ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Վահան Ա Սյունեցի (967 - 969)

ՎԱՀԱՆ Ա ՍՅՈՒՆԵՑԻ
(Վահանիկ, Բաղացի) (968–969)
Հայոց կաթողիկոս 968–ից: Հաջորդել է Անանիա Ա Մոկացուն: 969–ին գահընկեց է արվել և հեռացվել կաթողիկոսական գահից:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 972–ին Վասպուրականի նահանգի Տոսպ գավառի Ձորովանքում, որտեղ էլ ամփոփվել է:
Սյունյաց նահանգի Բաղք գավառի իշխան Ջևանշիրի որդին, Ձագիկի թոռը, այդ իսկ պատճառով գրականության մեջ կոչվել է Սյունեցի կամ Բաղացի` իշխանական ծագում ունենալու համար: Երբեմն փաղաքշական նրան կոչել են նաև Վահանիկ: Ըստ Մատթեոս Ուռհայեցի պատմիչի` Վահան Սյունեցին հայրապետական գահին է բազմել ՆԻԵ (976) թվականին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Սամուել Անեցու, Վարդան Վարդապետի և Կիրակոս Գանձակեցու` Վահան Ա Սյունեցին գահակալել է մեկ կամ երկու տարի, իսկ Ասողիկի և Մատթեոս Ուռհայեու վկայության համաձայն` 5 տարի: Կրթությունն ստացել է Վահանավանքի դպրոցում` հորեղբոր` Վահանի հովանավորությամբ: Ընդունել է կուսակրոնության ուխտ, եպիսկոպոս ձեռնադրվել Անանիա Ա Մոկացու ձեռամբ և դարձել Վահանավանքի վանահայրը:
958–964–ներին գլխավորել է Սյունյաց աթոռը, ընդարձակել նրա կալվածքներն ու տնտեսությունը: Անանիա Ա Մոկացի հայրապետի վախճանից հետո «վասն առաւել սրբութեանն եւ իմաստութեանն» Շիրակավանի ժողովում ընտրվել է Հայոց կաթողիկոս:
Վահան Ա Սյունեցի կաթողիկոսի գործունեությանը տրվել են իրարամերժ գնահատականներ: Եթե Ներսես Լամբրոնացին իր «Ատենաբանության», Ստեփանոս Օրբելյան պատմիչն իր «Պատմության» մեջ մեծարանքով են խոսում նրա մասին, Մատթեոս Ուռհայեցին պարզապես արձանագրում է «լաւն ի բնաւցս զերանելին Վահան», «սուրբ Հայրապետն Հայոց Վահան», ապա Հայ եկեղեցու ավանդության ջատագովների կողմից մեղադրվել է քաղկեդոնականությանը հարելու համար: Նա սերտ հարաբերոթյուններ է ստեղծում Վրաց եկեղեցու հետ, Հայաստան ներմուծում վրացական սրբապատկերներ և կարգադրում դրանցով զարդարել եկեղեցիների սուրբ սեղանները և «հրամայէր յամենայն եկեղեցիս զնոյն առնել, ըստ Հոռոմոց սահմանին կաւնիւք զարդարել եւ առանց կաւնի ոչ առնել պատարագ»: Հայրապետի այս քայլը լուրջ դժգոհություն է առաջացրել եկեղեցական շրջաններում երկու պատճառով: Նախ` քաղկեդոնականության ազդեցության տարածման, երկրորդ` չնայած մինչ այդ Հայ եկեղեցին ընդունում էր սրբապատկերների գործածությունը, սակայն հայոց մեջ առաջնայինը Ս. Խաչի նշանն էր: Բնականաբար, ավանդաբար Սուրբ Սեղանի վրա զետեղված Ս.Խաչի երկրորդ պլան մղվելը և սրբապատկերներին առաջնություն տալը պետք է դժգոհություն առաջացներ եկեղեցական շրջաններում: Սկզբնաղբյուրների վկայության համաձայն` Վահան Ա Սյունեցին ձգտել է Հայ եկեղեցին միավորել Հույն և Վրաց եկեղեցիների հետ, միության բովանդակությամբ նամակներ հղել Մելիտենե քաղաքի Թեոդորոս մետրոպոլիտին և բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկին:
Խնդրին լուծում տալու համար Հայ եկեղեցու եպիսկոպոսների և վարդապետների պահանջով 969–ին Աշոտ III Ողորմած թագավորը Անիում ժողով է գումարում, որը քննում է կաթողիկոսին հասցեագրված մեղադրանքները: Վահան Ա Սյունեցին, կանխազգալով ժողովի որոշումը, փախչում և ապաստան է գտնում Վասպուրականի թագավոր Աբուսահլ-Համազասպի մոտ: Անիում գումարված ժողովը գահընկեց է հայտարարում նրան և նոր հայրապետ ընտրում Սևանի վանքի վանահայր Ստեփանոս Սևանցուն: Աբուսահլ-Համազասպ թագավորը չի ճանաչում նորընտիր կաթողիկոսի ընտրությունը և վավերական հայրապետ է համարում Վահան Ա Սյունեցուն: Ստեղծված երկպառակությանը վերջ տալու համար Հայոց նորընտիր կաթողիկոս Ստեփանոս Գ Սևանցու գլխավորությամբ պատվիրակություն է մեկնում Վասպուրական` հանդիպելու և խոսելու թագավորի և Վահանի հետ: Սակայն թագավորը հրամայում է ձերբակալել պատվիրակության անդամներին, որոնք արգելափակվում են Աղթամար կղզում: Որոշ ժամանակ անց վարդապետներն ազատ են արձակվում, իսկ Ստեփանոս Գ Սևանցի կաթողիկոսը տեղափոխվում է Կոտորոց բերդ: Երկու տարի անց` 972-ին վախճանվում են թե՛ Վահան Ա Սյունեցին և թե՛ Ստեփանոս Գ Սևանցին: Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվում Խաչիկ Ա Արշարունին` վերջ դնելով երկարամյա պառակտմանը:
Վահան Ա Սյունեցին շինարարական լայն գործունեություն է ծավալել Սյունիքում. իշխանական նվիրատվությունների միջոցով հիմնովին վերակառուցել է Վահանավանքի գլխավոր` Ս. Գրիգոր եկեղեցին, կառուցել գավիթն ու սյունասրահը, սեղանատունը, Տիգրանասարի ակունքներից կավե փողրակներով խմելու ջուր է բերել մինչև վանք, ընդարձակել Տաթևի և մյուս վանքերի կալվածային տնտեսությունները:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets