ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Պետրոս Ա Գետադարձ (1019 - 1054)

ՊԵՏՐՈՍ Ա ԳԵՏԱԴԱՐՁ
(1019–1058)
Հայոց կաթողիկոս 1019–ից: Հաջորդել է Սարգիս Ա Սևանցուն:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 1058–ին Սեբաստիայում: Ամփոփվել է Սեբաստիայի Ս. Նշան վանքի բակում:
Կաթողիկոս է օծվել իր նախորդի` Սարգիս Ա Սևանցու ձեռքով: Գրիգոր Լուսավորչի օրոք կաթողիկոս դարձած նրա որդի Արիստակեսից հետո այս երկրորդ դեպքն էր, երբ կաթողիկոսի կենդանության ժամանակ նրա համաձայնությամբ կաթողիկոսական աթոռը տրվում էր իր հաջորդին:
Պետրոս Ա Գետադարձի կաթողիկոսության սկիզբը համընկել է Անիի Բագրատունյաց թագավորության ճգնաժամի հետ, երբ Հայոց Գագիկ I թագավորի մահից հետո նրա երկու որդիների` Հովհաննես–Սմբատի և Աշոտի միջև գահակալական կռիվներ են ծագել: Թեև այդ վեճը կաթողիկոսի և իշխանների միջնորդությամբ 1021–ին հարթվել է, բայց երկիրը կրկին մասնատվել է. Անին շրջակայքով անցել է ավագին` Հովհաննես–Սմբատին, իսկ թագավորության մնացած մասը` Աշոտ IV–ին: 1022–ին Հովհաննես–Սմբատը, Պետրոս Ա Գետադարձին որպես բանագնաց, ուղարկել է Տրապիզոն Վասիլ II կայսեր մոտ` հարթելու համար կայսրության հետ սրված հարաբերությունները: Թագավորի պատվերով կաթողիկոսը կայսեր հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն Հովհաննես–Սմբատի մահից հետո Անիի թագավորությունն անցնելու էր կայսրությանը:
1022–ի հունվարի 6–ին Աստվածահայտնության տոնի օրը Պետրոս Ա Գետադարձը Տրապիզոնում Վասիլ կայսեր ներկայությամբ կատարում է ջրօրհնեքի արարողություն, որի հանդիսավորության չափազանցված արձագանքները հետագայում ծնունդ են տվել կաթողիկոսի մականվանը: Ջրօրհնեք կատարող հայ հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ կանգնած էին գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականնրը` ստորին, որպեսզի ըստ կազմակերպիչների մտահղացման, վերստին օրհնեն հայերի օրհնած ջուրը: Այս է պատճառը, որ դրանից որոշ ժամանակ անց հույների հետ բորբոքված դավանաբանական սուր վեճերի մթնոլորտում ծնունդ առավ այն ավանդությունը, թե իբր Պետրոս Ա Գետադարձի կատարած ջրօրհնեքից հետո գետի հոսանքը կանգ է առել (այսինքն` չի հասել հույներին): Այստեղից էլ առաջացել է «Գետադարձ» մականունը, որը կաթողիկոսին տրվել է նրա մահից շատ ժամանակ անց:
1022–ի Տրապիզոնի պայմանագիրն Անիում մեծ զայրույթ է առաջացրել և Պետրոս Ա Գետադարձը ստիպված է եղել չորս տարի մայրաքաղաք չվերադառնալ ու մնալ Սեբաստիայում:
1033–ին տեղի է ունենում արևի խավարում, որով նշանավորվում է Քրիստոսի խաչելության հազարամյակը, և որը մեծ ազդեցություն է ունենում ժամանակակիցների վրա: Թագավորն ու կաթողիկոսը, երկրի մյուս մեծամեծերը Անիից հատուկ պատվիրակություն են ուղարկում մեծահռչակ Հովհաննես Կոզեռն վարդապետի մոտ` կատարածի մեկնաբանությունն իմանալու համար: Վերջինս կանխատեսում է մոտալուտ բազում դժբախտություններ` որպես հետևանք բարքերի համընդհանուր անկման ու ամբարիշտության` քննադատելով անգամ եկեղեցու առաջնորդներին: Դրանից հետո նույն թվականին Պետրոս Ա Գետադարձը ծածուկ կերպով թողնում է Անիի իր աթոռը և տեղափոխվում կայսրության տիրապետության տակ անցած Վասպուրականի Ձորովանք` այստեղ մնալով շուրջ չորս տարի: Հովհաննես–Սմբատ թագավորն ու ավագանին վերադարձի պահանջով բազմիցս դիմում են նրան, բայց ապարդյուն: Միայն 1036–ին Վասպուրականի բյուզանդական կուսակալի միջամտությամբ Պետրոս Ա Գետադարձը վերադառնում է Անի, բայց քաղաք գալուց հետո կարճ ժամանակ անց թագավորի հրամանով ձերբակալվում, ուղարկվում է Բջնի: Նույն տարվա վերջերին մայրաքաղաքում գումարվում է եկեղեցական ժողով, որը Պետրոս Ա Գետադարձին համարում է աթոռանկ և կաթողիկոս է ձեռնադրում Սանահինի վանքի առաջորդ Դիոսկորոս վարդապետ Սանահնեցուն: Այս որոշման կայացման համար Պետրոս Ա Գետադարձի դեմ արված մեղադրանքները պետք է որ գրավոր եղած լինեն (թեև ստույգ հայտնի չէ, թե որոնք էին այդ մեղադրանքները), բայց վճռորոշ էր նաև Հովհաննես–Սմբատի դիրքորոշումը, որը, գժտված լինելով կաթողիկոսի հետ, փորձեց նման ձևով հաշվեհարդար տեսնել նրա հետ: Սակայն հայ ավանդապահ հոգևորականությունը չհանդուրժեց աշխարհիկ իշխանության նմանօրինակ միջամտությունը եկեղեցու գործերին և ըմբոստացավ Անիում կայացված որոշման դեմ: Մեկ տարի և երկու ամիս աթոռակալելուց հետո Դիոսկորոսն աթոռանկ է արվում, վերադարձվում Սանահին, և կաթողիկոսական աթոռին 1038–ի վերջերին վերականգնվում է Պետրոս Ա Գետադարձը:
1041–ին մեկը մյուսի հետևից մահանում են Հայոց թագավորներ Աշոտ IV–ը և Հովհաննես–Սմբատը: Որոշ քաղաքական պայքարից հետո 1042–ին Անիում Բագրատունյաց գահին է նստում Աշոտ IV–ի երիտասարդ որդին` Գագիկ ll–ը (1042–1045): Օծումը մեծ հանդեսով կատարվում է Մայր Տաճարում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ձեռքով: Սակայն երկու տարի անց Գագիկ ll–ը խաբեությամբ կանչվում է Կոստանդնուպոլիս և այլևս Հայաստան չի վերադառնում: Բյուզանդացիները հասնում են իրենց տևականորեն հետապնդած նպատակին. զավթում են Հայոց մայրաքաղաք Անին` այդ արարքը հիմնավորելով Հովհաննես-Սմբատի կտակով: Թագավորության անկումից հետո բյուզանդացիները կատարում են զավթողական հաջորդ քայլը. 1046–ին Անիից հեռացնում են Պետրոս Ա Գետադարձին և իրենց հետագա տիրապետության ընթացքում երբեք թույլ չեն տալիս Հայոց կաթողիկոսներից որևէ մեկին վերադառնալ նախկին մայրաքաղաք: Կայսրությունը, փաստորեն, լուծարում է Անիի կաթողիկոսարանը:
Պետրոս Ա Գետադարձին չորս տարի Կոստանդնուպոլսում «պատվավոր աքսորականի» վիճակում պահելուց հետո բյուզանդացիները նրան իրավունք են տվել հաստատվել Սեբաստիայում, որտեղ մնացել է մինչև իր մահը:
Կյանքի վերջին տարիներին Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը, տեսնելով, որ Բագրատունյաց թագավորության վերացումից հետո հույներն անթաքույց պայքար են ծավալել Հայ եկեղեցու ու նրա կենտրոնի` կաթողիկոսական աթոռի դեմ, վերանայել է իր նախկին քաղաքական բյուզանդամետ կողմնորոշումը: Նրա պատվերով այդ տարիներին Անանիա վարդապետ Սանահնեցին գրել է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը` նպատակ ունենալով զորացնել Հայ եկեղեցու գաղափարական, դավանաբանական ոգին` ընդդեմ բյուզանդական նկըրտումների: Պետրոս Ա Գետադարձի պատվերով Անանիա Սանահնեցին կազմել է նաև Պողոս առաքյալի թղթերի մեկնությունը, իսկ Հովհաննես Կոզեռնը գրել է Բագրատունյաց տան պատմությունը (չի պահպանվել):
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու` Պետրոս Ա Գետադարձին հասցեագրված բազմաթիվ նամակներից երևում է, որ կաթողիկոսը ժամանակի ամենազարգացած և ուսյալ անձնավորություններից էր: Միաժամանակ հայ պատմիչները նշել են նաև նրա փառասիրությունն ու արծաթասիրությունը, ինչի համար պարսավանքի է ենթարկվել դեռ կենդանության օրոք:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets