ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Բարսեղ Ա Անեցի (1105 - 1113)

ԲԱՐՍԵՂ Ա ԱՆԵՑԻ
(1105–1113)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1105–ից: Հաջորդել է Գրիգոր Բ Վկայասերին: 

Ծնվել է Անիում, ծն. թ. անհտ.: Մահացել է 1113–ի մայիսին Կիլիկիայի Շուղր ավանում, զոհ է գնացել մի դժբախտ պատահարի` անսպասելիորեն փլված շենքում մահացու վիրավորվելով: Ամփոփվել է Կիլիկիայի Սև լեռան Կարմիր վանքում:
Բարսեղի հայրը` Վասակը, Կեչառիսի վանքի հիմնադիր Մեծ իշխան Գրիգոր Ապիրատի որդին էր, մայրը` Գրիգոր Մագիստրոս Պահլավունու դուստրը: 1072–ին Շադդադյանների տիրապետության տակ գտնվող Անի այցելած Գրիգոր Բ Վկայասերը, նրան ձեռնադրել է Անիի եպիսկոպոս: 1081–ին Գրիգոր Բ Վկայասերի համաձայնությամբ, Տաշիր–Ձորագետի թագավոր Կյուրիկե I–ի հովանավորությամբ
և Անիի Մանուչե ամիրայի կամակցությամբ Բարսեղը Հաղպատի վանքում Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի ձեռքով օծվել է Հայոց կաթողիկոս: Չնայած դրան, նա երբեք չի շրջանցել Գրիգոր Բ Վկայասերի հեղինակությունը և համարվել է կաթողիկոսական տեղապահ:
Բարսեղ Ա Անեցու ժամանակ նոր շունչ է առել 1046–ից ի վեր լքված Անիի կաթողիկոսական Աթոռը: Վերաբացվել է կաթողիկոսարանի վարդապետարանը` նշանավոր Հովհաննես Սարկավագ վարդապետի ուսուցչապետությամբ: Բարսեղ Ա Անեցու հրամանով հիմնադրվել է Հաղբատի եպիսկոպոսական աթոռը: 1094–ին մեծ հանդեսով Անի է բերվում մի նշանավոր սրբություն` Ս Նունեի խաչը:
1090–ին Բարսեղ Ա Անեցին այցելել է սելջուկյան սուլթան Մելիքշահին, որը Հայ եկեղեցին ազատել է հարկերից, ճանաչել Բարսեղ Ա Անեցու առաջնությունն այդ ժամանակ ի հայտ եկած այլ կաթողիկոսների նկատմամբ: Դրանից հետո նա գնացել է Հոնի և գահընկեց է արել Փիլարտոս Վարաժնունու հրամանով աթոռակալող Թեոդորոս կաթողիկոսին, ապա հովվապետական շրջագայությամբ այցելել է Ուռհա, Կեսարիա, Անտիոք: Երկրորդ անգամ Բարսեղը հարավային թեմեր շրջագայություն է կատարում 1103–ին:
1105–ին Բարսեղ Ա Անեցին Անիից Քեսուն է գալիս մահամերձ Գրիգոր Բ Վկայասերի կանչով: Նրա և Գող Վասիլ իշխանի ներկայությամբ Վկայասերը հայտնում է վերջին կամքը, որ Բարսեղ Ա Անեցուց հետո Հայոց կաթողիկոս ձեռնադրվի իր քրոջ թոռը` Գրիգորը, որն այն ժամանակ պատանի էր: Դրանից քիչ անց Վկայասերը մահանում է և Բարսեղ Ա Անեցին դառնում է միանձնյա աթոռակալ:
Այդ ժամանակ նրա առաջ բարձրանում է աթոռանիստ տեղի խնդիրը. վերադառնալու Անի, թե՞ մնալ Քեսունի շրջանում: Նկատի ունենալով այն, որ Հայոց քաղաքական իշխանության կենտրոնը փոխադրվել էր Կիլիկիայի սահմանները և այստեղ անհրաժեշտ էր նաև հոգևոր բարձր իշխանության ներկայությունը, Բարսեղ Ա Անեցին որոշում է մնալ:
Մինչև մահկանացուն կնքելը Բարսեղ Ա Անեցին հասցնում է կատարել Գրիգոր Բ Վկայասերին տված խոստումը և եպիսկոպոս ձեռնադրել Գրիգորին: Բարսեղ Ա Անեցու մահից մի քանի օր հետո, նրա պատգամի համաձայն, Գրիգորը (Գրիգոր Գ Պահլավունի) ձեռնադրվում է կաթողիկոս:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets