ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր Ե Քարավեժ (1193 - 1194)

ԳՐԻԳՈՐ Ե ՔԱՐԱՎԵԺ
(1193–1194)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1193–ից: Հաջորդել է Գրիգոր Դ Տղային:

Ծնվել է մոտավորապես 1172–ին, ծն. տեղը անհտ., մահացել է 1194–ին Կիլիկիայի Կոպիտառ ամրոցում: Ամփոփվել է Դրազարկի վանքում:
Ներսես Դ Շնորհալու եղբայր Վասիլ Պահլավունու թոռը` դստեր գծով: Մկրտության ավազանի անունը` Վահրամ: Իր մորեղբայր Գրիգոր Դ Տղայի ձեռոք օծվել է եպիսկոպոս: Կաթողիկոսական աթոռին ընտրվել է Հայոց Մեծ իշխան Լևոն II–ի առաջարկությամբ և Մայր Հայաստանի բարձրաստիճան հոգևորականների հավանությամբ:
Կենտրոնացած և հզոր միապետություն հաստատելու, Արևմուտքի քրիստոնյա պետությունների հետ բարեկամական կապերն ամրապնդելու մտահոգությամբ` Լևոն II Մեծագործը հետամտել է սահմանափակել Հայոց կաթողիկոսի ավանդական իրավասությունները, կասեցնել նրա միջամտություններն աշխարհիկ կառավարման գործերին, դադարեցնել կրոնական անպտուղ վեճերն ու թշնամությունները, ունենալ իր կամքին հնազանդ հայրապետ: Սակայն երիտասարդ և բնավորությամբ ըմբոստ կաթողիկոսը, հակառակ Լևոն II Մեծագործի ակնկալիքների, շարունակել է վարել ինքնիշխան քաղաքականություն` հարուցելով Հայոց Մեծ իշխանի և նրան շրջապատող ազդեցիկ հոգևորականների դժկամությունը:
Շուտով Լևոն II Մեծագործը` Սսի արքեպիսկոպոս Հովհաննեսի (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցի) գործակցությամբ կաթողիկոսի աթոռանիստ Հռոմկլայում ձերբակալել է Գրիգոր Ե Քարավեժին, տարել Սիս, ապա բանտարկել Կոպիտառի բերդում: Այդ արարքը հարուցել է մասնավորապես Մայր Հայաստանի հոգևորականների դժգոհությունը: Իշխանությունը խոստացել է Գրիգոր Ե Քարավեժի մեղավորության հարցը քննել բարձրագույն դատական ատյանում, բայց բանտարկված կաթողիկոսին շուտով հայտնաբերել են բերդապարսպի ստորոտին` ժայռերի մեջ, ջախջախված, մեջքին` կտավե պարան: Պաշտոնապես հայտարարվել է, որ կաթողիկոսը քարավեժ է եղել փախուստի փորձ կատարելու պահին:
Պատմիչների վկայությամբ` Գրիգոր Ե Քարավեժի հուղարկավորությունը կատարվել է ցուցադրական հանդիսավորությամբ, նրա աճյունն ամփոփվել է Դրազարկի վանքում` Գրիգոր Դ Տղայի շիրիմի կողքին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets