ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս Խ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ 

19-րդ դարի սկզբին տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք բախտորոշ դարձան Անդրկովկասի ժողովուրդների, եւ հատկապես հայերի համար: Անդրկովկասում հաստատվելու համար Ռուսաստանը դիմեց բավական վճռական քայլերի, որոնք հանգեցրին Պարսկաստանի եւ Թուրքիայի հետ մի շարք պատերազմների: Հայերը ամենագործուն աջակցություն էին ցույց տալիս ռուսներին, որպեսզի ազատվեն պարսկա - թուրքական դաժան լծից: Ռուսաստանը Անդրկովկասում հաստատվելու իր գլխավոր հենարաններից մեկն էր համարում հայ բնակչությանը, քանի որ գրեթե մեկ դար հայերը իրենց ազատագրության հույսը կապում էին ռուսական բանակների առաջխաղացման հետ, մտածելով, որ Ռուսաստանի օգնությամբ կվերականգնեն հայոց պետականությունը: Ցարական իշխանությունները փորձում էին հայերի մոտ վառ պահել այդ հույսերը, սակայն խուսափում էին որեւէ խոստում տալուց, քանի որ մտադիր չէին ռուս զինվորների արյունով նվաճված տարածքներում պետություն ստեղծել հայերի համար: 
1801թ. Արեւելյան Վրաստանը միացվեց Ռուսաստանին: Դրանով Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաեւ մի շարք հայկական շրջաններ` Լոռին, Փամբակը, Ղազախը, Շամշադինը: 
Չնայած Վրաստանը միացվեց խաղաղ ճանապարհով, սակայն դա չափազանց սրեց իրադրությունը երկրամասում: Ռուսաստանը ստիպված էր ավելի քան քառորդ դար պայքարել ամբողջ Անդրկովկասը գրավելու համար: Հակասությունների սրումը ի վերջո հանգեցրեց պատերազմի: 
1804-1813թթ. տեղի ունեցավ ռուս-պարսկական պատերազմ, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1813թ. հոկտեմբերի 12-ին կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արեւելյան Անդրկովկասը, Դաղստանը, Արեւելյան Վրաստանը, Գանձակը, Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Շիրակը անցան Ռուսաստանին: 
1806-1812թթ. տեղի ունեցավ նաեւ ռուս-թուրքական պատերազմ: Դրա արդյունքում բազմաթիվ հայկական շըրջաններ ավերվեցին, սակայն Բուխարեստում ստորագրված հաշտության պայմանագրով որեւէ հայկական տարածք Ռուսաստանին չմիացվեց: 
Գյուլիստանի հաշտությունից հետո Ռուսաստանի եւ Պարսկաստանի հարաբերությունները մնացին լարված, քանի որ ռուսները ցանկանում էին գրավել նաեւ Երեւանի ու Նախիջեւանի խանությունները, իսկ պարսիկները ձգտում էին վերադարձնել կորցրած տարածքները: Պարսիկներին ռազմական ու դիվանագիտական աջակցություն էին ցույց տալիս եւ Ռուսաստանի դեմ էին գրգռում Անգլիան ու Ֆրանսիան: 
Դա հանգեցրեց 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմին: Չնայած սկզբնական շրջանում պարսիկները որոշակի հաջողությունների հասան, քանի որ ռուսների թիկունքում ապստամբեցին մահմեդականները եւ որոշ վրացական շրջաններ, սակայն հայ բնակչության աջակցությամբ ռուսական բանակն ի վերջո ջախջախեց հակառակորդին: 
1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերը գրավեցին Արեւելյան Հայաստանի ամենահզոր ամրությունը` Երեւանի բերդը: Այս իրադարձությունները 
իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպում: 
1828թ. փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագրով Ռուսաստանի եւ Պարսկաստանի սահմանը դարձավ Արաքս գետը: Ռուսաստանին անցան Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները, Օրդուբադի շրջանը: Ցանկացողներին թույլատրվեց Պարսկաստանից գաղթել ռուսական տարածքներ: Մոտ 45.000 հայեր գաղթեցին դեպի Ռուսաստանին անցած տարածքները: Այս գաղթը կարեւոր նշանակություն ունեցավ Արեւելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերի փոփոխման գործում, քանի որ հայերի թիվը մշտական բռնագաղթերի ու կոտորածների հետեւանքով զգալիորեն նվազել էր Արարատյան դաշտում: 
1828-1829թթ. տեղի ունեցավ ռուս-թուրքական հերթական պատերազմը: Հայերը այս պատերազմում եւս ռուսներին ցույց տվեցին նյութական, ռազմական եւ բարոյական մեծ աջակցություն: 1829թ. սեպտեմբերի 2-ին ստորագրված Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Ախալքալաքն ու Ախալցխան: Միաժամանակ կազմակերպվեց արեւմտահայերի ներգաղթ դեպի Արեւելյան Հայաստան: Ավելի քան 70.000 արեւմտահայեր Էրզրումից, Կարսից, Բայազետից վերաբնակվեցին Ախալքալաքում, Ախալցխայում, Շիրակում եւ Սեւանի ավազանում: 
Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին պատմական կարեւոր եւ դրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Հայաստանի մի մասն ազատագրվեց մի քանի դար տեւած պարսկա-թուրքական դաժան տիրապետությունից, որի ընթացքում հայ բնակչությունը անընդմեջ ենթակա էր պատերազմների արհավիրքներին, մասնակի ու զանգվածային կոտորածների կամ գերեվարությունների, մահմեդական տիրակալների կամայականություններին: Այժմ հայ ժողովրդի համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին խաղաղ ստեղծագործական աշխատանքի, տնտեսական ու մշակութային առաջընթացի համար, վերացավ մեր ժողովրդի գլխին մշտապես կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը: Ռուսաստանը, լինելով ավելի զարգացած, կայուն օրենքներ ու վարչաձեւ ունեցող երկիր, գործունեության մեծ հնարավորություններ էր ապահովում աշխատասեր ու ընդունակ հայերի համար: 
Ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներում հայ ժողովուրդը ամենագործուն աջակցություն ցույց տվեց ռուսական զորքերին: Կազմակերպվեցին բազմաթիվ կամավորական ջոկատներ, որոնք աչքի ընկան խիզախությամբ, բարձր մարտունակությամբ, տեղանքի իմացությամբ եւ հերոսական մասնակցություն ունեցան հայրենիքի ազատագրման գործում: Հայերը նաեւ նյութական եւ բարոյական աջակցություն ցույց տվեցին ռուսներին: Հայերի ակտիվ մասնակցությունը այդ պատերազմներին ազգային-ազատագրական պայքարի յուրօրինակ դրսեւորում էր, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ հայկական շրջանակները հավատում էին, որ պատերազմից հետո Ռուսաստանի հովանու ներքո վերականգնվելու է հայկական թագավորությունը կամ ինքնավարություն է շնորհվելու Հայաստանին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets