ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հովհաննես Ե Դրասխանակերտցի (899 - 931)

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ե ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ 
(Պատմաբան) (898–929) 
Հայոց կաթողիկոս 898–ից: Հաջորդել է Մաշտոց Ա Եղիվարդեցուն: 

Ծնվել է Այրարատի Դրասխանակերտ ավանում, ծն. թ. անհտ.: Մահացել է 929–ին Աղթամարում, հուղակավորվել Ձորովանքում: 
Մանկուց աշակերտել է իր ազգական (հավանաբար` մորեղբայր կամ հորեղբայր) Մաշտոց Ա Եղիվարդեցի վարդապետին, ուսանել Արտավազդի անապատում և Սևանի վանքում: Բացի Սուրբ Գիրքը ու հոգևոր գրականությունը յուրացնելուց, նա հիմնավորապես ուսումնասիրել է նաև «քերթողական արվեստը»` ժամանակի տեսական–քերականագիտական գրականությունը, որի մասն էր կազմում նաև ճարտասանությունը: 
Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի աթոռակալության տարիներին դարձել է «դրան եպիսկոպոս» և այդ ժամանակներից սկսած կատարել է նաև դիվանագիտական հանձնարարություններ: Երբ Գևորգ Բ կաթողիկոսը 894–ին ձերբակալվել էր Ատրպատականի ոստիկան Ավշին Սաջյանի կողմից և գտնվում էր բանտում` Հովհաննես Դրասխանակերտցին էր, որ ստանձնեց և իրականացրեց Հայոց հայրապետին փրկագնելու գործը: 
897–ին, Գևորգ Բ Գառնեցուն ընդամենը 7 ամիս կաթողիկոսական աթոռին հաջորդելուց հետո վախճանվեց Մաշտոց Ա Եղիվարդեցին: Նրա փոխարեն, հավանաբար 898 թվականի սկզբներին, կաթողիկոսական աթոռ բարձրացավ Հովհաննես Ե Դրասխանակերտցին: 
Հովհաննես Ե Դրասխանակերտցու կաթողիկոսության առաջին տասնամյակն անցավ համեմատաբար խաղաղ ու բարենպաստ պայմաններում: Նորընտիր կաթողիկոսի աթոռակալության այդ շրջանում կատարվեցին Երազգավորսի (Շիրակավանի), Վանեվանի, Կոթի և այլ եկեղեցիների նավակատիքի հանդեսները: 
Իր կաթողիկոսության տարիներին ևս Հովհաննես Ե Դրասխանակերտցին բազմիցս որպես միջնորդ է հանդես եկել իշխանների միջև ծավալված երկպառակչական կռիվների ժամանակ, օգնել է հարթել թագավորների ու անհնազանդ ավատատերերի միջև առաջացած վեճերը: Նա չվարանեց նաև հաշտություն հաստատելու նպատակով մեկնել Ատրպատականի Սաջյան ամիրա Յուսուֆի մոտ, թեև քաջ գիտակցում էր սպառնացող վտանգը: Սաջյան ամիրան նրան բանտ նետեց, որտեղ Հայոց կաթողիկոսն անտանելի նեղությունների ենթարկվեց: Ի վերջո, նրան հաջողվեց փախչելով ազատվել բանտարկությունից և տեղափոխվել Աղվանք: Կաթողիկոսի հաջորդ հանգրվանը Վրաց թագավորությունն էր, որտեղ նա հյուրընկալվել էր Ատրներսեհ թագավորի մոտ: Այստեղ էլ նրան է հասնում Կոստանդնուպոլսի Նիկողայոս պատրիարքի ցավակցական նամակը, որտեղ բյուզանդական եկեղեցու ղեկավարն իր վշտակցությունն էր հայտնում նրան Հայաստանին բաժին ընկած ավերածությունների առթիվ: 
Հայաստան վերադառնալուց հետո Հովհաննես Ե Դրասխանակերտցին հաստատվեց Տարոնում և այստեղից նամակով դիմեց բյուզանդական կայսր Կոստանդին Vll Ծիրանածինին` նրա օգնությունը խնդրելով արաբների դեմ պայքարում: Կաթողիկոսը, այնուամենայնիվ, չընդունեց կայսրություն մեկնելու հրավերը` զգուշանալով քաղկեդոնականությանը հարելու անհիմն մեղադրանքներից: Տարոնից նա անցավ Դերջան, ապա մեկնեց Մանեա այր` Գրիգոր Լուսավորչի գործունեության վայրերը: Իր Պատմության մեջ կաթողիկոսը երանությամբ է հիշում Սեպուհ լեռան ճգնավորների հետ անցկացրած ինը ամիսները: Մեծ դժկամությամբ թողնելով ճգնավորական կյանքը` նա վերադառնում է Այրարատ, որտեղ գահի համար բուռն պայքար էր ծավալվել երկու Աշոտների` Սմբատ l–ի որդի Աշոտ ll Երկաթի և նրա հորեղբորորդի Աշոտ Շապուհյանի միջև: Հայոց հայրապետը հարկադրված է լինում վերստին միջամտել և խաղաղություն հաստատել ազգականների միջև: 
Դժբախտությունները հանգիստ չէին տալիս ծերունազարդ հայրապետին նաև հետագայում: Հատկապես տագնապալից էին 923–924 թվականները, երբ Հայաստանը կրկին ենթարկվեց Սաջյանների զորքերի հարձակումներին: Կաթողիկոսը նախ ապաստանեց Այրիվանքում, ապա մեկնեց Սևան ու Բյուրական: Կրնկակոխ հետապնդող արաբներից փրկվելու համար նա ստիպված էր փախչել Բագարան և հյուրընկալվել Աշոտ Շապուհյանի մոտ: Հիասթափվելով Բագրատունիներից` կաթողիկոսը վերջապես ընդունեց Գագիկ Արծրունու ու նրա եղբայր Գուրգենի հրավերը և հեռացավ Վասպուրական` այստեղ (հավանաբար Աղթամարում) անցկացնելով կյանքի վերջին տարիներն ու ավարտին հասցնելով իր Պատմության շարադրանքը: «Քաղցրաբարո և հեզահայաց» Հայոց հայրապետը, որը «հեռու էր ամբարտավան բարձրահոնությունից», վախճանվել է խորին ծերության հասակում: Նրա մահվան ճշգրիտ թվականը հայտնի չէ, կարելի է ենթադրել, որ Հովհաննես Ե Դրասխանակերտցին իր մահկանացուն կնքել է 929–ին: 
Հովհաննես Ե Դրասխանակերտցին աչքի է ընկել ոչ միայն արդյունաշատ հոգևոր գործունեությամբ: Նա նաև հայ պատմագրական մտքի զարթոնքի փուլի առավել նշանավոր ներկայացուցիչներից մեկն է ու դեռևս միջնադարում վաստակել է «Պատմաբան» անվանումը: «Հայոց պատմությունը» շարադրելիս նրա ձեռքի տակ են եղել ինչպես նախորդ դարերում ստեղծագործած հայ պատմիչների երկերը, այնպես էլ կաթողիկոսական դիվանի վավերագրերը: Կաթողիկոսն իր հոգևոր գործունեության ընթացքում և քաղաքական բնույթի հանձնարարություններ կատարելիս, հավանաբար, կատարել է օրագրային բնույթի գրառումներ: Պատմիչը գիտակցաբար է իր երկը շարադրել բավականաչափ բարդ և խրթին լեզվով` բացահայտորեն դրսևորելով իր գրական ճաշակը: 
Լինելով Հայոց կաթողիկոս` Հովհաննես Ե Դրասխանակերտցին կերտել է Հայոց պատմության շարադրման այնպիսի համակարգ, որն առավել լիարժեք է ներկայացնում Հայոց եկեղեցին և նրա գործունեության պատկերը: Որպես պատմության հիմնական առանցքներից մեկը պատմիչն ընդունել է Հայոց կաթողիկոսների հաջորդականությունը: Հայոց թագավորների և կաթողիկոսների ցանկերն այն երկու հիմնական առանցքներն են, որոնց շուրջ հյուսվել է Հայոց պատմությունը: Ավելին, հեղինակն իր աշխատության գլուխներից մեկը հատկացրել է Հայոց կաթողիկոսներին` հակիրճ բնութագրելով հայրապետների գործունեության ժամանակը, արձանագրելով նրանց աթոռակալության տարեքանակը և այդ ժամանակահատվածում տեղի ունեցած կարևոր անցուդարձերը: Աշխատության այս հատվածը առանձնացվել է Պատմությունից և էական դեր է կատարել հաջորդ դարերի հայ պատմագրության մեջ: Այն հիմք է դարձել կաթողիկոսական ցանկեր կազմելու համար, որոնք բավականաչափ մեծ տարածում են ունեցել հետագա դարերի հայ մատենագրության մեջ: 
Հովհաննես Ե Դրասխանակերտցին հիանալիորեն գիտակցել է Բյուզանդիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի կարևորությունը: Հեղինակը բյուզանդական պետության ջերմ համակիր է` կայսրությունը համարելով քրիստոնեության հուսալի պատվար և միջնաբերդ: Միաժամանակ, սակայն, նա Հայոց եկեղեցու շահերի հետևողական պաշտպան է և քաղկեդոնականների հետ միության համոզված հակառակորդ: 
Բյուզանդական եկեղեցու հավակնությունները մերժելու տեսանկյունից ուշադրության է արժանի այն աշխատանքը, որ Հովհաննես Ե Դրասխանակերտցին կատարել է Հայոց եկեղեցու վաղ պատմությունը ներկայացնելիս: Նրան նախորդած հայ պատմիչները Հայոց եկեղեցու պատմության առաքելական շրջանը ներկայացնելուց հետո անմիջապես անցնել են Հռիփսիմյանների և Գրիգոր Լուսավորչի գործունեության նկարագրությանը: Այսպիսով, ստացվել է շուրջ երկուսուկես հարյուրամյակի խզում` Հայոց եկեղեցու պատմության առաքելական և լուսավորչական շրջանների միջև: Հովհաննես Դրասխանակերտցին նկատել է այդ բացը և փորձել այն լրացնել հայ վարքագրությունից վերցված տվյալներով` յուրօրինակ միջանկյալ օղակ ստեղծելով Հայոց եկեղեցու պատմության ժամանակագրական շղթայում: 
Հովհաննես Ե Դրասխանակերտցու սկզբունքային մոտեցումները Հայոց եկեղեցու պատմության հարցերում ակնհայտ են նաև Պատմության այլ դրվագներում: Խոսելով Ներսես Մեծի մասին` պատմիչը նրան անվանում է պատրիարք` ցանկանալով նշել Հայոց եկեղեցու ինքնակայությունը դեռևս lV դարում: Հնարավոր առարկությունները հերքելու նպատակով, Հովհաննես Ե Դրասխանակերտցին ընդգծում է այն հանգամանքը, որ մինչև Հայոց եկեղեցու ղեկավարի պատրիարք հռչակվելը նմանօրինակ իրավունք էին ձեռք բերել Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հոգևորականության ղեկավարները: Ստացվում է, որ քրիստոնեական եկեղեցու աստիճանակարգությունում, ըստ չորս ավետարանիչների թվի, չորս պատրիարքներ ունենալու սկզբունքը արդեն խախտված էր: Հետևաբար հայերը չէին, որ փորձել են փոփոխություններ մտցնել քրիստոնեական եկեղեցու կառավարման ավանդական համակարգի մեջ: 
Ըստ նրա, Հայոց եկեղեցին ինքնակամ դառնալու համար իրավունքներ ուներ նաև այն պատճառով, որ Հայոց եկեղեցու ներսում արդեն ձևավորվել էին ինը դասեր` իրենց իրավունքներով ու պարտականություններով: Եկեղեցական ինը դասերի մասին տեսությունը հետագա դարերի ընթացքում լայն տարածում է ստացել ինչպես հայ պատմիչների, այնպես էլ եկեղեցական գործիչների շրջանում և օգտագործվել է Հայոց եկեղեցու իրավունքները հիմնավորելու նպատակով: 
Հովհաննես Դրասխանակերտցու դիրքորոշումը հետևողական է աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունները գնահատելիս: Նա հակված է գերապատվությունը տալու հոգևոր իշխանությանը, սակայն հայ հասարակության այդ երկու ուժերի համերաշխությունը բացարձակապես պարտադիր պայման է համարել: Նրա կարծիքով, Հայոց պետության ամբողջականությունն է, որ ապահովում է նաև Հայոց եկեղեցու միասնությունը: 
Այսպիսով, Հովհաննես Ե Դրասխանակերտցին առանձնանում է հայ պատմիչների շարքում Հայոց եկեղեցու պատմությանը մանրամասնորեն անդրադառնալու և այն համակարգելու առումով, ուստի նրան կարելի է համարել Հայոց եկեղեցու պատմության առաջին հետազոտողներից մեկը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets