ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր Գ Պահլավունի (1113 - 1166)

ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ 
(Գրիգորիս, Փոքր Վկայասեր) (1113–1166)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1113–ից: Հաջորդել է Բարսեղ Ա Անեցուն:

Ծնվել է 1092–ին Տլուք գավառի Ծովք դղյակում, մահացել 1166–ին Հռոմկլայում:
Ապիրատ իշխանի ավագ որդին է, Ներսես Շնորհալու եղբայրը: Փոքր հասակից կրթվել է Քեսունի Կարմիր վանքում և Սև լեռան Արեգի անապատում, նախ` Գրիգոր Բ Վկայասեր, ապա` Բարսեղ Ա Անեցի կաթողիկոսների հսկողությամբ: Մոտալուտ վախճանն զգալով` Գրիգոր Բ Վկայասերը հանձնարարում է Բարսեղ Անեցուն, որ վերջինիս մահվանից հետո կաթողիկոս դառնա Գրիգոր (Գրիգորիս) Պահլավունին: Ուստի տասնհինգ տարեկան հասակում նա ձեռնադրվում է կուսակրոն հոգևորական, իսկ Բարսեղ Ա Անեցու վախճանվելուց հետո դառնում կաթողիկոս: Գրիգոր Գ Պահլավունու մոտավորապես քսան տարեկան լինելու հանգամանքն օգտագործելով` Աղթամարի Դավիթ եպիսկոպոսը` ոմն Թոռնիկի որդին, ցանկանալով համայն հայությանն իր իշխանության տակ առնել, Վասպուրականի Ձորովանքում հինգ եպիսկոպոսների կողմից օծվում է և իրեն հայտարարում անկախ կաթողիկոս: Բայց Սև լեռան Կարմիր վանքում գումարված 2500 պատվիրակների ժողովը մերժում է նրան: Այնուամենայնիվ, Դավիթ եպիսկոպոսը չհպատակվեց և հիմնեց Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունը: Թերևս Գրիգոր Գ Պահլավունու դիվանագիտական կարևոր հաղթանակ պետք է համարել այն հանգամանքը, որ իր գործողությունների շնորհիվ Դավիթին հարած հոգևորականներն ու իշխանները մերժեցին վերջինիս և միացան իրեն, իսկ քիչ ժամանակ անց Աղթամարում պահվող Գրիգոր Լուսավորչի Աջը և այլ մասունքներ բերվեցին Կիլիկիա:
Ջանքեր է գործադրել կաթողիկոսական աթոռը Հայաստան` մասնավորաբար Անի տեղափոխելու համար, սակայն հանգամանքները չեն թույլատրել: 1116–ին Գրիգոր Գ Պահլավունին Քեսունի Կարմիր վանքից տեղափոխվում է Ծովք, իսկ 1149–ին կաթողիկոսանիստ դարձնում Հռոմկլա ամրոցը, ուր հոյաշեն մի եկեղեցի է կառուցում:
Իր օրոք քույր եկեղեցիների միջև նոր շարժում սկսվեց: 1140–ականների սկզբին Ներսես Շնորհալու հետ լատինների կողմից հրավիրվում է Անտիոքում գումարված ժողովին, ընդունվում մեծ պատվով, ապա պապի դեսպանի հետ մեկնում է Երուսաղեմ` ուխտի, ուր լատինները դարձյալ ժողով են գումարում: Այստեղ առաջարկված փոփոխություններից Գրիգոր Գ Պահլավունին զգոնությամբ և իմաստալից ձևակերպումներով խուսափում է: Պապի կողմից պատվվել է հայրապետական քողով և գավազանով: Հայ և ասորի հոգևորականների միջև ընթացող վեճը, որ ծիսական տարբերությունները հիմք ունենալով հասել էր միմյանց երգիծող երկերի հորինմանը, ավարտվում է այն բանից հետո, երբ Գրիգոր Գ Պահլավունին պարզապես այրում է վարկաբեկիչ երկերի ձեռագրերը: Հույների հետ շփումներն արդեն կյանքի վերջում էին, և էական արդյունք չարձանագրվեց: Կյանքի ավարտն զգալով` 1166-ին, Հռոմկլայում ժողով է գումարում և կաթողիկոս օծում իր եղբորը` Ներսես Շնորհալուն, և երեք ամիս անց վախճանվում: Գրիգոր Գ Պահլավունին նորոգել է շատ վանքեր, Գրիգոր Բ Վկայասերի նման թարգմանել կամ ուրիշներին է հանձնարարել թարգմանել զանազան սրբերի վկայաբանություններ, որի համար էլ կոչվել է Փոքր Վկայասեր: Բարձրարժեք շարականների հեղինակ է, գրել է դրվատներ, սակայն անունների և պատվանունների (Վկայասեր) նույնության պատճառով ստեղծագործությունները հաճախ շփոթվել կամ խառնվել են Գրիգոր Բ Վկայասերի և Գրիգոր Է Անավարզեցու (Երկրորդ Վկայասեր) գործերի հետ:
Գրիգոր Գ Պահլավունու հանձնարարությամբ Սամուել Անեցին շարադրել է իր «Հաւաքումն ի գրոց պատմագրաց» երկասիրությունը, իսկ Ներսես Շնորհալին` իր մի շարք ստեղծագործություններ:



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets