ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր Զ Ապիրատ (1194 - 1203)

ԳՐԻԳՈՐ Զ ԱՊԻՐԱՏ 
(1194–1203)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1194–ից: Հաջորդել է Գրիգոր Ե Քարավեժին:

Ծնվել է 1122–ին Տլուք գավառի Ծովք ամրոցում: Մահացել է 1203–ին Սիս քաղաքում, ամփոփվել Արքակաղնի վանքում:
Ներսես Դ Շնորհալու եղբայր Շահան զորավարի որդին: Մկրտության ավազանի անունը` Ապիրատ, որը կաթողիկոս օծվելուց և Գրիգոր անունն ընդունելուց հետո մնաց իբրև նոր անվան մակդիր: Երիտասարդ տարիներին նվիրվել է զինվորական ծառայության, ապա վարել Տարսոնի, Լամբրոնի, Անտիոքի և Կեսարիայի արքեպիսկոպոսությունների հոգևոր առաջնորդի պաշտոնները:
Գրիգոր Զ Ապիրատը կաթողիկոս է ընտրվել Հայոց Մեծ իշխան Լևոն II–ի առաջարկով` հաջորդելով Գրիգոր Ե Քարավեժին: Նոր կաթողիկոսի ընտրությանն ընդդիմացել են Մայր Հայաստանի երևելի հոգևորականները, մասնավորապես, սանահնեցիք, որոնց առաջնորդել է Գրիգոր Տուտեորդին, և հաղբատցիք, որոնց առաջնորդել է Դավիթ Քոբայրեցին, ինչպես նաև մի շարք եպիսկոպոսներ` Անիի եպիսկոպոս Բարսեղ Պահլավունու գլխավորությամբ: Դիմելով Լևոն II Մեծագործին` նրանք պահանջել են չեղյալ հայտարարել Գրիգոր Զ Ապիրատի ընտրությունը, կազմակերպել նոր ընտրություն` առաջադրելով Բարսեղ Անեցու թեկնածությունը, արքունիքից և հայրապետանոցից հեռացնել Տարսոնի ազդեցիկ արքեպիսկոպոս, Լևոն II Մեծագործի խորհրդական Ներսես Լամբրոնացուն: Վերջինս թեև հեռացվել է զբաղեցրած պաշտոններից, այնուհանդերձ Մայր Հայաստանի հոգևորականները հրաժարվել են Գրիգոր Զ Ապիրատին ճանաչել օրինական կաթողիկոս և 1195–ին հակաթոռ կաթողիկոս են ընտրել Բարսեղ Բ Անեցուն, որը Բարսեղ Ա Անեցի կաթողիկոսի եղբորորդին էր:
Գրիգոր Զ Ապիրատը հոգևոր և աշխարհիկ կառավարման գործերում լիովին առաջնորդվել է Լևոն II Մեծագործի կամքով: 1198–ի հունվարի 6–ին հայկական ծեսով թագադրել է արքայական պատվի արժանացած Լևոն II Մեծագործին: Գրիգոր Զ Ապիրատի միջնորդությամբ նրա քրոջորդին` Լամբրոնի տեր Հեթում իշխանը, ազատվել է բանտարկությունից և մտել Դրազարկի վանքն իբրև կրոնավոր:
Գրիգոր Զ Ապիրատը վախճանվել է խոր ծերության հասակում և թաղվել Արքակաղնի վանքի գերեզմանոցում: Նրա մահով ավարտվել է Պահլավունիների տան կաթողիկոսական գահակալությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets