ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ս. Ներսես Դ Շնորհալի (Կլայեցի) (1166 - 1173)

ՆԵՐՍԵՍ Դ ՇՆՈՐՀԱԼԻ
(Ս. Ներսես Շնորհալի, Ներսես Կլայեցի, Երգեցող) (1166–1173)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1166–ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն:

Ծնվել է 1098–ին Ծոփաց նահանգի Անձիտ գավառի Ծովք դղյակում, մահացել 1173–ի օգոստոսի 13–ին Հռոմկլայում: Ամփոփվել է Հռոմկլայի հայրապետական հանգստարանում:
Ներսես Շնորհալին ծնվել է Ապիրատ Պահլավունի «մեծազօր իշխանի» ընտանիքում: Հիմնավոր կրթություն է ստացել Սև լեռան վանքերում` մասնավորապես Քեսունի մոտ գտնվող Շուղրի Կարմիր վանքի դպրոցում` աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին:
16 տարեկանում ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1139–ին օծվել է եպիսկոպոս, իսկ 1166–ին իր եղբայր Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսի ձեռամբ` Հայոց կաթողիկոս: 1147–ից մինչև կյանքի վերջը նա ապրել և ստեղծագործել է գլխավորապես «դրախտաբուղխ Եփրատ գետի ափին», Հռոմկլա ամրոց–քաղաքում, ուստի կոչվել է նաև Կլայեցի: Լինելով երաժշտական արվեստի մեծ նորոգիչ` վաստակել է Երգեցող պատվատիտղոսը:
Ներսես Շնորհալին ժամանակակիցների համոզմամբ ոչ միայն հայ, այլև հույն և ասորի վարդապետներից առավել էր իմաստությամբ, և նրա համբավը տարածված էր բոլոր ազգերի մեջ: XVll դարի կաթոլիկ աստվածաբան Կղեմես Գալանոսի գնահատումով` «Գերապայծառ մեծ վարդապետ Ներսես Կլայեցին, որին հայերը ճանաչում և ընդունում են իբրև հովիվ և իրենց եկեղեցու հաստատիչ, մեծահռչակ բանաստեղծ եղավ` բոլորից բարձր, և տաղաչափական արվեստի մեջ այնքան հմտացավ, որ արժանի է համարվել լինելու լավագույնը ոչ միայն հայերի, այլև հույների ու լատինացոց շրջանում:
Անանուն վարքագրի հավաստմամբ` տակավին ուսումնառության տարիներին Ներսեսը «մեկնում էր Ս.Գրքի խորագույն» մտքերը, իսկ վարդապետաց դասը հիանում էր նրա «քաջակորով իմաստությամբ»:
Կաթողիկոս եղբայրը երիտասարդ հոգևորականին հանձնարարում է գործադրել «Աստվածային շնորհքը և համալրել եկեղեցու կարգերի թերին»: Եվ նա սկսում է «երգել հոգևոր–պաշտամունքային երգեր, եկեղեցականներին սովորեցնում հոգևոր ու մարմնավոր սրբությամբ կատարել սուրբ խորհուրդները, զարդարում է Հայաստանյայց եկեղեցին անթերի համալրումով... :
Հոգևոր երգերով և քաղցրանվագ եղանակներով վայելչացնում է Սուրբ Պատարագի երգերը», որպեսզի ունկնդիրները, ներկա լինելով պայծառ սպասավորության, նրբանան զգայական տեսողությամբ, հասնեն իմանալի դիտավորության: Նա հետևողականորեն մեկնաբանում է եկեղեցու կարգերը, բացահայտում նախնիների սահմանած տոների պատճառները, շարադրում ուղղափառ հավատը, թարգմանում–խմբագրում կարևոր աստվածաբանական ու սրբախոսական բնագրեր:
Արդեն ճանաչված աստվածաբան Ներսես Շնորհալին կարևոր դեր է խաղացել հայ–ասորական եկեղեցական տարաձայնությունները հարթելու գործում:
Նրա կաթողիկոս դառնալուց շատ չանցած` բյուզանդական Մանուել I Կոմնենոս կայսրը և Կոստանդնուպոլսի Միքայել պատրիարքը վերարծարծում են ժամանակ առ ժամանակ քրիստոնյա աշխարհը հուզող հարցը` «եկեղեցիների միությունը»:
Այստեղ ևս երևակվում է Ներսես Դ Շնորհալու աստվածաբանական տաղանդը: Բյուզանդացիները միությունը հասկանում էին որպես բոլոր եկեղեցիների համատեղում քաղկեդոնական եկեղեցու հովանու ներքո: Մինչդեռ Ներսես Դ Շնորհալին կարծում էր, որ Քրիստոսը չպետք է դառնա «գլորման եւ գայթակղութեան վէմ», այլ` երկու որմերը միացնող անկյունաքար: Նա առավել լայնախոհ գործունեություն էր ծավալում, ցույց տալիս բանական ճանապարհ` ելակետ ունենալով ամեն մի եկեղեցու ավանդույթների ազատության սկզբունքը: Այդ ավանդույթներն արհամարհելի չեն, ուստի համաձայնություն կարող է ձեռք բերվել միայն փոխադարձ զիջումների ճանապարհով: Քույր եկեղեցիների բաժանումը հակառակ է Աստծու կամքին, Ավետարանին: Հետևաբար միջեկեղեցական հարաբերություններում վճռորոշ չպիտի լինեն դավանական ու ծիսական տարբերությունները, որ սպառնալիորեն մեծ չեն: Միությունն ու գործակցությունը պիտի իրագործվեն ավետարանական ոգով:
Այս և հարակից խնդիրներ քննարկող իր նամակներում Ներսես Դ Շնորհալին կուռ տրամաբանությամբ հիմնավորում էր իր խոսքը: Այդ քննարկումերի արդյունքը եղան «Գիր խոստուանութեան հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ», «Յաղագս աւանդութեանց եկեղեցւոյ» տեսական աշխատությունները: Այդ խնդիրները նա պարզաբանել է նաև ուսուցական մի շարք երկերում («Հաւատով խոստովանիմ», «Բան հաւատոյ» և այլն):
Ներսես Դ Շնորհալու հանճարի կնիքն են կրում միջնադարյան բոլոր ծիսական մատյանները. դրանց կատարելագործմանը նա նպաստել է որպես աստվածաբան և արվեստագետ: Նրա շարականներն ու հոգևոր մյուս ստեղծագործությունները զարգացման մի նոր` ավելի բարձր աստիճան բարձրացրեցին հայ միջնադարյան արվեստը, թե՛ գրականությունը, թե՛ երաժշտությունը: Ընդ որում, նա թարմացրեց նաև դրանց բովանդակությունը:
1152–ին Ներսես Շնորհալին գրեց «Յիսուս Որդի» քերթվածքը, ուր հարասվում էին ու երգվում Հին ու Նոր Կտակարանների պատմությունները: 1166–ին Ծաղկազարդի տոնին նա հանդես եկավ «Ատենախօսութեամբ», որ ճարտասանական արվեստի փայլուն նմուշ է: Նույն թվականներին նա գրեց իր անդրանիկ կոնդակը` բոլոր հավատացյալներին հասցեագրված «Թուղթ ընդհանրականը», որ հայ և առհասարակ քրիստոնեական մատենագրության կոթողներից է: Այս գործերը նորօրյա ընթերցողին բավական հստակ պատկերացում են տալիս Xll դարի հայ իրականության, հասարակության տարբեր դասերի կյանքի, կենցաղի վերաբերյալ, ինչպես նաև արևորդիների ու թոնդրակեցիների աղանդների մասին:
Ներսես Դ Շնորհալին այն մատենագիրներից է, որոնց երկերը հրատարակվել են հայ տպագրության արշալույսին` XVl դարում: Միջնադարում իրավամբ նա եղել է մեծագույն հեղինակություն. համաքրիստոնեական չափանիշի հեղինակ, աստվածաբան, դավանաբան, մեկնիչ, ծիսագետ, իմաստասեր, մանկավարժ, թարգմանիչ, խմբագիր: Նրա րկերը թարգմանվել են բազում լեզուներով:
Ներսես Դ Շնորհալին Հայ եկեղեցու պատմության և ընդհանրապես հայ մշակույթի ամենանշանավոր դեմքերից է, որ լինելով բազմաբեղուն հեղինակ` անմահ անուն է թողել արձակի ու չափածոյի մեջ, եղել դարաշրջանի մեծագույն թարգմանիչը: Նա ստեղծագործել է գրական ամենատարբեր ձևերով ու տեսակներով, բոլոր ուղղություններով առաջ մղել հայ մատենագրությունը, ստեղծել յուրաքանչյուր տեսակի գլուխգործոցներ: Իր լուսավորական նպատակ հետապնդող երկերով մեծ բեկում է առաջացրել գրականության ու արվեստի բնագավառում, ամրապնդել է Հայ առաքելական եկեղեցու դավանանքի տեսական հիմքերը, ուստի երախտագետ սերունդները սրբացրել են նրան, մեծարել «Երկրորդ Լուսավորիչ Հայոց», «Տիեզերալույս վարդապետ», «եռամեծ վարդապետ», «մեծահանճար», «կորովագիր», «իմաստուն» և այլ մակդիրներով:
Ներսես Դ Շնորհալին Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերից է: Հայ եկեղեցին Ներսես Դ Շնորհալու հիշատակը տոնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը` «Սրբոց թարգմանչաց վարդապետաց» տոնին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets