ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԾԴ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ 1908 Թ. ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ: ՕՍՄԱՆԻԶՄ ԵՎ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄ

Սուլթան Աբդուլ Համիդի օրոք Օսմանյան կայսրությունը հայտնվեց կործանման եզրին: Հսկայական չափերի հասավ արտաքին պարտքը, լայն ծավալներ ընդունեցին ազգային-ազատագրական շարժումները, երկրի վրա մեծ ազդեցություն ունեին տերությունների դեսպանները, որոնք տարբեր պատրվակներով անընդհատ միջամտում էին կայսրության ներքին գործերին, սուլթանի հետադեմ ֆեոդալական վարչակարգը արգելակում էր երկրի առաջընթացին: 
Այդ ամենը դժգոհություն էր առաջացնում թուրքական բարձրացող բուրժուազիայի շրջանում, որոնք հայտնի էին երիտթուրքեր անունով: Նրանք ստեղծել էին «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը: Սուլթանական վարչակազմը համատեղ ուժերով տապալելու համար 1907թ. դեկտեմբերին Փարիզում համաձայնություն կնքեցին երիտթուրքերը, Հ. Յ. Դաշնակցությունը, հրեական, արաբական եւ մակեդոնական կազմակերպությունները: 
1908թ. հուլիսին Մակեդոնիայում Նիազի եւ Էնվեր բեյերի գլխավորությամբ ապստամբեց բանակը եւ իրականացրեց պետական հեղաշրջում: Օսմանյան կայսրությունում հաստատվեց սահմանադրական միապետություն: Համիդի իրավունքները սահմանափակվեցին, իշխանության լծակներն անցան երիտթուրքերին: Նրանք խոստանում էին հավասար պայմաններ ստեղծել կայսրության բոլոր ժողովուրդների համար, բարելավել նրանց վիճակը: Հայերը խանդավառությամբ ընդունեցին երիտթուրքերի խոստումները, սակայն շուտով խորը հիասթափություն ապրեցին:
Իշխանության գալով՝ երիտթուրքերը որդեգրեցին օսմանիզմի գաղափարախոսությունը: Նրանք ցանկանում էին կայսրության բոլոր ժողովուրդներին ձուլել մեկ` օսմանյան ազգի մեջ: Հայտարարեցին, որ Օսմանյան կայսրության բոլոր հպատակներն օսմանցիներ են եւ պետության առաջ հավասար են` առանց կրոնական ու ազգային խտրականության: Նրանք հայտարարում էին, թե իբր այդպիսով ժամանակի ընթացքում կստեղծվի միասնական լեզու եւ մշակույթ: Միասնական լեզվի տակ, անշուշտ, նրանք հասկանում էին թուրքերենը: Մինչդեռ օսմանիզմի քաղաքականության իրական նպատակն էր ձուլել մյուս ազգերին թուրքերի հետ, վերջ տալ ազգային-ազատագրական շարժումներին եւ ամրապնդել կայսրությունը: Սակայն այդ քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման: Կայսրության ոչ միայն քրիստոնյա ժողովուրդները, այլեւ մահմեդական արաբներն ունեին ազգային բարձր ինքնագիտակցություն եւ նրանց ձուլումը բնականաբար հանդիպեց լուրջ ընդդիմության: 
Օսմանիզմը բացասաբար ընդունեցին նաեւ թուրքերն ու մյուս մահմեդականները, քանի որ դրանով վերանում էր նրանց նախկին արտոնյալ վիճակը, իսկ ոչ մահմեդական ռայաները հավասարվում էին իրենց, ինչը հակասում էր շարիաթի օրենքներին:
Անհաջողության մատնվելով օսմանիզմի քաղաքականության հարցում՝ երիտթուրքերը որդեգրեցին պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Այն ծնունդ էր առել Ռուսաստանի թուրքալեզու ժողովուրդների մոտ, որոնց նպատակն էր ազատագրվել օտար տիրապետությունից, թուրքական ժողովուրդներին համախմբել միասնական պետության մեջ, որը ձգվելու էր Բալկաններից մինչեւ Սիբիր ու Չինաստան: Այդ իդեալն իրականացվելու էր միակ անկախ թուրքական պետության` Օսմանյան կայսրության աջակցությամբ եւ գլխավորությամբ: Պանթուրքիզմի գաղափարախոսները առաջարկում էին թուրքալեզու բոլոր ժողովուրդների ընդհանուր եւ պարտադիր լեզու դարձնել Պոլսի թուրքերենը, քարոզել թուրքերի փառավոր անցյալն ու մշակույթը: 
Օսմանյան կայսրության մեջ թուրքերը քրիստոնյա ժողովուրդներից հետ էին մնում ոչ միայն սոցիալ-տնտեսական ու մշակութային, այլեւ ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչման, ազգային գաղափարների զարգացման մակարդակով: Բավական ժամանակ պահանջվեց թուրքերի մեջ ազգային «եսը» ձեւավորելու համար: Պանթուրքիզմը ռասիստական, շովինիստական գաղափարախոսություն էր: Այն փորձում էր ապացուցել, որ թուրքական էթնոսը բարձր է կանգնած մյուս ժողովուրդներից եւ ստեղծված է իշխելու համար: Պանթուրքիստները նշում էին, որ Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի բոլոր առաջնորդները սերում են թուրքական, իսկ եվրոպական երկրների ղեկավարները գերմանական ռասաներից: Մարդկային քաղաքակրթության բոլոր նվաճումները վերագրում էին թուրքական էթնոսին: Սեփական ռասայի գովերգումը ինքնանպատակ չէր, այն հիմքեր էր նախապատրաստում հետագա անհեթեթ հավակնությունների համար: 
Պանթուրքիզմն իրականացվելու էր երեք փուլով. թուրքիզմ, օղուզականություն, թուրանիզմ. Առաջին փուլում թուրքացվելու էր Օսմանյան կայսրությունը (այն, փաստորեն, նախատեսում էր ոչնչացնել արեւմտահայությանը), երկրորդ փուլում միավորվելու էին օղուզ թուրքերը (օսմանյան թուրքերը, Հյուսիսային Պարսկաստանի ու Անդրկովկասի թուրքալեզու մահմեդականները) եւ թուրքմենները: Այս փուլում կամ ամբողջությամբ ոչնչացվելու էին նաեւ արեւելահայերը կամ նրանց մի մասը եւ Արեւելյան Հայաստանից գրավվելու էին նվազագույնը Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը, որպեսզի կապ ստեղծվեր Ադրբեջանի հետ: Վերջին փուլում միավորվելու էին բոլոր թուրքալեզու ժողովուրդները:
1910-1911թթ. Սալոնիկում տեղի ունեցած ընդհանուր ժողովների ժամանակ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Կայսրության մահմեդական ժողովուրդները պետք է թուրքացվեին, իսկ քրիստոնյաները` ոչնչացվեին: Ապա Թուրքիային էին միացվելու Իրանական Ադրբեջանը, Կովկասը, Ղրիմը, Թաթարստանը, Միջին Ասիան, Սիբիրը, Թուրքմենստանը, Մանջուրիան, եւ ստեղծվելու էր մեծ Թուրանը:
Երիտթուրքերը նշում էին, որ եթե սուլթանները նախկինում ձուլած կամ ոչնչացրած լինեին հպատակ ժողովուրդներին, ապա կայսրությունը չէր բռնի քայքայման ուղին: Պանթուրքիզմի ծրագրի իրականացման ճանապարհին էր գտնվում Հայաստանը, եւ հայ ժողովուրդը դարձավ դրա առաջին զոհը: Իշխանությունները թուրք բնակչության մեջ սկսեցին հրահրել ամենավայրենի շովինիզմ ու հայատյացություն, կոչ էին անում քանի դեռ ուշ չէ թուրքացնել Անատոլիան, իսկ հայերին ոչնչացնել: Այսպիսով, պանթուրքիզմի ազգայնական, ռասիստական, ծավալապաշտական գաղափարախոսությունը իր սուր ծայրով ուղղված էր հայ ժողովրդի դեմ եւ հանդիսացավ Մեծ եղեռնի գլխավոր գործոններից մեկը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets