ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Զաքարիա Ա Ձագեցի (855 - 877)

ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑԻ 
(855–876) 
Հայոց կաթողիկոս 855–ից: Հաջորդել է Հովհաննես Դ Ովայեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Կոտայք գավառի Ձագ գյուղում, մահացել 876–ին Դվինում: Ամփոփվել է Դվինի կաթողիկոսական դամբարանում: 
Հուսիկ Ա Պարթևի և Ներսես Ա Մեծի նման կաթողիկոս է դարձել առանց եկեղեցական կարգ ունենալու: Ընտվել է Հայոց իշխան Սմբատ Բագրատունու կողմից Երազգավորսում (Շիրակավան) հրավիրված եպիսկոպոսական ժողովի ժամանակ: Գահակալել է քաղաքական ծանր իրադրության պայմաններում, երբ երկիրը գտնվում էր արաբական տիրապետության ներքո: Զաքարիա Ա Ձագեցու հաջողվել է մեղմել հայերի նկատմամբ արաբ ոստիկան Բուղայի գործադրած հալածանքները: Աշոտ Բագրատունու հետ միասին ներքին հանդարտության մեջ է պահել երկիրը: Կազմակերպել է Բուղայի կողմից խալիֆաթ քշված հայ նախարարների վերադարձը: 
Ձգտել է վերականգնել հայկական պետականությունը` այդ առումով համաձայնության բերելով հայ իշխաններին: Գործուն մասնակցություն է ունեցել հայ–բյուզանդական եկեղեցական հարաբերություններին` պաշտպանելով Հայ եկեղեցու դավանաբանական սկզբունքները: Նրա օրոք Կ. Պոլսի Փոտ պատրիարքը (858–867, 877–886), որը հայտնի էր իր գիտական հմտություններով և վարչական կարողություններով և հունական եկեղեցին անջատել էր լատինական եկեղեցուց, հալածել է Բյուզանդիայում ապրող հայերին և քանիցս փորձել Հայ եկեղեցին միացնել բյուզանդականին` պարտադրելով ընդունել քաղկեդոնականություն: Զաքարիա Ա Ձագեցին նամակ է հղել Փոտ պատրարքին, որով մերժել է Հայ եկեղեցուն հասցեագրված մեղադրանքները, պաշտպանել Հայ եկեղեցու դավանանքը և հիմնավորել, որ հայոց վարդապետությունը համահունչ է տիեզերական առաջին երեք ժողովների դավանությանը: Փոտ պատրիարքը նամակով մեկ անգամ ևս փորձել է ապացուցել Քաղկեդոնի ժողովի ուղղափառությունը և Հովհան եպսկոպոսի միջոցով Աշոտ Բագրատունուն և հայերին առաջարկել քաղկեդոնականություն ընդունել: 862–ին Շիրակավանում Զաքարիա Ա Ձագեցու և Աշոտ իշխանաց իշխանի նախագահությամբ տեղի ունեցած ժողովը մերժել է Փոտի հիմնավորումները: Բյուզանդական կողմը հետագայում ևս դիվանագիտական ճիգեր է գործադրել` գլուխ բերելու եկեղեցական միությունը, որի առհավատչյան 864–867–ներին Զաքարիա Ա Ձագեցու և Փոտի միջև տեղի ունեցած նամակագրական կապերն են: Պայքարել է պավլիկյան աղանդավորական շարժման դեմ: 
Զաքարիա Ա Ձագեցու գրչին են պատկանում թվով 14 ճառեր, քարոզներ և եկեղեցական երկերի մեկնություններ, որոնք տեղ են գտել ճառընտիրների և տոնապատճառների մեջ: Դրանք ընթերցվել են եկեղեցական տոների ժամանակ: Ճառերից մի քանիսը («Ի Մկրտութիւնն», «Ի չարչարանս Քրիստոսի», «Ի մեծի աւուր շաբաթուն թաղմանն Տեառն», «Ի Յարութիւն Քրիստոսի») շարադրված են Նիկոդեմոսի պարականոն ավետարանի, Եղիշեի, Հովհան Ոսկեբերանի աշակերտ Թեոփիլոսի, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ Կեսարացու, Եպիփան Կիպրացու համաբնույթ ճառերի համանմանությամբ: Ճառերի մեծ մասն ունի մեկնողական ուղղվածություն: Զաքարիա Ա Ձագեցու ճառերը կարևոր սկզբնաղբյուրներ են Հայ եկեղեցու աստվածաբանության, քրիստոսաբանության, աստվածաշնչական պարականոնների, եկեղեցական ավանդության, բառագանձի հետազոտման համար: Ճառերն աչքի են ընկնում լեզվաոճական արժանիքներով, հռետորական զուսպ, ճաշակով ձևերի կիրառմամբ: Զաքարիա Ա Ձագեցին համարվում է Հայոց եկեղեցու նշանավոր հայրապետներից: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets