ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԽԳ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԶԵՅԹՈՒՆԻ 1862 Թ. ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ 

19-րդ դարի կեսերին Օսմանյան Թուրքիայում շարունակում էին իրենց կիսանկախ դրությունը պահպանել մի քանի հայկական շրջաններ: Դրանցից ամենահայտնին Լեռնային Կիլիկիայում, Մարաշի վիլայեթում գտնվող Զեյթունն էր, որն ուներ մոտ 35.000 բնակչություն: Չնայած թուրքական իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին, այն պահպանում էր իր կիսանկախ վիճակը: Նրանք միայն չնչին հարկ էին վճարում թուրքերին եւ հաճախ հրաժարվում էին նաեւ դրանից: Զեյթունը ղեկավարվում էր չորս հայկական իշխանական տների կողմից` Շովրոյան, Սուրենյան, Յաղուբյան, Ենիտունյան (Նորաշխարհյան):
Թուրքական կառավարությունը բազմիցս փորձել էր ընկճել Զեյթունը, սակայն ամեն անգամ պարտություն էր կրել եւ հեռացել: Ձախողվել էր նաեւ 1860թ. փորձը, երբ Մարաշի կառավարիչ Խուրշիդ փաշան մեծ բանակով արշավեց զեյթունցիների դեմ: Ջերմուկի դաշտում զեյթունցիները թուրքերին մատնեցին ջախջախիչ պարտության: 
Մարաշի նոր կառավարիչ Ազիզ փաշան եւս որոշեց գրավել Զեյթունը: Նա սկզբում փորձեց կրոնական հողի վրա հայերի նկատմամբ ատելություն սերմանել շրջակա մահմեդական ցեղերի մոտ, նրանց դրդեց հարձակումներ կատարել Զեյթուն գավառի հայկական գյուղերի վրա: Սակայն զեյթունցիներն արժանի հակահարված տվեցին այդ ավազակային հարձակումներին: 
1862թ. հուլիսին Ազիզ փաշան 10.000-ոց բանակով շարժվեց Զեյթունի վրա: Այս Այս բանակին միացավ մեծ թվով մահմեդական բաշիբոզուկների խաժամուժը, որով թշնամու բանակի թիվը հասավ 40.000-ի: Նրանց խոստացել էին տալ կոտորված զեյթունցիների ունեցվածքը: 
1862թ. հուլիսի 27-ին թուրքերը սկսեցին հարձակումը: Ազիզ փաշան, թալանելով, ավերելով եւ հրո ճարակ դարձնելով իր ճանապարհին գտնվող հայկական գյուղերը, մոտեցավ Զեյթունին, որտեղ հավաքվել էին նաեւ շրջակա գյուղերի բնակիչները: 
Զեյթունցիները պատրաստվեցին վճռական ճակատամարտի: Սուրբ Աստվածածին վանքում գումարվեց ժողով: Զեյթունցիներն ունեին միայն 7.000 ռազմիկներ, որոնք Մկրտիչ Յաղուբյանի, Ղազարոս Շովրոյանի, Նազարեթ Սուրենյանի եւ Ասատուր Ենիտունյանի գլխավորությամբ որոշեցին մինչեւ վերջ պայքարել թուրք հրոսակների դեմ: Ամրացվեցին բոլոր կարեւոր բարձունքներն ու դիրքերը, եւ պատրաստվեցին պաշտպանության` պատրաստ մեռնելու, սակայն չնահանջելու հաստատ վճռականությամբ: Կռվին պետք է մասնակցեին նաեւ կանայք եւ աղջիկները, որոնք ժայռերի վրայից պետք է քարեր նետեին թշնամու վրա, իսկ պարտության դեպքում նետվեին գետը: 
Վճռական բախումը տեղի ունեցավ 1862թ. օգոստոսի 2-ին: Ապավինելով Զեյթունի լեռներին ու ձորերին` զեյթունցիները հետ մղեցին թշնամու բոլոր գրոհները` նրան հասցնելով ծանր հարված: Թշնամու գերակշիռ ուժերին ջախջախելու համար զեյթունցիները ցուցաբերեցին պատերազմական հմտություններ: Մի անգամ զեյթունցի քաջերի մոտ 500 հոգանոց խումբը կռվի բռնվեց թշնամու հետ, ապա նախապես կազմած ծրագրի համաձայն, դիմեց կեղծ փախուստի: Երբ ոգեւորված թուրքերը հետապնդեցին հայկական ուժերին եւ մտան Զեյթունի ձորը, նախապես բարձունքներում դիրքեր գրաված հայերը քարեր գլորեցին եւ հրացանային կրակ բացեցին նրանց վրա: Տալով մոտ 750 սպանված` թշնամին փախուստի դիմեց: Զեյթունցիներն այդ վայրը անվանեցին «Կոտորածի ձոր»: 
Ի վերջո, Ազիզ փաշան, տալով 2.000 սպանված եւ ռազմադաշտում թողնելով երկու թնդանոթ, հեռացավ Զեյթունից: Զեյթունցիներից զոհվեց 77 մարտիկ: Զոհվածների մեջ էր նաեւ երիտասարդ Մարկոս Թաշճյանը, որն իր կյանքի գնով կարողացավ մտնել թուրքական բանակատեղի եւ սպանել թուրք թնդանոթաձիգին: 
Թուրքական կառավարությունը Ազիզ փաշայի փոխարեն Մարաշի նոր կառավարիչ նշանակեց Աշիր փաշային` նրան հանձնարարելով նոր արշավանք ձեռնարկել Զեյթունի վրա: Բալկանյան ժողովուրդների ազատագրական շարժումները ճնշելիս դաժանություններով աչքի ընկած Աշիրը շրջափակեց Զեյթունը` պահանջելով վերադարձնել ռազմավարը եւ վճարել հարկերը: Հաշվի առնելով թշնամու քանակական գերակշռությունը եւ երկարատեւ կռիվ մղելու անհնարինությունը` զեյթունցիները որոշեցին հաշտություն կնքել: 
Զեյթունցիները քահանայի միջոցով ուղարկեցին հարկի եւ ռազմավարի մի մասը: Այնուհետեւ Աշիրի մոտ ուղարկվեց 40 ծերունիներից կազմված մի պատվիրակություն բանակցությունների համար, քանի որ տեւական շրջափակումը կարող էր սովամահության մատնել զեյթունցիներին: Բացի այդ, գործին միջամտեցին Կ. Պոլսի հայոց պատրիարքը եւ ֆրանսիական դեսպանը: Վերջինիս Զեյթունի պատվիրակները հայտնեցին, որ ֆրանսիական օգնության դիմաց զեյթունցիները կընդունեն կաթոլիկություն: Թուրքական կառավարությունն իր հերթին փորձեց հարցը կարգավորել փոխզիջմամբ, որպեսզի Զեյթունը չընկնի Ֆրանսիայի ազդեցության տակ: 
Երկարատեւ բանակցություններից հետո կնքված համաձայնությամբ զեյթունցիները պարտավորվեցին վճարել զինվորական հարկ, առաջին անգամ Զեյթուն էր մտցվելու թուրքական զորախումբ, կառուցվելու էր զորանոց, Զեյթունում նշանակվելու էր թուրք կառավարիչ: Միաժամանակ, թուրքական կողմը վերացրեց Զեյթունի պաշարումը, հրաժարվեց նոր արշավանքներ կազմակերպելուց, ճանաչեց ներքին հարցերում Զեյթունի ինքնուրույնությունը: Փաստորեն, զեյթունցիները որոշ չափով զրկվեցին նախկին կիսանկախ դրությունից: 
Զեյթունի իրադարձությունները լիովին մերկացրին թուրքական թանզիմաթի էությունը: Վերացան պատրանքները, թե դրությունը Օսմանյան կայսրությունում կարող է փոխվել եւ երկրում կարող է հաստատվել իրավահավասարություն տարբեր կրոնական համայնքների միջեւ: 
Զեյթունի հերոսամարտը լայն արձագանք գտավ հայ իրականության մեջ: Մամուլում ներկայացվեցին Օսմանյան Թուրքիայում ազգահալած քաղաքականության դրսեւորումները: Մեծ ժողովրդականություն ստացավ հայ նշանավոր բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի Զեյթունին նվիրված բանաստեղծությունը: Զեյթունի հերոսամարտը խթանեց ազգային ինքնագիտակցության հուժկու զարթոնքին եւ նախակարապետը եղավ արեւմտահայության ազգային-ազատագրական զինված պայքարի համար: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets