ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Սիօն Ա Բաւոնեցի (767 - 775)

ՍԻՈՆ Ա ԲԱՎՈՆԵՑԻ 
(767–775) 
Հայոց կաթողիկոս 767–ից: Հաջորդել է Տրդատ Բ Դասնավորեցուն: 

Ծն. թ. անհտ., Արագածոտնի գավառի Բավոնք գյուղ, մահացել է 775–ին: 
Ուսումնառությունն ստացել է Դվինի կաթողիկոսարանում: Թե՛ ուսման, թե՛ առաքինության մեջ զարգացած և ընդհանրապես իբրև «այր սուրբ եւ սքանչելի» ճանաչված էր դեռևս մինչև եպիսկոպոս դառնալը: Եղել է Մայր Աթոռի միաբան, ապա` Աղձնիքի (Սասուն, Նփրկերտ) թեմակալ առաջնորդ: 767–ին Հայաստանի ոստիկանը հետ է կանչվել, իսկ նրան փոխարինել է Եզիդ իբն Սուլայմանը: Վերջինս մինչ այդ հարավային նահանգի զորապետն էր, իսկ Սիոն Բավոնեցին` Աղձնիքի եպիսկոպոսը: Հովհաննես Ե Դրասխանակերտցին հայտնում է, թե այդ ժամանակ Սասուն գավառի Սիմ լեռան ստորոտում գտնվող Բազմաբուխ աղբյուրը չորացել էր, որի հետևանքով շրջակայքը վերածվել էր անապատի: Սիոն Բավոնեցին աղոթում է, և ջուրը սկսում է հորդել: Այս ամենին ականատես է լինում նաև Եզիդ Իբն Սուլայման զորավարը: Վերջինս այս դեպքից հետո մեծ հիացմունք և պատկառանք է տածում Սիոն Բավոնեցու նկատմամբ, ուստի կաթողիկոսական աթոռի թափուր մնալուն պես բոլորի հավանությամբ Սիոն Բավոնեցուն առաջարկում է դառնալ Հայոց կաթողիկոս: 
Ոստիկանի աջակցությամբ կաթողիկոս դարձած Սիոն Ա Բավոնեցին պետք է կարողանար երկրում բարեկարգություն և հանդարտություն հաստատել, Հովհաննես Գ Օձնեցու ժամանակներից բարձիթողի արված եկեղեցական կանոնները վերանորոգել և վերջ դներ զեղծումներին, մանավանդ, որ ինքն էլ է ընդունում, որ «ամ յամէ արժան է հասանել քննել և տեսանել զկարգս եկեղեցւոյ»: Նորընտիր կաթողիկոսը կարողացավ 768–ին գումարել եկեղեցական ժողով և կանոններ սահմանել: Դվին քաղաքը, որտեղ սովորաբար տեղի էին ունենում եկեղեցական ժողովները, այլևս խաղաղ չէր և լցված էր մուսուլմաններով, ուստի ժողովը գումարվեց Աղվանքի կաթողիկոսական նստավայր Պարտավում, ուր հավաքվեցին երկու ժողովուրդների եպիսկոպոսներն ու նախարարները: Ներկաների մեջ հիշատակվում են Հայոց կաթողիկոս Սիոն Ա Բավոնեցին, իշխան Սահակ Բագրատունին, բազմաթիվ երևելի ու նշանավորանձինք: Պարտավի ժողովում կանոնակարգվել են եկեղեցական ծիսական և կենցաղային շատ խնդիրներ, որոնք առաջացել էին արաբական տիրապետության հաստատման շրջանում: Ընդունված կանոնները 24–ն էին: Ժողովի վերջին 24–րդ կանոնը վերաբերում էր Հին Կտակարանի Սուրբ Գրքերին. դա ազգային կանոնների մեջ առաջին պաշտոնական կարգադրությունն էր: 
Սիոն Ա Բավոնեցու գահակալման վերջին տարիներին 774–775–ներին Հայաստանում սկսվում է հակաարաբական հզոր ապստամբությունը: Սիոն Ա Բավոնեցին` իբրև կշռադատող և խոհեմ անձնավորություն, բարեխիղճ աշխատող, Աղձնիքում ծառայելուց մինչև կաթողիկոս դառնալը հաշտ էր ինքնակալության և կուսակալության հետ և երկրի բարօրության համար օգտակար հնարավորություններ ստեղծելու նպատակ էր հետապնդում: Ուստի նա չի քաջալերել ըմբոստ նախարարներին և, կանխատեսելով ապագա աղետները` կանգնել է Աշոտ Բագրատունու կողքին, այսինքն` պաշտպանել է արաբների հետ հաշտվելու և ժամանակավրեպ գործողություններից հեռու մնալու ուղեգիծը, որը, սակայն, համակրության չի արժանացել:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets