ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԼԵ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան
Հայոց Պատմություն


ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Ազատագրական գաղափարների տարածման գործում անուրանալի է Իսրայել Օրու դերակատարությունը: Նրա հայրը` Մելիք Իսրայելը, Էջմիածնի 1677թ. ժողովի կազմակերպիչներից էր, ընդգրկված էր Հակոբ Ջուղայեցու պատվիրակության մեջ եւ իր հետ Եվրոպա էր տանում նաեւ որդուն: Կ. Պոլսում 1680թ. Հակոբ Ջուղայեցին մահացավ, պատվիրակությունը ցրվեց, սակայն Իսրայել Օրին չվերադարձավ հայրենիք: Նա մեկնեց Իտալիա, ապա հաստատվեց Փարիզում, զբաղվում էր առեւտրով, մասնակցեց անգլո-ֆրանսիական պատերազմին, որի ժամանակ գերի ընկավ անգլիացիների մոտ: Գերությունից ազատվելուց հետո մեկնեց Գերմանիա, հաստատվեց Հռենոսյան Պֆալց իշխանության կենտրոն Դյուսելդորֆ քաղաքում: Այստեղ Օրին ծանոթացավ Պֆալցի կուրֆյուրստ (կայսրընտիր իշխան) Հովհան Վիլհելմին, որին շահագրգռեց Հայաստանի ազատագրության հարցով` նրան առաջարկելով դառնալ Հայոց թագավոր: Վիլհելմը տվեց իր համաձայնությունը, բայց պահանջեց, որ հայերի կողմից այդ մասին լինի գրավոր դիմում:
1699թ. Իսրայել Օրին ճանապարհվեց Հայաստան: Նա Կ. Պոլսում հանդիպեց Հայոց պատրիարքի հետ, ապա Կարինի վրայով հասավ Էջմիածին: Նահապետ կաթողիկոսը անբարյացակամորեն ընդունեց նրան: Օրին մեկնեց Սյունիք եւ իր ծրագրերով ոգեւորեց Մելիք Սաֆրազին: 
1699թ. ապրիլին Օրու եւ Մելիք Սաֆրազի նախաձեռնությամբ Անգեղակոթում հրավիրվեց հայ մելիքների ժողով, որտեղ Օրին ներկայացրեց Հովհան Վիլհելմի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիրը: Մելիքները համաձայնեցին օգնության դիմաց Հովհան Վիլհելմին ճանաչել Հայոց թագավոր: Նրանք նամակներ գրեցին եվրոպական տիրակալներին, Հռոմի պապին, ռուսական ցարին: Մինաս վարդապետ Տիգրանյանին որպես օգնական վերցնելով, Օրին 1699թ. վերադարձավ Դյուսելդորֆ: 
Մինչ Հովհան Վիլհելմի հետ հանդիպելը Օրին եւ Մինաս վարդապետը կազմեցին Հայաստանի ազատագրության ծրագիր: Ըստ դրա, Հայաստանը պետք է ազատագրվեր Եվրոպայում կազմավորված բանակի միջոցով: Պետք է ստեղծվեր եռյակ միություն` Ավստրիայի կայսր Լեոպոլդ I-ի, Հովհան Վիլհելմի եւ Տոսկանայի դուքս Կոզմաս III-ի մասնակցությամբ: Նրանց բանակը պետք է անցներ Ռուսաստանի տարածքով, որն Ավստրիայի հետ ընդգրկված էր հակաթուրքական կոալիցիայի մեջ, ապա Կասպից ծովի վրայով մտներ Անդրկովկաս, որտեղ նրանց էին միանալու ապստամբած հայերն ու վրացիները: Նախատեսվում էր 20-25 օրում ազատագրել ամբողջ Արեւելյան Հայաստանը, քանի որ թուլացած Իրանը չէր կարողանա դիմադրել այդ ուժերին: Այս ծրագրում Օրին դիվանագիտական նկատառումներով գերագնահատել էր հայերի ուժերը եւ թերագնահատել պարսիկներինը: Ապա պետք է ազատագրվեր նաեւ Արեւմտյան Հայաստանը: Վերոնշյալ պետությունները հակաթուրքական կոալիցիայի մեջ էին, եւ Օրու կարծիքով ծրագիրը կարող էր հեշտությամբ իրականանալ, սակայն 1699թ. Կարլովիցիում Ավստրիան հաշտություն, իսկ Ռուսաստանը զինադադար կնքեցին թուրքերի հետ, որով խնդիրը բարդացավ: 
1700թ. Օրին եւ Մինաս վարդապետը այս ծրագիրը ներկայացրին Հովհան Վիլհելմին, որը տվեց իր համաձայնությունը եւ նրանց ուղարկեց Վիեննա եւ Ֆլորենցիա` Լեոպոլդ I-ի եւ Կոզմաս III-ի համաձայնությունը ստանալու համար: Վերջինս տվեց իր համաձայնությունը, իսկ Լեոպոլդը քաղաքական իրադրության պատճառով մերժեց ծրագիրը: Այսպիսով, Օրու ծրագիրը տապալվեց: 
Վիեննայում Օրուն հասկացրին, որ նրան կարող է օգնել Ռուսաստանի տիրակալ Պետրոս Մեծը: Ուստի Օրին Մինաս վարդապետի հետ որպես Հովհան Վիլհելմի պատվիրակ մեկնեց Մոսկվա: Նա 1701թ. հանդիպեց ռուսական կանցլեր Գոլովինի, ապա Պետրոս Մեծի հետ: Օրին ներկայացրեց ազատագրության նոր ծրագիր, որով նախատեսվում էր կազմել 25.000-ոց բանակ, որից 10.000-ը Դերբենդի կիրճով եւ Կասպից ծովով, իսկ 15.000-ը` Դարիալի կիրճով պետք է մտներ Անդրկովկաս: Անդրկովկասում նրանց կմիանային վրացական եւ հայկական զորքերը: Օրին համոզված էր, որ միայն արեւելահայերը կարող էին դուրս բերել ավելի քան 100.000 զինվոր: 
1702թ. Օրուն հայտնեցին, որ շվեդների դեմ մղվող Հյուսիսային պատերազմի ավարտից հետո Պետրոս I-ը վճռել է օգնել հայերին: Պետրոսը որոշեց Իրանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով դեսպանություն ուղարկել, որի ղեկավար նշանակեց Իսրայել Օրուն, նրան տալով գնդապետի աստիճան: 1704թ. Օրին ուղեւորվեց Դյուսելդորֆ, Հովհան Վիլհելմի միջոցով ձեռք բերեց Պարսից շահին ուղղված Հռոմի պապի նամակը` ի պաշտպանություն քրիստոնյաների, ինչպես նաեւ 20.000 ռուբլու զենք գնեց ու 1706թ. վերադարձավ Մոսկվա: Նա մտադիր էր գնված զենքով Աստրախանում հայերից մի գունդ կազմավորել: Օրին վերցրեց նաեւ Պետրոս I-ի նամակը եւ 1707թ. հունիսին Կասպից ծովով սկսեց ճանապարհորդությունը: 
1708թ. Շամախիում տեղի խանը փորձեց խոչընդոտել Օրու ուղեւորությունը, քանի որ Անդրկովկասում լուրեր էին տարածվել, որ նա հայոց թագավորն է եւ գալիս է իր երկիրն ազատագրելու: Սակայն պարսիկները չհամարձակվեցին երկար կանգնեցնել Ռուսաստանի ցարի եւ Հռոմի պապի պատվիրակին: 1709թ. նա հասավ Սպահան, հանդիպեց շահին եւ նույն թվին վերադարձավ Անդրկովկաս, որտեղ մնաց մինչեւ 1711թ.: Այստեղ նա մեծ ջանք գործադրեց ռուսական կողմնորոշումը ամրապնդելու, հայկական ուժերը համախմբելու եւ ապստամբության նախապատրաստելու համար: Կապեր հաստատեց Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, Էջմիածնի կաթողիկոս Ալեքսանդր Ջուղայեցու հետ: 
1711թ. Օրին Եսայի Հասան-Ջալալյանի հետ ճանապարհվեց Ռուսաստան, սակայն Աստրախանում հանկարծամահ եղավ: Իսրայել Օրին մեծ դեր կատարեց 17-18-րդ դդ. հայ ազատագրական շարժման պատմության մեջ, նոր փուլի հասցնելով ազատագրական պայքարը: Հայաստանի ազատագրության հարցը զուտ բանակցային ճանապարհից փոխադրեց գործնական հողի վրա, փորձեց համախմբել ու համընդհանուր ապստամբության նախապատրաստել հայկական ուժերին, գործնական հարաբերություններ հաստատեց Ռուսաստանի հետ: Նրա մահը լուրջ հարված էր հայ ազատագրական պայքարին, քանի որ Օրին իր դիվանագիտական տաղանդով, գործնականությամբ ու անսպառ եռանդով անփոխարինելի գործիչ էր եւ կարող էր համախմբել հայության ուժերը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets