ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.07.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Սարգիս Ա Սեւանցի (992 - 1019)

ՍԱՐԳԻՍ Ա ՍԵՎԱՆՑԻ
(992–1019)
Հայոց կաթողիկոս 992–ից: Հաջորդել է Խաչիկ Ա Արշարունեցուն: 1019–ին ինքնակամ հրաժարվել է կաթողիկոսական գահից:

Ծնվել է մոտավորապես 929–ին, ծն. վայրն անհտ., մահացել 1022–ին Հոռոմոսում: Ամփոփվել է Հոռոմոսի վանքում:
Ուսանել է ժամանակի ճանաչված հոգևոր կենտրոն Սևանավանքում: Եղել է դարաշրջանի նշանավոր վարդապետներից: Շողագավանքի, այնուհետև` Սևանավանքի վանահայր, որը «բարւոք վերակացութեամբ հաճոյանար Աստուծոյ եւ մարդկան»: Կաթողիկոս է ընտրվել եպիսկոպոսական ժողովում` Հայոց Գագիկ I Բագրատունի թագավորի հովանավորությամբ: Հմուտ հոգևոր գործունեության շնորհիվ մեծարվել է իբրև «տիեզերափայլ եւ մեծաշնորհ հովուապետ»:
Սարգիս Ա Սևանցու հայրապետությունն ընթացել է Բագրատունիների թագավորության վերելքի շրջանում: 992–ին նրա ջանքերով կաթողիկոսական աթոռն Արգինայից տեղափոխվել է Անի: Սարգիս Ա Սևանցու օրոք Անիում կառուցվել է հայ եկեղեցական ճարտարապետության գլուխգործոցներից Գագկաշեն Ս. Գրիգոր եկեղեցին: Սարգիս Ա Սևանցու հայրապետության օրոք ծավալված շինարարական աշխատանքներից արժանահիշատակ է նաև 1010–ին Անիի Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Ս. Հռիփսիմյանց վկայարանը, ուր կաթողիկոսը Վաղարշապատից փոխադրել է սրբերի մասունքների մի մասը:
Լինելով Հայ եկեղեցու միության և շահերի պաշտպանության ջատագով` Սարգիս Ա Սևանցին արդյունավետ գործունեություն է ծավալել հոգևոր կյանքում նախկինում տեղ գտած անհնազանդության երևույթներն արմատախիլ անելու գործում: Այդ նպատակով Սյունյաց Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր` Հայոց թագուհի Կատրամիդեի միջնորդությամբ 1006–ին Սարգիս Ա Սևանցին վերահաստատել է Սյունյաց առաքելադիր աթոռի մետրոպոլական աստիճանն ու պատիվը և երկրամաս է վերադարձրել հայրապետանոցի սրբարանում պահպանվող Սյունյաց սեփական խաչը, ոսկերիզ խաչվառը, թանկարժեք գավազանը և պատվական գահավորակը:
Վայելել է հմուտ կազմակերպչի և «ուսմանց հետեւող եւ ուսմունքները քաջալերող»–ի համբավ: Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսը զարկ է տվել կրթությանը և մատենագրությանը, նպաստել հայ ուղղադավան աստվածաբանության զարգացմանը: Նրա հոգևոր իշխանապետության շրջանում իր զարգացման բարձրակետին է հասել Նարեկավանքի դպրոցը, հանձին դպրոցի ականավոր ներկայացուցիչ «աստուածաշնորհ եւ յոգունց գերազանց հրեշտակն ի մարմնի» Գրիգոր Նարեկացու: Թեև Մ. Չամչյանը գրում է, թե «դավանական խնդիրների» պատճառով Սարգիս Ա Սևանցու գլխավորած Անիի ժողովը հալածել է Գրիգոր Նարեկացուն, սակայն այդ պնդումը փաստական հիմնավորում չունի:
Սարգիս Ա Սևանցու հանձնարարությամբ և բարձր հովանավորությամբ է գրվել Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) Տիեզերական պատմությունը, խմբագրվել և ամբողջացվել են Հայսմավուրք, Տոնապատճառ և Գանձարան (հոգևոր Տաղարան) ժողովածուները: Հայոց հայրապետի հովանավորությունն են վայելել նաև ժամանակի հայ պատմագրության և աստվածաբանական մտքի ականավոր ներկայացուցիչներ Սեբաստիայի (այնուհետև` Ուռհայի) եպիսկոպոս Ուխտանեսը, Հովհաննես Տարոնեցին (Կոզեռն), կաթողիկոսարանում գործող Սարգիս, Տիրան, Ենովք վարդապետները, «յոյժ իմաստուն բանիւք» Գրիգոր վարդապետը, Սամուել Կամրջաձորեցին, Հովսեփ Հնձացին և ուրիշներ, որոնց ձեռքով «բարձրանայր յոյժ եղջիւր եկեղեցւոյ ուղղափառ վարդապետութեամբ»:
Սարգիս Ա Սևանցու հովանավորչական գործունեությունն իր բարերար ազդեցությունն է թողել ինչպես եկեղեցական ներքին կյանքը խաթարող թոնդրակեցիների աղանդի դեմ մղվող պայքարի, այնպես էլ` Հայ եկեղեցու դեմ բյուզանդական եկեղեցու կողմից հերթական անգամ ասպարեզ նետված քաղկեդոնականության շուրջ ծավալված աստվածաբանական վիճաբանությունների ընթացքի վրա:
Սարգիս Ա Սևանցու վեհապետության շրջանի նշանավոր իրադարձություններից է Ապահունիք, Մանանաղի և Հարք գավառներում հզորացող թոնդրակեցիների դեմ մղվող պայքարը: Աղանդին անդրադառնալու առիթը Հարքի Հակոբ եպիսկոպոսի մի քանի կարգադրություններն էին, որոնք, «թոնդրակեցվոց սկըզբունքներուն հետևանքները» լինելով, եկեղեցու կողմից դիտարկվել են «հաւատոյն մերոյ նետաձիգ լինել»–ու որակով: Գավառի հավատացյալ համայնքի պառակտմանը վերջ տալու և միությունը վերահաստատելու առումով Տարոնի ժողովը նպատակավրեպ դարձավ և կարիք զգացվեց հայրապետական միջամտության: Հարքի խնդիրը խաղաղությամբ լուծելու նպատակով Սարգիս Ա Սևանցին Հակոբ եպիսկոպոսին հրավիրել է իր մոտ, բայց համոզվելով, որ իր հորդորներն անպատասխան են մնում, «արդարութեան դատաստանը ձեռք առաւ, ի քահանայական կարգէն լուծեալ, եւ աղուէսադրոշմ կերպարանօք խարան յերեսս նոցա եդեալ»: Ապագայում նման միջադեպերը կանխարգելելու միտումով կաթողիկոսն ի լուր Հայ եկեղեցու հայտարարել է, որ այդ կերպ պետք է վարվել բոլոր «յանօրէն թոնդրակեցւոց» հետ: Հակաթոնդրակյան պայքարին մեծապես օժանդակել է նաև Մոկաց աշխարհի Կճավա վանքի վանահորն ուղղված Գրիգոր Նարեկացու հակաթոնդրակյան դավանաբանական թուղթը: Արժանահիշատակ իրադարձություններից է նաև Կունծիկ աբեղայի կողմից ղեկավարվող Մանանաղ գավառի Կաշե և Աղյուս գյուղերի աղանդավորական համայնքների դեմ պայքարը: Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի հակաաղանդավորական ձեռնարկումների արդյունքը թոնդրակեցիների հարկադրական նահանջն էր, որանց գործունեության մասին հետագա հիշատակումները վերաբերում են միայն XI դարի 50–ական թվականների սկզբներին:
Սարգիս Ա Սևանցու հայրապետության շրջանի աստվածաբանական վիճաբանություններից արժանահիշատակ է Նիկոն Պոնտացու (Մտանոյիդես) ջանքերով հերթական անգամ հրապարակ նետված քաղկեդոնականության շուրջ ծավալված հայ–բյուզանդական նոր հակամարտությունը: Այս անգամ ևս ուղղադավանության դիրքերում կանգնած Հայ եկեղեցին կտրականապես դեմ դուրս եկավ «երկու բնությունների և երկու կամքի» թյուր վարդապետությանը և Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի գլխավորությամբ մերժեց քաղկեդոնականության շուրջ համերաշխելու բոլոր առաջարկները: Հայ վարդապետներն ուղղադավան աստվածաբանության դիրքերից հիմնովին մերժեցին նաև քաղկեդոնականների կողմից Հայ եկեղեցուն ներկայացված աստվածաչարչարությանը (Ս. Երրորդության Անձերի միաձուլման և Հայր Աստծու խաչելության), հոգեմարտությանը, եվտիքեսականությանը (միաբնակություն) և պատկերամարտությանը տուրք տալու հերյուրանքները: Ուղղակի Առաքելահաստատ աթոռ լինելու և քույր եկեղեցիների կանոնական հավասարազորության մասին քրիստոնեական ընդհանրական վարդապետության դիրքերից անվերապահ կերպով մերժվել է նաև «Կապադովկիական աթոռից Հայ եկեղեցու կախվածության» բյուզանդական եկեղեցու անհեթեթ հավակնությունը և աստվածաբանական բարձրագույն մակարդակով հիմնավորվել Հայ եկեղեցու ինքնանկախության անկապտելի իրավունքը:
Հայ–բյուզանդական աստվածաբանական վեճերի այս փուլում բուռն քննարկումներ են ծավալվել նաև Հայ եկեղեցու պաշտամունքային պրակտիկայի, մասնավորապես, Երեքսրբյան փառաբանական երգի` «Ս. Աստված»–ի հակաքաղկեդոնական «որ խաչեցար վասն մեր» հավելումի կիրառման, խաչի օծման, հաղորդության բաղարջ հացի և անապակ գինու օգտագործման և այլ հարցերի շուրջ: Այս պարագայում ևս հայ աստվածաբան–վարդապետները հիմնովին մերժել են առաջադրված բոլոր սնանկ մեղադրանքները և պաշտպանել Առաքելադիր Հայ եկեղեցու պաշտամունքային և ծիսադավանական համակարգի ուղղադավան ժառանգությունը:
Վիճաբանական հարցերից էր նաև ծռազատիկի խնդիրը: 247 տարվա ընդմիջումից հետո հայ աստվածաբանների տոմարական հաշվարկների հիման վրա Սարգիս Ա Սևանցին 1007–ին վերականգնել է ծռազատիկի տարում Զատիկը ապրիլի 13–ին տոնելը (առաջին անգամ նշվել է 665–ին, ապա` 760–ին): Վիճաբանական հարցը լուծելու միտումով Վասիլ II կայսրը, ճշգրտելով «յունաց իմաստունների» կարծիքը, Հայ եկեղեցու տեսակետին ծանոթանալու համար դիմել է Գագիկ l թագավորին և Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսին` առաջարկելով Հովսեփ Հնձացի և Հովհաննես Կոզեռն վարդապետներին ուղարկել Կ. Պոլիս: Սակայն վիճաբանական հարցի վերաբերյալ հայ վարդապետները կայսրին են ուղարկել իրենց շարադրված տեսակետը: Վասիլ II կայսեր երկրորդ հրավերից հետո Կ. Պոլիս է մեկնել Սամուել Կամրջաձորեցին, մասնակցել զատկական վիճաբանություններին, «յամօթ եւ սուտ արար զամենայն իմաստունք տանն Յունաց»` աստվածաբանորեն հիմնավորելով Զատկի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու տոմարական հաշվարկների ճշմարտացիությունը: Այդ հիման վրա էլ Հայ եկեղեցին մերժել է ծռազատկի տարում Զատիկը հույների հետ միասին նշել ըստ «զսուտ եւ զխաբեբայ գրոց տումարն Ռիոնի» և հիմք է ընդունել «զճշմարտագիր տումարն մեծին Անդրէասի»:
Սակայն այդ ամենից հետո էլ հայ–բյուզանդական եկեղեցական հարաբերությունները շարունակել են մնալ լարված: Պատմական տեղեկություններ են պահպանվել այն մասին, որ Հայաստանում և բյուզանդական իշխանության ներքո գտնվող հայկական գավառներում քաղկեդոնական քարոզիչների գործունեության հետևանքով ձևավորվել է հայ քաղկեդոնականների փոքրիկ համայնք: Սակայն դրանց դավանափոխության հիմնական պատճառը եղել է ոչ թե հավատի գործոնը, այլ «արևելյան արշավանքների» դեմ քաղկեդոնական Բյուզանդիայի օգնության սին ակնկալիքները:
Սարգիս Ա Սևանցին մեծ ներդրում է ունեցել նաև ավատական կենտրոնախույս ձգտումների դեմ պայքարում, ինչպես նաև Հայոց պետականության ամրապնդման և անվտանգության ապահովման գործում: Հայոց հայրապետի հորդորներով «իբրեւ որդի առ հայր» Տաշիր–Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինն ընդունել է Գագիկ I Բագրատունու կենտրոնական իշխանության նկատմամբ իր հպատակությունը: ՍարգիսԱ Սևանցին մեծ հմտությամբ կարողացել է զսպել նաև վրաց եկեղեցուց ներս ժամանակ առ ժամանակ Հայ եկեղեցու դեմ ի հայտ եկած հավակնոտ տրամադրվածությունները, որով մեծապես նպաստել է դրացի ժողովուրդների միջև բնականոն հարաբերությունների զարգացմանը: Իսկ երբ X դ. վերջին Ատրպատականի Մամլան ամիրան հարձակվել է Հայաստանի վրա, Սարգիս Ա Սևանցին եղել է դիմադրական շարժման կազմակերպիչների շարքում, քաջալերել է հայ–վրացական դաշնակից զորքերին և ժողովրդին: Մեծ հոգածություն է ցուցաբերել նաև 995–ին երկրաշարժից տուժած Ծոփք նահանգի հայության նկատմամբ:
Սարգիս Ա Սևանցին զբաղվել է նաև գրական–երաժշտական ստեղծագործությամբ: Շարակնոցում պահպանվել է նրա գրչին պատկանող Հանգստյան կարգի «Տէր յերկնից» շարականի «Սարսափելի որոտմամբ» սկզբնատողով շարականը:
Բավականին առաջացած հասակում 1019–ին Սարգիս Ա Սևանցին ինքնակամ հրաժարվել է կաթողիկոսական աթոռից և իր ձեռքով կաթողիկոս օծել Պետրոս Ա Գետադարձին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets