ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ստեփանոս Գ Սեւանցի (969 - 971)

ՍՏԵՓԱՆՈՍ Գ ՍԵՎԱՆՑԻ
(969–972)
Հայոց կաթողիկոս 969–ից: Հաջորդել է Վահան Ա Սյունեցուն:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 972–ին Վասպուրականի Տոսպ գավառի Կոտորոց բերդում:
Նախապես Սևանի վանքի վանահայր, եղել է առաքինի և խաղաղասեր անձնավորություն: Վահան Ա Սյունեցի կաթողիկոսի հարցը քննելու համար 969–ին Աշոտ III Ողորմածի հրամանով Անիում ժողով է գումարվում: Որոշվում է կարգալույծ անել Վահան Ա Սյունեցի կաթողիկոսին և կաթողիկոս նշանակել Սևանի վանքի վանահայր Ստեփանոս Սևանցուն:
Ստեփանոս Սևանցու մասին հիշատակվում է, թե, «հարազատ արեան սրբոց առեն Աստուծոյ Մաշտոցի»: Այս ամենը վկայում է, որ ընտրության համար նշանակություն է ունեցել նրա արյունակցական կապը: Սակայն կաթողիկոսական նոր ընտրությունն ակնկալվող արդյունքը չունեցավ: Վասպուրականի թագավոր Աբուսահլ–Համազասպը ստանձնեց Վահան Ա Սյունեցի գահընկեց կաթողիկոսի պաշտպանությունը: Վերջինս նզովեց Ստեփանոս Գ Սևանցուն, Աշոտ III թագավորին և ժողովի մյուս մասնակիցներին: Ստեփանոս Գ Սևանցին էլ իր հերթին նրան նզովեց և այսպես «յերկոցունց կողմանց նզովիւք լցին զաշխարհս Հայոց»:
Այսպիսի շփոթ կացության մեջ հնարավոր չէր օրինավոր հայրապետական գործունեություն ծավալել: Գրեթե անշուք է անցել նրա կաթողիկոսության ժամանակաշրջանը: Ստեփանոս Գ Սևանցու մասին ասվում է, որ հովվում էր «զարեւելեաց կողմն Հայոց», ինչը ցույց է տալիս, որ վերջինիս կաթողիկոսությունը պարփակվում էր միայն Այրարատի մեջ:
Շուտով գումարվեց Անիի երկրորդ` 971–ի ժողովը, որը պետք է լուծեր կուտակված մի քանի կնճռոտ խնդիրներ: Այդ ժողովին մասնակցել են ոչ միայն Այրարատի և Սյունիքի, այլև Հայաստանի այլ գավառների եպիսկոպոսներն ու վարդապետները, որոնք չէին ենթարկվում մրցակից Հայոց կաթողիկոսներին և հաշտարարի դեր էին կատարում:
Ցանկանալով վերջ դնել պառակտմանն ու հայրապետության բաժանմանը` Ստեփանոս Գ Սևանցին խոնարհամիտ և խաղաղասեր առաքելությամբ, Մովսես և Բաբկեն վարդապետների հետ մեկնեց Աղթամար` Վահան Ա Սյունեցու և Վասպուրականի թագավորի հետ բանակցելու: Սակայն վերջիններս, չցանկանալով բանակցել, հրամայեցին Ստեփանոս Գ Սևանցուն և երկու վարդապետներին բանտարկել Աղթամար կղզում: Որոշ ժամանակ անց վարդապետներն ազատ են արձակվում, իսկ Ստեփանոս Գ Սևանցի կաթողիկոսը փոխադրվում է Կոտորոց բերդ, որտեղ էլ 972–ին կնքում իր մահկանացուն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets