ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Խաչիկ Ա Արշարունի (972 - 992)

ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԵՑԻ 
(Արշարունի) (973–992)
Հայոց կաթողիկոս 973–ից: Հաջորդել է Ստեփանոս Գ Սևանցուն:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 992–ին: Ամփոփվել է կաթողիկոսանիստ Արգինայի Ս. Կաթողիկե եկեղեցու հյուսիսային կողմում:
Ավարտել է Կամրջաձորի (Կապուտքար) աստվածաբանական նշանավոր դպրոցը: 971–ին Վասպուրականում Ստեփանոս Գ Սևանցի կաթողիկոսի ուխտադրուժ ձերբակալությունից հետո վարել է կաթողիկոսարանի գործերը և վերջինիս մահվանից հետո` 973–ին, նրան եկեղեցական ժողովի որոշմամբ և «հրամանաւ թագաւորին, որ Ողորմածն (Աշոտ III) կոչիւր, ժողովեալ ընտրելոց արանց եւ եպիսկոպոսաց սրբոց, կացուցանեն յԱթոռ հայրապետական»: Հոգևոր գործունեության ասպարեզում Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսը մեծ հմտությամբ զուգակցել է բարձրաստիճան նվիրապետի, աստվածաբանի և հմուտ կազմակերպչի լավագույն հատկանիշները:
Խաչիկ Ա Արշարունեցու հայրապետության շրջանն ընթացել է հոգևոր, հասարակական և քաղաքական բարդ պայմաններում: Հետևողական գործունեությամբ նրան հաջողվել է վերջ տալ X դարի 70–ական թվականներին Վահան Ա Սյունեցու և Ստեփանոս Գ Սևանցու միջև ձևավորված կաթողիկոսական պառակտմանը:
Կազմակերպչական գործունեության ոլորտում Հայ եկեղեցու համար կարևորագույն իրադարձություններից է 972–ի կաթողիկոսական աթոռի տեղափոխությունն Արգինա, որտեղ Խաչիկ Ա Արշարունեցու հովանավորությամբ կառուցվել է երեք եկեղեցիներից բաղկացած համալիր: Դրանով ոչ միայն հաջողվեց վերջ տալ ներեկեղեցական պառակտումներին, այլև էական քայլ կատարվեց եկեղեցու կենտրոնացման գործում: Նրա եկեղեցանվեր գործունեության վկայություններից է Արգինայում հիմնադրված մատենադարանը: Նա ձևավորել է «ուսումնական աստվածաբան վարդապետների» ազդեցիկ մի խումբ և խթանել դրա գործունեությունը: Խաչիկ Ա Արշարունեցու հայրապետության շրջանում կառուցվել է Մարմաշենի նշանավոր համալիրը, բուռն վերելք է ապրել հայ աստվածաբանական միտքը, որի ականավոր ներկայացուցիչներն էին Խոսրով Անձևացին, Անանիա Նարեկացին, Սամվել Կամրջաձորեցին և ուրիշներ:
Խաչիկ Ա Արշարունեցին անմնացորդ նվիրվել և ակտիվորեն մասնակցել է Աշոտ III և Սմբատ II Բագրատունի թագավորների կողմից հայոց պետականության ամրապնդման և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Նա մեծ հոգատարություն է ցուցաբերել նաև Բյուզանդիայի տիրապետության ներքո գտնվող հայկական գավառների և դրանցից դուրս գտնվող հայ հավատացյալների պաշտպանության գործին: Եպիսկոպոսներ ձեռնադրելով` նա Հայ եկեղեցու պաշտպանության տակ է վերցրել Անտիոքի, Տարսոնի և Սելինունդիայի (Իսավրիա) հայկական համայնքները, ինչպես նաև Միջերկրածովյան ավազանի հայկական առանձին գաղթավայրեր: Մահից քիչ առաջ` 990–ին, Հայոց թագավոր է օծել Գագիկ Ա Բագրատունուն:
Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսի գահակալության շրջանը նշանավորվել է նաև հայ–բյուզանդական դավանաբանական վեճերով: Բյուզանդական Վասիլ II կայսեր կրոնական քաղաքականության հետևանքով չափազանց սրվեց բյուզանդական արևելքի նվիրապետական կենտրոնների հակամարտությունը ոչ քաղկեդոնական եկեղեցիների, հատկապես Հայ եկեղեցու դեմ: Սեբաստիայի և Մելիտենեի քաղկեդոնական մետրոպոլիտների ղեկավարւթյամբ բացահայտ հալածողական քաղաքականություն սկսվեց հպատակ հակաքաղկեդոնական հայերի նկատմամբ: Տարբեր արգելքներ հարուցվեցին Հայ եկեղեցու գործունեության համար, բռնություններ կիրառվեցին ոչ միայն շարքային համայնականների, այլև հոգևորականների նկատմամբ: Երկու մետրոպոլիտները քրիստոսաբանական հարցերի շուրջ դավանաբանական թղթակցություն են սկսել Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսի հետ:
Հանդես գալով ավետարանական անանց ճշմարտությունների և դրանց վրա հենված ընդհանրական ու տեղական հայրերի ուղղադավանության դիրքերից` Խաչիկ Ա Արշարունեցին հիմնավորել է Հայոց եկեղեցու ուղղափառությունը: X դարավերջի հայ–բյուզանդական աստվածաբանական վիճաբանությունները հավաստում են, որ Հայ եկեղեցին և նրա աստվածաբան վարդապետները քաջածանոթ են եղել Քաղկեդոնի, այլև VI–VIII դարերի բյուզանդական տիեզերական ժողովների (Կ. Պոլսի 553–ի, 680–681–ի և Նիկիայի 787–ի) դավանաբանական որոշումներին և կարողացել են աստվածաբանական պատշաճ մակարդակով հակադրվել դրանց ու պաշտպան կանգնել ուղղադավանությանը:
Արմատապես մերժելով «երկու բնությունների, երկու կամքի և երկու ներգործության» վերաբերյալ քաղկեդոնական վարդապետությունը, Խաչիկ Ա Արշարունեցին այն բնութագրում է իբրև «կեղծ քարոզչություն» և մերժում դրա շուրջ համերաշխելու բոլոր հրավերները: Խաչիկ Ա Արշարունեցին քաղկեդոնականությանը հակադրում է Նիկիայի 325–ի, Կ.Պոլսի 381–ի, Եփեսոսի 431–ի տիեզերական ժողովների աստվածաբանական որոշումները, ինչպես նաև դրանց վրա խարսխված Հայ եկեղեցու հայրերի ուղղադավան վարդապետությունը:
Ավետարանական անանց ճշմարտությունների, առաքյալների և Սուրբ Հայրերի հետևությամբ Խաչիկ Ա Արշարունեցին քաղկեդոնականներին հարց է տալիս, թե նրանք Քրիստոսի ո՞ր բնությունն են կոչում «Որդի Բարձրելոյն, կամ զո՞ր բնութիւն ասէք Փրկիչ եւ Օծեալ եւ Տէր … ո՞ւմ արդեօք զփառսն հայրենի ասէք, մարմնո՞յն եթէ Աստուածութեանն»: Հիմք ընդունելով ավետարանական «Միածին Որդուն տուեց» դեպի խաչ և մահ հավատամքը` Խաչիկ Ա Արշարունեցին գրում է. «Արդ բաժանեա՛ զՄիածինն, թէ ո՞ր արդեօք բնութիւն էր, որ տուաւ ի Հօրէ»: Չէ՞ որ ավետարանիչն ասում է «Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից` Մարդու Որդին, որ երկնքից էր»: Եվ մի՞թե Քրիստոսն ինքն աշակերտներին չասաց, որ կտեսնեն «…Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր…»: Պաշտպանելով ուղղադավան ավանդության և հայրերի վարդապետությանը, Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսը քաղկեդոնականներին ի ցույց է դնում. «Զայսքան բազմապատիկ եւ հզօրագոյն բացերեւութեամբ զխորհուրդ միաւորութեան մարմնացելոյ Բանին Աստուծոյ թողեալ` յերկուս պատառէք զմիաւորութեան պատմուճանն, զանազանեալ բնութեամբ եւ կամօք, զոր ոչ գրեցին եւ ոչ քարոզեցին Առաքեալքն»:
Դատապարտելով հերձվածները ու դրանց պարագլուխներին` Խաչիկ Ա Արշարունեցին անվերապահ մերժում է քաղկեդոնականության շուրջ միաբանվելու առաջարկը, քանզի Հայ եկեղեցին չի բաժանում Հիսուս Քրիստոսի բնությունը, այլ դավանում է «ոչ փոփոխումն այնր բնութեան յայս, եւ ոչ այսր յայն, այլ միացեալ, մի՛ լեալ անճառապէս եւ ի վեր քան զբան»: Աստվածաբանական այդ դիրքերից հռչակվում է Հայ առաքելական եկեղեցու ուղղադավան քրիստոսաբանության հետևյալ բանաձևումը` մեկ անձնավորություն, մեկ ներգործություն և մեկ դեմք, կատարյալ Աստված և կատարյալ մարդ, որը նույն ինքը` Հիսուս Քրիստոսն է:
Դա է Ս. Գրիգոր Լուսավորչից ժառանգված այն հավատամքը, որին ապավինելով` նախանձախնդիր Հայ եկեղեցին երբեք տուրք չի տվել ոչ մի աղանդի կամ հերձվածողության: Վկայակոչելով Ս. Հայրերին, Խաչիկ Ա Արշարունեցին քաղկեդոնական մետրոպոլիտին ի ցույց է դնում. «Տե՛ս, զանճառ միաւորութիւն Բանին եւ մարմնոյն ի մի զօրութիւն զօրացոյց, ի մի աստուածութիւն ժողովեաց, մի գոլ Տէր, մի Քրիստոս. ո՛չ երկու Քրիստոսք եւ ո՛չ երկու Աստուածք ի նոյն մարմին հոգեւոր, ի նոյն աստուածութիւն անհասանելի»: Քրիստոսաբանական այդ հավատամքի դիրքերից Հայոց հայրապետը հռչակում է, որ թեև «… փոքր իսկ է փարախս, սակայն ի գայլոց անկոխելի է զաւրութեամբ յուսոյն մերոյ Քրիստոսի Աստուծոյ»:
Անդրադառնալով «երկու կամքի» քրիստոսաբանական ուսմունքին` Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսը քաղկեդոնականությունը մերժում է ավետարանական ուսմունքի դիրքերից, ըստ որի նա, ով դավանում է երկու` «մարմնի ու մտածողության կամք», դրանով արարում է «Որդիք բարկութեան»: Ճիշտ այդպես էլ, եթե երկու կամքն է աստվածացվում, ինչպես դա անում էին քաղկեդոնականները, ապա «ի մեր փրկութիւն տնօրինաբար միով իշխանականաւ թողացուցանէր մարմնովն կրել զանանգոսանելի կիրսն», այլ կերպ ասած` «զաստուածային միայն յայտ առնէք զկամսն, վեհագունութեամբ յաղթողն ամենայնի … իբրեւ ոչ եթէ առանձին ինչ իցեն Որդւոյ կամք քան թէ Հօր, այլ որպէս թէ ոչ իցեն, բանս է»:
Աստվածաշնչագիտական քրիստոսաբանության և ուղղադավան Հայրերի վարդապետության հիման վրա Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսը մերժում է նաև «երկու ներգործության» քաղկեդոնական վարդապետությունը և հիմնավորում «մի զորություն և մի ներգործություն» հավատամքը:
Խաչիկ Ա կաթողիկոսը քրիստոսաբանական չարափառ ուսմունքների շարքն է դասում նաև եվտիքեսականներին: Եվ քանի որ Եվտիքեսի վարդապետության հետ կապված ասպարեզ իջավ նաև «միաբնակություն» եզրը, որով քաղկեդոնականները պիտակում էին հակաքաղկեդոնական եկեղեցիները, Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսը Հայ եկեղեցու հավատքային կողմնորոշման դիրքերից դատապարտում է այդ «նանիր գայթակղեցնողի ուսմունքը» և հռչակում. «զմի բնութիւն Եւտիքեայն ասելով, զորս նզովեմք եւ օտար վարկանիմք յԱստուծոյ եւ յընդհանրական Եկեղեցւոյ. եւ լո՛ւր լիցի խոստովանութիւն հաւատոյս մերոյ ամենեցուն, որք կամին ուղիղ լսել»: Այդ դիրքերից Հայոց հայրապետը վիճաբանական քրիստոսաբանական հարցերի վերաբերյալ հռչակում է Հայ առաքելական եկեղեցու հավատամքը. «Վասն այնորիկ ոչ հաւանիմք նորաձայնութեան ժողովոյն Քաղկեդոնի եւ տումարին Լեւոնի ասելովն` երկու բնութիւնս ի մարմնացեալն Աստուածն Բանն. այլ խոստովանիմք զՔրիստոս ոչ Աստուած մերկ, եւ ոչ մարդ սոսկ, եւ ոչ Աստուած եւ մարդ որոշեալ հակառակ, այլ Աստուած մարդացեալ, եւ որպէս Միածին ի Հաւրէ, նոյնպէս միածին ի մաւրէ, մի որդի. եւ որպէս մի որդի` մի Քրիստոս, եւ որպէս մի Քրիստոս` մի անձն, եւ որպէս մի անձն` մի դէմ, եւ որպէս մի դէմ` մի կամք, եւ որպէս մի կամք` մի ներգործութիւն, եւ որպէս մի ներգործութիւն` մի բնութիւն, որպէս եւ է մի բնութիւն»:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets