ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԼԸ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈւԹՅԱՆ ՀԱՐՑԸ 

18-րդ դարի երկրորդ կեսին հայ ազատագրական մտքի կարեւոր կենտրոն դարձավ հնդկահայ գաղթօջախը: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ անգլիական գաղութարարները Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական կյանքից հետզհետե դուրս էին մղում դեռեւս հնուց այդ երկրում բավական խոշոր դերակատարություն ստանձնած հնդկահայերին: Վերջիններս սկսեցին գիտակցել, որ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ կարող է ազատորեն գործել միայն այն դեպքում, եթե իր թիկունքին կանգնած է ազգային պետությունը եւ բանակը: Նման պայմաններում հնդկահայերը ուշադրությունը սեւեռեցին օտարների լծի տակ կեղեքվող հայրենիքին` հուսալով, որ կարող են վերականգնել հայոց պետականությունը: 
Հնդկահայ ազատագրական մտքի նշանավոր ներկայացուցիչներից էր Հովսեփ Էմինը (Էմին Հովսեփի Էմինյան): Նա ականատեսն էր հնդկահայ բուրժուազիայի անկման եւ անգլիական փոքրաթիվ, բայց լավ մարզված ու կազմակերպված բանակի կողմից Հնդկաստանի գաղութացմանը: Նա պատանեկան տարիքից ցանկանում էր դառնալ զինվորական եւ օգտակար լինել հայրենիքին: 1751թ., հոր կամքին հակառակ, Էմինը մեկնեց Անգլիա: Մեծ դժվարություններ հաղթահարելուց հետո 1755թ. Էմինն ընդունվեց Վուլվիչի ռազմական ակադեմիա եւ մասնագիտացավ հրետանային գործի ու ամրաշինության ոլորտներում: Նա կամավոր մասնակցեց Յոթնամյա պատերազմին, որպեսզի ավելի գործնականորեն ծանոթանա ռազմական գործին: Այնտեղ նա աչքի ընկավ իր քաջությամբ: 
Դեռեւս Լոնդոնում նա հայրենիքի ազատագրման գործի կազմակերպման նպատակով նամակագրական կապեր հաստատեց հնդկահայերի եւ Եվրոպայում ապրող հայերի հետ: Կարեւորելով Վրաստանի դերը՝ նա նամակ ուղարկեց վրաց թագավոր Հերակլ II-ին, ուր առաջ քաշեց հայ-վրացական միացյալ պետություն ստեղծելու գաղափարը, առաջարկեց իր ծառայությունը վրացական զորքերը եվրոպական ռազմական արվեստով մարզելու գործում: Էմինը տեսակցեց Անգլիայի վարչապետ Պիտտի հետ՝ նպատակ ունենալով ճշտել Անգլիայի դիրքորոշումը Հայաստանի ազատագրության հարցում: Սակայն Անգլիան չէր ցանկանում հարաբերությունները վատացնել Թուրքիայի հետ, ուստի վարչապետը մերժեց աջակցել Էմինի ծրագրերին եւ նրան առաջարկեց ծառայության անցնել անգլիական ռազմական կամ պետական համակարգում: Վարչապետի առաջարկը Էմինը մերժեց, քանի որ նրա հիմնական նպատակը Հայաստանի ազատագրումն էր: 
1759թ. Էմինը ուղեւորվեց Հայաստան՝ իրավիճակին մոտիկից ծանոթանալու համար: Նա ժողովրդին հորդորում էր պայքարի ելնել բռնության եւ անիրավության դեմ, թոթափել օտարի լուծը, վերականգնել սեփական ազատությունն ու պետությունը: Սակայն նրա հայացքները Արեւմտյան Հայաստանում չարժանացան ջերմ ընդունելության: 
1760թ. Էմինը ժամանեց Էջմիածին: Այստեղ եւս արժանացավ անբարյացակամ վերաբերմունքի: Ծանոթանալով տարածաշրջանի իրավիճակին, Էմինը համոզվեց, որ ազատագրական պայքարի հաջողության համար անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը: 
1760թ. Էմինը վերադարձավ Անգլիա, Լոնդոնում տեսակցեց ռուսական դեսպան Ա. Գոլիցինի հետ եւ նրանից ստանալով անձնագիր ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված գրություններ՝ 1761թ. նոյեմբերին ժամանեց Պետերբուրգ: Նա հանդիպում ունեցավ վարչապետ կոմս Մ. Վորոնցովի հետ: Վարչապետի մոտ Էմինը թողեց դրական տպավորություն, եւ նա եզրակացրեց, որ Էմինը կարող է օգտակար լինել Կովկասում Ռուսաստանի քաղաքական ձգտումների իրականացմանը: Հանդիպման մասին վարչապետը տեղեկացրեց Եկատերինա II կայսրուհուն, որը դրական արտահայտվեց Էմինի ծրագրերի մասին: 
1762թ. էմինը, Վորոնցովից ստանալով անհրաժեշտ գրություններ, ուղեւորվեց Վրաստան: Ճանապարհին հայերը նրան ընդունում էին մեծ ոգեւորությամբ, Աստրախանում անգամ հայ զինյալների մի խումբ միացավ նրան Հայաստան մեկնելու համար: 
1763թ. Էմինը ժամանեց Թիֆլիս, ուր շքեղ ընդունելության արժանացավ: Էմինը Հերակլ II-ին առաջարկեց եվրոպական բանակների նմանությամբ հայ-վրացական ուժեղ բանակ ստեղծել, ամրապնդել պետությունը, սաստել կենտրոնախույս ուժերին, բացել դպրոցներ, ժողովրդի մեջ տարածել լուսավորություն, հայրենասիրական եւ ազատագրական գաղափարներ, ապստամբություն բարձրացնել Պարսկաստանի եւ Թուրքիայի դեմ, ազատագրել հայկական հողերը, Հերակլի գլխավորությամբ ստեղծել հայ-վրացական միացյալ պետություն, ազատագրական պայքարում հենվել Ռուսաստանի վրա: Չնայած Հերակլը ոգեւորվեց Էմինի առաջարկած վրացական պետության ամրապնդման գաղափարներով, սակայն չողջունեց ապստամբության գաղափարը, գտնելով, որ իրենք դեռեւս բավարար ուժ չունեն պարսկա-թուրքական տիրապետության դեմ դուրս գալու համար: 
Էմինը նամակագրական կապեր հաստատեց Արցախի մելիքների, Գանձասարի կաթողիկոսության, արեւմտահայ որոշ գործիչների հետ: Մշո սբ. Կարապետ վանքի վանահայր Հովնան եպիսկոպոսը, որը սերտ կապերի մեջ էր Վանի, Կ. Պոլսի, Կարինի հայկական շրջանակների հետ, բանագնաց ուղարկեց Թիֆլիս՝ Էմինի մոտ: Էմինը Մուշ ուղարկեց իր 30 հոգանոց թիկնազորը: 1764թ. սկզբներին Հովնանը Էմինին հաղորդեց, որ ինքը կապեր է հաստատել Վանի, Թոխաթի, Կարինի, Կ. Պոլսի եւ այլ վայրերի մեծանուն հայերի հետ, որոնք հավանություն են տվել նրա ծրագրին: Նա նաեւ հավատացնում էր, թե Արեւմտյան Հայաստանում արդեն հավաքագրվել է 40.000 զորք, գումարներ, ստեղծվել են զենք-զինամթերքի եւ հանդերձանքի մի շարք գաղտնարաններ: 
Սակայն Էմինի գործունեությունը չէր խրախուսում հայոց կաթողիկոս Սիմեոն Երեւանցին: Նա գտնում էր, որ պետք է խուսափել արկածախնդիր արարքներից, քանի որ հայերը սեփական ուժերով ի վիճակի չէին ազատագրվել պարսկա-թուրքական լծից: 
Հերակլը որոշ ժամանակ փորձեց օգտագործել Էմինի գիտելիքները հօգուտ Վրաստանի, իսկ 1764թ. ամռանը նրան առաջարկեց հեռանալ Վրաստանից: Էմինը մեկնեց Ռուսաստան, սակայն հիվանդանալու պատճառով որոշ ժամանակ մնաց կովկասյան լեռնականների մոտ եւ չեչենների խնդրանքով վարժեցրեց նրանց բանակը: 
Էմինը մեծ հույսեր էր կապում Խամսայի մելիքությունների հետ, հատկապես վրացական արքունիքի բացասական դիրքից հետո: Մելիքներին հղած նամակներում Էմինը հորդորում էր պայքարի դուրս գալ հայրենիքի ազատագրության համար: Սակայն մելիքությունները այլեւս չունեին նախկին հզորությունը եւ չէին կարող անհրաժեշտ աջակցությունը ցույց տալ Էմինին իր ծրագրերը իրագործելու համար: 1766թ. վերջին Հովսեփ Էմինը ժամանեց Գետաշեն եւ տեսակցեց Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանի ու Գյուլիստանի մելիք Հովսեփի հետ: Նրա այդ եւ այլ հանդիպումներ պարզեցին, որ մելիքները չեն կարող հենարան դառնալ Հայաստանի ազատագրության իր ծրագրին: 
Էմինը որոշեց մեկնել Ռուսաստան: Սակայն թուրքական ներխուժման վտանգի առաջ կանգնած Հերակլը կրկին նրան հրավիրեց Վրաստան: Էմինը հույս էր փայփայում, որ կարելի կլինի իրականացնել իր ծրագիրը: Սակայն թուրքական վտանգը անցնելուց հետո Հերակլը կրկին փոխեց վերաբերմունքը, եւ Էմինը 1768թ. հեռանում է Հնդկաստան: 
Աննկուն հայրենասերը 1773թ. Մադրասում անդամակցեց Շահամիր Շահամիրյանի ստեղծած ազատագրական խմբակին: Այստեղ Մ. Բաղրամյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Էմինը նկատել է, որ հայ ժողովուրդը պետք է իր ազատությունը կերտի սեփական ուժերով, այլ ոչ թե սպասի ուրիշների օգնությանը: Հովսեփ Էմինի գործունեությունը հայ ազատագրական պայքարի կարեւոր եւ յուրօրինակ դրսեւորումներից էր, երբ ազատագրման հիմնական միջոց դիտվում էր համախմբվելը եւ սեփական ուժերին ապավինելը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets