ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Խաչիկ Բ Անեցի (1054 - 1060)

ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑԻ
(1058–1065)
Հայոց կաթողիկոս 1058–ից: Հաջորդել է Պետրոս Ա Գետադարձին:

Ծն. թ. անհտ., Անի: Մահացել է 1065–ին Երկրորդ Հայքի Թավբլուր բնակավայրում, ամփոփվել տեղի վանքում:
Խաչիկ Բ Անեցին առանձնանում է Xl դարի Հայոց կաթողիկոսների շարքում` որպես Անանիա Մոկացու հիմնադրած կաթողիկոսական յուրօրինակ դինաստիայի վերջին ներկայացուցիչ, որի աթոռակալությամբ սկիզբ են առնում Հայոց եկեղեցու ղեկավարի դեգերումներն օտար վայրերում: Հնարավոր է, որ Անեցի անվանումը ցույց է տալիս, որ նա կրթություն է ստացել և դաստիարակվել Անիում: Ավագ եղբոր` Անանիայի հետ միասին վաղ հասակից պատրաստվել է հոգևոր գործունեության: Եղբայրների կրթության հսկողությունը ստանձնել է նրանց մորեղբայրը` Հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը, որ ժամանակաշրջանի առավել կրթված անձնավորություններից էր: Հետևաբար, գոնե Xl դարի 20–ականներց, Խաչիկն ապրել և կրթվել է Անիում, որտեղ և գտնվում էր կաթողիկոսարանը: Անիում էլ նա ստացել է հոգևոր աստիճաններ և ձեռնադրվել եպիսկոպոս:
Ինչպես նրա մորեղբայր Պետրոս Ա Գետադարձի, այնպես էլ Խաչիկ Անեցու կյանքի ընթացքը կտրուկ կերպով փոխվեց Անիի անկմանը (1045) հաջորդող տարիներին: Անիի բյուզանդական երկրորդ կառավարիչ Կատակալոն Կամենասը վարում էր Հայոց եկեղեցու դիրքերը սահմանափակելու և հայրապետական նստավայրը Հայաստանից հեռացնելու քաղաքականություն, որն անդրադարձավ նաև Խաչիկ Անեցու ճակատագրի վրա: Բյուզանդացիները Պետրոս Ա Գետադարձին հարկադրեցին Անիից տեղափոխվել Արծն: 1047–ի սկզբին, Աստվածահայտնության տոնի օրը, հանդիսավոր արարողությունից հետո Պետրոս Ա Գետադարձը դուրս բերվեց նաև Արծնից ու կալանավորվեց: Կարճ ժամանակ անց Խաչիկ Անեցին ևս արգելափակվում է: Բյուզանդացիներն ակնհայտորեն ծրագրել էին մեկուսացնել և մեկտեղել Հայոց կաթողիկոսին ու նրա մերձավորներին: Պատահական չէ, որ մինչ այդ արդեն Կ. Պոլիս էր տարվել Խաչիկ Անեցու ավագ եղբայր Անանիան:
Պետրոս Ա Գետադարձը և իր ուղեկիցները հարգալից ընդունելություն գտան Բյուզանդիայի մայրաքաղաքում: Բյուզանդական կայսրը երեք տարի կաթողիկոսին ու մերձավորներին պահեց Կ. Պոլսում և չթողեց վերադառնալ Անի: Նա երկյուղում էր, որ Հայոց եկեղեցու գլխավորը կարող է բյուզանդացիների դեմ ուղղված ապստամբություն կազմակերպել Հայաստանում:
Պետրոս Ա Գետադարձի մահից հետո, Արիստակես Լաստիվերտցու վկայությամբ «Պետրոսի տեղը հաստատեցին նրա քեռորդի Խաչիկին, որը հայրապետական ձեռնադրությունը վաղուց էր ընդունել»: Մատթեոս Ուռհայեցու տեղեկություններից երևում է, որ Խաչիկ Բ Անեցին կաթողիկոսական տեղապահ է նշանակվել դեռևս Կ. Պոլիս մեկնելուց առաջ, հետևաբար մինչև 1047–ը: Այսպիսով, Պետրոս Ա Գետադարձը նախապես հոգ էր տարել և կանխորոշել էր Հայոց եկեղեցու հաջորդ գահակալի հարցը` Խաչիկ Բ Անեցուն կաթողիկոս ձեռնադրելով ու դեռևս իր կենդանության օրոք քեռորդուն կաթողիկոսակից ճանաչելով: Ըստ Մատթեոս Ուռհայեցու` Պետրոս Ա Գետադարձի մահը և Խաչիկ Բ Անեցու կաթողիկոսական աթոռին բազմելը տեղի են ունեցել 1058–ին: Սակայն Մելիտինեում ընդօրինակված Ավետարանի գրիչը վկայում է Խաչիկ Բ Անեցու` Թավբլուրում գտնվելու մասին առնվազն 1057–ից:
Պետրոս Ա Գետադարձի մահվանը հաջորդեցին բյուզանդական իշխանությունների` կաթողիկոսական աթոռի նկատմամբ հարուցած բացահայտ հալածանքները: Բյուզանդական կայսրը բռնագրավեց ոչ միայն Պետրոս Ա Գետադարձի կուտակած և Սեբաստիայում գտնվող, այլև Մեծ Հայքում Անիի կաթողիկոսարանին պատկանող գանձերը: Խաչիկ Բ Անեցին հայրապետանոցի եպիսկոպոսների հետ միասին կրկին տարվեց Կ. Պոլիս, որտեղ նրան վիճակված է հարկադրաբար անցկացնել ևս երեք տարի: Այդ ժամանակամիջոցում Հայոց կաթողիկոսը բազմատեսակ ճնշումների ենթարկվեց, քանի որ բյուզանդացիները ցանկանում էին հարկատու դարձնել Հայոց եկեղեցին: Խաչիկ Բ Անեցին մերժեց այդ պահանջները` իր դիրքորոշումը հիմնավորելով դարավոր ավանդույթների առկայությամբ: Նախորդ որևէ ժամանակաշրջանում Հայոց եկեղեցին հարկեր չէր վճարել բյուզանդացիներին: Նա անհողդողդ մնաց` չնայած բոլոր սպառնալիքներին. «Այդ երանելի մարդը և մեր մեծ Լուսավորչի փոխանորդը ամենևին չվախեցավ նրանց խոսքերից և իր ասածին հաստատուն մնաց»: Կայսրը ստիպված եղավ ազատ արձակել Խաչիկ Բ Անեցուն և հատուկ հրովարտակով Հայոց կաթողիկոսարանին վերադարձրեց ոչ միայն Հայաստանում ունեցած կալվածքները, այլև հայրապետական աթոռին հանձնեց Տարնտայի (Դարանդա) գավառում (Երկրորդ Հայքի սահմանների մոտ) կառուցված երկու վանք: Դրանցից մեկը` Թավբլուրի վանքը, դարձավ Խաչիկ Բ Անեցու կաթողիկոսանիստ հոգևոր կենտրոնը:
Անանիա Սանահնեցն, որը Պետրոս Ա Գետադարձի պատվերով է ձեռնարկել իր «Հակաճառության գրությունը», այդ աշխատությունը ներկայացրել է Խաչիկ Բ Անեցուն` անվանելով նրան «գերազարդ եւ ամենիմաստ հանճարով առ լցեալ տէր Խաչիկ վերադիտող Հայոց Մեծաց, փոխանորդ մեծի Լուսաւորչին»:
Հարկադրելով Հայոց կաթողիկոսին բնակվել Թավբլուրում, այսինքն Բյուզանդիա տեղափոխված հայ տիրակալներին պատկանող տարածքներից մեկուսացված վայրում, բյուզանդացիները ցանկանում էին Հայոց կաթողիկոսարանը հեռու պահել հայահոծ շրջաններից, արգելել հայ հոգևորականության բնականոն կենսագործունեությունը: Նման ծանր պայմաններում Հայոց հայրապետն ի վիճակի չէր արդյունավետ գործունեություն ծավալել: Փոխարենը նրան հաջողվել է ձախողել բյուզանդացիների նենգ ծրագրերը: Խաչիկ Բ Անեցին Հայոց եկեղեցու պատմության մեջ մտել է որպես աշխարհիկ շահագրգռություններից բարձր կանգնած, իր հոտին նվիրված, հայ հոգևորականության ավանդույթների ու շահերի հավատարիմ պաշտպան:
Ըստ Մատթեոս Ուռհայեցու` հայրենիքից հեռացված կաթողիկոսը վախճանվել է 1065–ին Թավբլուր վանքում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets