ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր Բ Վկայասեր (1065 - 1105)

ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐ
(1066–1105)
Հայոց կաթողիկոս 1066–ից: Հաջորդել է Խաչիկ Բ Անեցուն:

Ծնվել է Անիում, ծն. թ. անհտ., մահացել է 1105–ի նոյեմբերին Քեսունի Կարմիր վանքում, ուր և ամփոփվել է:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին է: Հոր մահից հետո փոխարինել է նրան դուքսի պաշտոնում` նշանակվելով Միջագետքի, Տարոնի և շրջակայքի կուսակալ (1059): Կնոջ մահից հետո հրաժարվել է պաշտոնից և նվիրվել հոգևոր կյանքին: Խաչիկ Բ Անեցի կաթողիկոսի մահվանից հետո հույները փորձում էին ամեն կերպ խոչընդոտել նոր կաթողիկոսի ընտրությունները` ձգտելով աշխարհիկ իշխանության պես ի չիք դարձնել նաև հոգևորը` դյուրացնելով հայերի ձուլման գործընթացը:
Սակայն Կարսի Գագիկ Աբասյան թագավորի և Մարիամ թագուհու ջանքերով 1066–ին Ծամնդավում ժողով է գումարվում և կաթողիկոս է ընտրվում Գրիգոր Բ Վկայասերը: Գրիգոր Բ Վկայասերը նախընտրում էր զբաղվել գրական–մշակութային գործունեությամբ, վարել ճգնական կյանք:
Տարբեր ժամանակներում տեղապահներ նշանակելով` այցելել է ժամանակի քաղաքակրթական–հոգևոր կենտրոնները, եղել Կ. Պոլսում, Հռոմում, Երուսաղեմում, Եգիպտոսում, այստեղ այցելել Մեմփիս քաղաքը, որի մերձակայքում էլ վանք է հիմնել: 1067–ին իր փոխանորդ ձեռնադրելով Գևորգ եպիսկոպոս Լոռեցուն` մեկնում է ճամփորդության: 1072–ին վերադառնալով` պաշտոնանկ է անում և հեռացնում Գևորգին, որը մտադրվել էր զավթել կաթողիկոսական աթոռը: Նույն թվականին մեկնում է Անի, որտեղ հետագայում փոխանորդ է կարգում Բարսեղ Ա Անեցուն (1081): 1076–ին մերժում է Փիլարտոս Վարաժնունու` հայրապետական աթոռն իր մոտ` Մարաշ փոխադրելու առաջարկը` նպատակահարմար գտնելով Սարգիս եպիսկոպոսին կաթողիկոսական տեղապահ կարգել Մարաշի մերձակա Հոնի բերդաքաղաքում (1076): Մյուս տեղապահն իր ազգական Գրիգոր եպիսկոպոսն էր, որ նշանակվեց Եգիպտոսում: Տեղապահներ նշանակելով` Գրիգոր Բ Վկայասերը, փաստորեն, ցանկանում էր ապահովել աթոռը հունական ոտնձգություններից, որոնք իր վախճանից հետո կարող էին արգելք հանդիսանալ կաթողիկոսական նոր ընտրություններին, իսկ տեղապահի առկայության դեպքում հարցը կանխապես լուծված էր, ինչպես և եղավ: 1099–ին մասնակցել է Խաչակրաց առաջին արշավանքին դեպի Երուսաղեմ և վիրավորվել: Սերտացրել է հարաբերությունները Արևելյան եկեղեցիների հետ: Կյանքի վերջում Հայ և Հույն եկեղեցիները հաշտեցնելու համար մեկնում է Կ.Պոլիս, բայց, արդյունքի չհասնելով և անգամ հալածվելով, վերադառնում է Կիլիկիա, մտնում Կարմիր վանք, որտեղ և վախճանվում է:
Գրիգոր Բ Վկայասերին հիշատակում են իբրև սրբերի վարքերի թարգմանիչ, որի համար ստացել է Վկայասեր անունը: Բայց քանի որ նույն գործով հետագայում զբաղվել են ևս երկու Գրիգոր կաթողիկոսներ (Գրիգոր Գ և Գրիգոր Է, համապատասխանաբար` Փոքր Վկայասեր և Երկրորդ Վկայասեր), ներկայումս դժվար է ստուգիվ զատորոշել Գրիգոր Բ Վկայասերի թարգմանությունները:
Թղթերից հիշատակելի են «Վասն Զատկի», «Վասն Բաժակի», «Կանոն Ոտնլուայի» շարականները:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets