ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Անանիա Ա Մոկացի (943 - 967)

ԱՆԱՆԻԱ Ա ՄՈԿԱՑԻ
(946–968)
Հայոց կաթողիկոս 946–ից: Հաջորդել է Եղիշե Ա Ռշտունուն:

Ծնվել է Մոկաց աշխարհի Մոկս գավառակի Փեսավանք (Փաս) գյուղում, ծն. թ. անհտ.: Մահացել է մոտ 968–ին Շիրակավանում, հողին է հանձնվել Արգինայի վանքում:
Նախնական կրթությունն ստացել է Աղթամարի և Վարագա վանքերում, ապա եղել է Վարագավանքի առաջնորդ: Նրա գահակալման սկզբնական տարիներին Աղվանից Սահակ կաթողիկոսը և Սյունյաց Հակոբ եպիսկոպոսը, օգտվելով կաթողիկոսի նստավայրն Աղթամարում գտնվելու և մեկուսացված լինելու հանգամանքից, հրաժարվել են ենթարկվել նրան: Աղվանից կաթողիկոսը կամեցել է իր իշխանությանը ենթարկել նաև Արցախ և Ուտիք նահանգների հայ հոգևորականներին, նրանց ապահովել մյուռոնով, կատարել նրանց ձեռնադրությունը: Նրանից մյուռոն է ստացել նաև Սյունյաց Հակոբ եպիսկոպոսը, քանի որ դժվարացել է հեռավոր Աղթամար մեկնել և սրբազան յուղը ստանալ Անանիա Ա Մոկացուց: Ստեղծված իրավիճակում Անանիա Ա Մոկացին 949–ին Հայոց Աբաս Բագրատունի թագավորի կարգադրությամբ իր աթոռը տեղափոխել է Բագրատունիների թագավորություն` Արգինա գյուղաքաղաք: Այստեղ ձեռնարկել է վանական համալիրի կառուցումը, որն ավարտվել է նրա քեռորդի Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսի օրոք (973–992): Արգինայից Անանիա Ա Մոկացին նվիրակներ է ուղարկել Աղվանից կաթողիկոսի և Սյունյաց եպիսկոպոսի մոտ, որոնք սակայն շարունակել են իրենց պառակտիչ ուղեգիծը: 950–ին Անանիա Ա Մոկացին մեկնել է Սյունիք և Ճահուկ գավառի Արդախ գյուղում հրավիրել եկեղեցաժողով, որտեղ կարգալույծ է արել նրանց: Սակայն Աղվանից եպիսկոպոսն ու Սյունյաց եպիսկոպոսը տեղացի իշխանների հովանավորությամբ շուրջ ինը տարի շարունակել են չենթարկվել Հայոց կաթողիկոսին` անտեսելով նրա հորդորները: 958–ին Սյունյաց Ջևանշեր իշխանի հրավերով Անանիա Ա Մոկացին վերստին մեկնել է Սյունիք, վերանորոգել տվել Տաթևի վանքը և Սյունյաց եկեղեցու առաջնորդ է ձեռնադրել նույն իշխանի որդի Վահանին: Այնուհետև մեկնել է Աղվանք և ձեռնադրել Դավիթ կաթողիկոսին (958–965): Այդպիսով Անանիա Ա Մոկացի կաթողիկոսին հաջողվել է կանխել Հայոց եկեղեցու պառակտումը և վերահաստատել իր հոգևոր գերակայությունն Աղվանից կաթողիկոսության նկատմամբ:
963–ին Անի մայրաքաղաքում գումարված ժողովում նախարարների մասնակցությամբ Անանիա Ա Մոկացին Հայոց թագավոր է օծել Աշոտ lll Ողորմածին: Նա փորձել է Վասպուրականի Անձևացիք գավառի եպիսկոպոս Խոսրովին (Գրիգոր Նարեկացու հորը) հետ կանգնեցնել աղանդամետ ուղեգծից, սակայն մերժում է ստացել, ուստի բանադրել է նրան` դատապարտելով «Պատճառ յաղագս զԽոսրով նզովելոյն զԱնձեւացւոց եպիսկոպոսն» վերտառությամբ թղթով:
Անանիա Ա Մոկացու պատվերով իր երբեմնի ուսումնակից Անանիա Նարեկացի վարդապետը շարադրել է «Գիր խոստովանութեան» և «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց» գործերը:
Անանիա Ա Մոկացին հետևողական պայքար է մղել Բյուզանդիայի կայսերականացված եկեղեցու նկըրտումների դեմ` վայելելով Բագրատունի թագավորների զորակցությունը: Այդ պայքարի ընթացքում 960–ականներին նա հրապարակել է օրենք քաղկեդոնականներին վերամկրտելու մասին, որը սակայն 968–ից հետո վերացվել է:
Անանիա Ա Մոկացու գահակալման տարիներին կառուցվել կամ վերանորոգվել են Սանահնի, Նարեկա, Հոռոմոսի, Կամրջաձորի և Կապուտքարի (Արշարունիքում), Խլաձորի (Դերջանում), Հինձք գյուղի (Կարին գավառում) վանքերը, որոնք դարձել են նաև մշակութային և կրթական կենտրոններ: Անանիա Ա Մոկացու բեղմնավոր գործունեության շնորհիվ Հայոց եկեղեցին ամրապնդել է իր հինավուրց հիմքերը, բարձրացրել իր հեղինակությունը, նպաստել Հայոց պետականության ամրակայացմանը, երկրի միասնությանն ուղղված հոգևոր–մշակութային և պետաիրավական ձեռնարկումներին:
Անանիա Ա Մոկացին հեղինակել է բազմաթիվ թղթեր, որոնցից պահպանվել են միայն չորսը [դրանց քննական բնագրերը հրատարակել է Գ. Տեր-Մկրտչյանը «Արարատ» ամսագրի 1897 դ 2–րդ (էջ 91–96), 3–րդ (էջ 129–144) և 6–րդ (էջ 275–288) համարներում]: Այդ թղթերում նա անդրադարձել է դարաշրջանի կարևոր խնդիրների` ներեկեղեցական իրողություններին, նաև Աղվանից եկեղեցու հետ Հայոց եկեղեցու հարաբերություններին: Թղթերը հագեցված են պատմական արժեքավոր տեղեկություններով: Համաձայն Ստեփանոս Օրբելյանի մի վկայության` Անանիա Ա Մոկացին կազմել է ժողովածու, որը, ցավոք, չի պահպանվել: Վախճանվել է ծերունազարդ տարիքում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets