ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԽԴ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ

Բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքը եւ Մերձավոր Արեւելքում միջազգային հակասությունների սրումը 1877-1878թթ. հանգեցրին հերթական ռուս-թուրքական պատերազմի: Ռուսաստանը հանդես եկավ բալկանյան քրիստոնյա ժողովուրդների պաշտպանությամբ, որպեսզի ուժեղացնի իր ազդեցությունը Բալկաններում եւ Սեւ ծովի ավազանում:
1876թ. դեկտեմբերին Ռուսաստանի նախաձեռնությամբ Կ. Պոլսում մեծ տերությունների դեսպանները սուլթանին ներկայացրին մի նախագիծ, որով Բուլղարիային, Բոսնիային ու Հերցոգովինային տրվելու էր ինքնավարություն: Սակայն սուլթանը հրաժարվեց ընդունել այդ նախագիծը: 
Դա պատրվակ դարձնելով` Ռուսաստանը 1877թ. ապրիլի 12-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսական բանակը Բալկաններում ջախջախեց թուրքերին, 1878թ. հունվարի 8-ին գրավեց Ադրիանապոլիսը եւ շարժվեց Կ. Պոլսի ուղղությամբ: Կովկասյան ճակատում նույնպես հաջողությունը ռուսների կողմն էր: Նրանք գրավեցին Բայազետը, Արդահանը, Կարսը, Էրզրումը եւ ազատագրեցին Արեւմտյան Հայաստանի մեծ մասը: Նման պայմաններում սուլթանը ստիպված էր զինադադար խնդրել: 
Կովկասյան ռազմաճակատում ռուսական բանակը գլխավորում էին մի շարք հայ գեներալներ` Միքայել Լորիս-Մելիքովը, Գրիգոր Լորիս-Մելիքովը, Արշակ Տեր-Ղուկասովը, Հովհաննես Լազարեւը, Բեհբութ Շելկովնիկովը, Հակոբ Ալխազովը, Ստեփան Քիշմիշեւը: Այս իրողությունն արեւմտահայերի կողմից ընկալվում էր որպես ռուսահայերի կողմից ուղարկված օգնություն: Ռուսական զենքի փայլուն հաղթանակներն արեւմտահայերի գիտակցության մեջ ամրապնդեցին այն գաղափարը, որ Ռուսաստանի օգնությամբ կարող են ազատագրվել թուրքական լծից: Այդ էր պատճառը, որ արեւմտահայերը ռուսական բանակին ցույց տվեցին ռազմական, նյութական ու բարոյական մեծ աջակցություն: Թուրքական բռնապետությունից ազատագրվելու հույսով` ռուսական բանակին էին միացել ավելի քան 40.000 հայ կամավորներ: 
Ցավոք, դեպքերը զարգացան ոչ հայ ժողովրդի օգտին, իսկ պատերազմից հետո արեւմտահայերի համար սկիզբ առավ աղետալի ժամանակաշրջան: Հայ ժողովրդի ազատագրության ճանապարհին հայտնվեց անհաղթահարելի խոչընդոտ` մեծ տերությունների հակասությունները (հատկապես անգլո-ռուսական): Անգլիան չէր կարող թույլ տալ Հայաստանի գրավումը Ռուսաստանի կողմից, քանի որ դրանով վերջինիս առջեւ կբացվեին Մերձավոր Արեւելք եւ Հնդկաստան տանող ճանապարհները: Ուստի Անգլիան ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի Հայաստանում գրաված տարածքներից: 
1878թ. փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում, հայ մեծահարուստ Հովհ. Տատյան բեյի ապարանքում հաշտության պայմանագիր կնքվեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Դրանով Սերբիան, Չեռնոգորիան, Ռումինիան անկախացան եւ ընդարձակեցին տարածքները: Բուլղարիան, Բոսնիան եւ Հերցոգովինան ստացան ինքնավարություն: Ռուսաստանին անցան Հարավային Բեսարաբիան, Բաթումը, Արդահանը, Կարսը, Բայազետը եւ Ալաշկերտը: Հայկական մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային: 
Պայմանագրի 16-րդ հոդվածի համաձայն` Թուրքիային մնացած հայկական նահանգներում իրականացվելու էին որոշ բարենորոգումներ: «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանի նրանց կողմից գրաված եւ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բ. Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ ու բարենորոգումներ, ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»: Ըստ 25-րդ հոդվածի, ռուսական զորքը դուրս էր բերվելու 6 ամսում, եթե իրագործվեին այդ բարենորոգումները: 
Պետք է նշել, որ Հայաստանի վերաբերյալ պայմանագրի կետերը չգոհացրին հայ քաղաքական շրջաններին, որոնք հույս ունեին ինքնավարություն ձեռք բերել: Սակայն Սան Ստեֆանոյի պայմանագրի մեջ ակնկալված ինքնավարության մասին անգամ խոսք չկար: 
Անգլիայի եւ Ավստրո-Հունգարիայի ճնշման տակ որոշվեց Բեռլինում հրավիրել միջազգային կոնֆերանս` վերանայելու ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը: 
Արեւմտահայերի շահերը պաշտպանելու նպատակով Եվրոպա ուղարկվեց հայկական պատվիրակություն` Տարոնի արքեպիսկոպոս Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին անդամակցեցին Պեշիկթաշի արքեպիսկոպոս Խորեն Նարբեյը (Գալֆայան), Մինաս Չերազը եւ Ստեփան Փափազյանը: Հայ պատվիրակները եղան Հռոմում, Փարիզում, Լոնդոնում, Պետերբուրգում: Նրանք տերությունների ներկայացուցիչներից խնդրեցին ինքնավարություն շնորհել Հայաստանին, սակայն խոստումներն այնքան էլ հուսադրող չէին: Հետաքրքիր է նշել, որ Փարիզում Մ. Խրիմյանը հանդիպեց եգիպտահայ նշանավոր պետական գործիչ Նուբար փաշային, որը խորհուրդ չտվեց լայն ինքնավարություն պահանջել, քանի որ տերությունները դրան չէին համաձայնի: Նա առաջարկեց ավելի համեստ ծրագրով հանդես գալ, բարեփոխումներ պահանջել հարկային, դատական եւ ոստիկանական համակարգերում, քանի որ արդար կարգերի դեպքում հայերը բոլոր բնագավառներում առաջ կանցնեին թուրքերից եւ կկարողանային կարճ ժամանակում հասնել իրական անկախության: Նուբարը խոստացավ անձամբ միջնորդել Բեռլինի վեհաժողովում եւ կարգավորել այդ խնդիրները: Նուբարի ծրագրին հավանություն տվեց նաեւ մեկ այլ հայազգի դիվանագետ` Մելքոն խանը, որը Փարիզում Իրանի դեսպանն էր, իսկ Բեռլինի կոնֆերանսում գլխավորում էր իրանական պատվիրակությունը: Չնայած Մ. Խրիմյանը հավանություն տվեց այդ ծրագրին, սակայն պատրիարք Ն. Վարժապետյանը կտրականապես մերժեց եւ կարգադրեց Բեռլինում պահանջել լայն ինքնավարություն: 
1878թ. հունիսի 1-ից հուլիսի 1-ը տեղի ունեցավ Բեռլինի վեհաժողովը: Հայ պատվիրակներին թույլ չտրվեց մասնակցել նիստերին: Տերությունները Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը հայերի համար աննպաստ ձեւով շրջեցին եւ Բեռլինի պայմանագրում դարձրին 61-րդ: Այն ձեւակերպվեց հետեւյալ կերպ. «Բ.Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման հայաբնակ մարզերում իրագործել տեղական կարիքներից բխող բարելավումներ ու բարենորոգումներ, ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բ. Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: 
Ինչպես տեսնում ենք, այստեղ արդեն խոսք չկար «Հայաստան» երկրի մասին, այլ միայն հիշատակվում է «հայաբնակ մարզեր» հասկացությունը, որտեղ կատարվելիք անորոշ բարենորոգումների կատարման վերահսկողությունը դրվում էր եվրոպական մեծ տերությունների վրա, որոնք տարբեր շահեր ու նկատառումներ ունեին այս հարցում: Ի սկզբանե պարզ էր, որ 61-րդ հոդվածը ստեղծված էր քողարկելու հայ ժողովրդի արդարացի պահանջների մերժումը: Այսպիսով, հայերը ստիպված էին հրաժարվել ոչ միայն ինքնավարության գաղափարից, այլ նաեւ համակերպվել Արեւմտյան Հայաստանում բարենորոգումների անորոշ ու կասկածելի հեռանկարով: Բեռլինի պայմանագրով Թուրքիային վերադարձվեցին նաեւ Բայազետն ու Ալաշկերտը: 
Հայ ժողովրդի ճակատագրում նոր ժամանակաշրջան սկսվեց, երբ Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերի միջոցով Հայկական հարցը դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա: Այն ասպարեզ իջեցվեց արեւմտահայությանը օգնելու պատրվակով, սակայն ոչ միայն որեւէ բարելավում չմտցրեց նրանց կյանքում, այլ ավելի վատթարացրեց վիճակը եւ դարձավ այն գլխավոր պատճառներից մեկը, որը հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը: 
Հայկական հարցի սկզբնավորման փուլում հայ գործիչները հույս ունեին եվրոպական մեծ պետությունների օգնությամբ մեղմել թուրքական լուծը, ստանալ ինքնավարություն: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ինքնավարություն ձեռք են բերում այն ազգերը, որոնք դրա համար արյուն են թափում, իսկ օտարի հույսին մնացողները միայն տուժում են: Մեծ տերությունները (Անգլիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), որոնք վերահսկելու էին Բեռլինի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացումը, ունեին տարբեր շահեր եւ Հայկական հարցի մասին հիշում էին միայն այն ժամանակ, երբ պետք էր Թուրքիայի վրա ճնշում գործադրել եւ զիջումներ կորզել: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը զիջումներ կատարելով եւ չեզոքացնելով տերություններին, սկսեց իրականացնել արեւմտահայերի պարբերական ու զանգվածային ջարդեր, որպեսզի լուծի Հայկական հարցը` ոչնչացնելով հայերին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets