատունյաց Հայաստանում իշխանության բուրգի գլուխ կանգնած էր թագավորը, որը կրում էր Շահնշահ Հայոց տիտղոսը: Նրանից ցածր կանգնած էին ենթակա թագավորները եւ գահերեց իշխանները: Վերջիններին նշանակում էր թագավորը, եւ նրանք պարտավոր էին զորք եւ հարկ տրամադրել արքային: Գահակալ իշխանները ենթակա էին գահերեց իշխանին եւ զորք ու հարկ էին տալիս նրան: Գահակալ իշխանների կախվածությունը գահերեցից հիմնականում ոչ թե տնտեսական էր, այլ` քաղաքական: Ֆեոդալական աստիճանակարգության ստորին սանդուղքին կանգնած էին մանր ազնվականները` ազատները կամ խոստակդարները: Սրանք զինվորական ծառայության դիմաց կալվածք էին ստանում որեւէ իշխանից, որից ունեին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կախվածություն:
Թագավորը երկրի կառավարումը իրականացնում էր արքունիքի միջոցով, ուր կային տարբեր գործակալություններ: Կարեւորագույն հարցերը քննարկելու համար գումարվում էր արքայական ատյան, որին մասնակցում էին գահերեց իշխանները, պետական բարձրաստիճան պաշտոնյաները եւ հոգեւորականները: Արքունիքը գավառների կառավարումն իրականացնում էր հատուկ պաշտոնյաների միջոցով, որոնք կոչվում էին գործակալ կամ ձեռնավոր: Դրանք հիմնականում այն իշխաններն էին, որոնք տվյալ գավառի խոշորագույն ավատատերն էին: Գործակալներն ունեին իրենց ստորադաս պաշտոնյաները, որոնք իրականացնում էին հարկերի հավաքումը եւ կարգավորում էին մյուս հարցերը:
Արքունիքում կարեւոր դեր էին կատարում իշխանաց իշխանի, մարզպանություն, դատավարություն եւ սպարապետություն գործակալությունները: Բարձրագույն պաշտոնները տրվում էին արքայի ազգականներին եւ մերձավորներին:
Իշխանաց իշխանը լուծում էր առանձին ֆեոդալների միջեւ ծագած վեճերը, ղեկավարում էր իշխանների հավաքները, պատասխանատու էր տնտեսական կյանքի կարգավորման համար, հավաքում էր հարկերը, նրան էին ենթարկվում երկրի մեծ ու փոքր պաշտոնյաները:
Մարզպանը տնօրինում էր արտաքին հարաբերությունները, պատասխանատու էր այլ երկրների հետ հարաբերությունների համար: 
Գլխավոր դատավորի պաշտոնը շարունակում էր տնօրինել կաթողիկոսը, իսկ շրջաններում դատարանների գլուխ կանգնած էին տվյալ թեմի եպիսկոպոսները: Դատավարությունների ժամանակ ղեկավարվում էին եկեղեցական ժողովների մշակած կանոններով ու դարերով ձեւավորված սովորույթային իրավունքով:
Սպարապետը ղեկավարում էր երկրի զինված ուժերը: Այդ պաշտոնը հիմնականում տրվում էր արքայի եղբորը կամ թագաժառանգին, իսկ Xդ. վերջից` Պահլավունիներին: Բագրատունիների օրոք հզոր բանակի կազմակերպումը կենսական անհրաժեշտություն էր, քանի որ Հայոց պետականության դեմ անընդհատ ոտնձգություններ էին կատարում օտար զավթիչները: Եթե Աշոտ I-ի օրոք հայկական բանակի թիվը 40.000 էր, ապա Գագիկ I-ի օրոք հասավ 100.000-ի: Խաղաղ ժամանակ ավելի փոքրաթիվ բանակ էր պահվում, որն անհրաժեշտ էր կենտրոնախույս իշխաններին սանձահարելու եւ արտաքին անակնկալ հարձակումներից պաշտպանվելու համար: 
Բանակը կազմված էր արքունի եւ մարզպանական գնդերից: Առաջինը Բագրատունի արքաների զորամասերն էին, երկրորդը` ենթակա թագավորների ու իշխանների: Գագիկ I-ի օրոք արքունի գունդը կազմված էր 55.000, մարզպանականը` 45.000 զինվորից: Մշտական բանակը կազմված էր ազատներից, որոնք ծառայության դիմաց հողակտորներ էին ստանում իրենց իշխանից: Պատերազմի ժամանակ քաղաքացիներից ու գյուղացիներից հավաքվում էր նաեւ աշխարհազոր: 
Բագրատունիների պետությունը մինչեւ Xդ. սկիզբը կախվածության մեջ էր Արաբական խալիֆայությունից, որին հարկ էր վճարում: XIդ. սկզբին թուլացած Հայոց թագավորությունը հայտնվեց Բյուզանդական կայսրության ազդեցության ոլորտում: Բագրատունիների օրոք հայկական թագավորությունը բավական հզոր եւ միջազգային բարձր հեղինակություն ունեցող պետություն էր: Դրա մասին է վկայում այն, որ Բյուզանդական արքունիքը արաբական խալիֆից ու Եգիպտոսի տիրակալից հետո ամենաբարձր դիրքը վերագրում էր Հայոց թագավորին, որից ավելի ցածր էին դասվում եվրոպական բոլոր տիրակալները:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets