ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.07.2013

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Հեղինակ՝ ՍՈՒՍԱՆՆԱ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(հատված հրատարակվելիք «Խմբանկար մեռյալներով և անմահներով» ժողովածուից)

Փողոցի երկու կողմերում և գլխավերևում ռեկլամային վահանակներ են։ Փողոցն իմաստաշրջվել է, դարձել տրանսսվիստիտ, այլևս նրա համար չէ, որ մարդիկ անցուդարձ անեն։ Այն հիմա մի մեծ ինտերնետային կայք է, որտեղ ամեն մեկը տեղադրում է իր հասցեն և համոզում, որ չես սխալվի այնտեղ մուտք գործելով։ Օրինակ` չի կարելի չխմել ռուսական օղի, չի կարելի չօգտվել եվրոպական բանկերից, չի կարելի չծխել, չի կարելի չվստահել ոստիկանությանը, չի կարելի չբուժվել չինացիների մոտ։ Նրանք խոստանում են կավե ասեղներով, որ շարվում են ականջի ետևում, ջնջել ձեր երևակայությունը և տեղը նորը նկարել. «…ուր դուք ինքներդ ձեզ հառնում եք միանգամայն առողջ, և թքած, թե մեռնում եք, համաշխարհային երևակայության մակարդակում դուք առողջ եք»։ Ամենաակնառու մասերում պատգամավորության թեկնածուների չաղ ու բախտավոր նկարներն են, ուր նրանք աշխատում են ժողովրդի աչքին երևալ ողջ շուքով` փողկապով, սափրած դեմքով, արտասահմանյան կոստյումով… երջանի՛կ։ Նկարներում նրանք դեռ չգիտեն, որ երջանիկներով զբաղվում է մասոնական կազմակերպությունը։
Շուտով հայտնվում եմ արտասահմանյան մեկ այլ կազմակերպությունում` Ազատության հրապարակում։ Հրապարակի ողջ տարածքով, օղակ-օղակ` մեծից փոքր, շարված են ամբիոններ։ Ամեն ամբիոնի մոտ` մի-մի առաջնորդ։ Նրանցից յուրաքանչյուրը գոռում է իր կարգախոսը. «Ո՛չ Ամերիկային», «Այո՛ Եվրոպային», «Թուրքիային` ո՛չ, ո՛չ, ո՛չ», «Պարսկաստանին` և՛ս ոչ, ինչո՞ւ չէ` նաև այո»։ Առաջնորդները խոսում են միաժամանակ, իրարից բարձր գոռալով, ձեռքները լենինաբար առաջ տնկած` «Ռուսաստանը բարձրացրել է գազի սակագինը, մենք էլ բարձրացնենք մեր ստրկության գինը», «Ներկայիս քաղաքական կուսակցությունները նման են աղանդների. ամեն մեկը իր աստվածն է բերում և բոլորն էլ` կեղծ»: «Պարոնայք, կանայք այլևս մոդա չեն. բոլորս դեպի Եվրոպա, դեպի հոմոսեքսուալիզմ», «Լսեք Եհովային` աշխարհի վերջը եկել է: Արտաշատի մաքսատանն է, կես ժամից կլինի Երևանում», «Մենք քեզ սիրում ենք Ռուսաստան, անգամ` լենինախառը», «Փակել բոլոր կրթօջախները և գիտությունների ակադեմիան։ Իմացեք` գրագետ հայը հարուստ հրեան է. զգուշացեք նրանից», «Ո՞վ է այսօրվա հերոսը... օրը հերոս չունի, բոլորը իրենց բնազդների վրա կենտրոնացած մարդուկներ են. օրը հերոս չունի. ահա ժամանակի ողջ դժբախտությունը», «Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը այսօր լսում է հայ լեզվաբանների հարցը, ովքեր առ օրս չեն հորինել հոմոսեքսուալիստներին հարմար անձնական դերանուն: Օրինակ վերցրեք ռուսներից, որոնց լեզվում սրեդնի ռոդը գոյություն ուներ դեռևս այն ժամանակ, երբ դեռ հոմոսեքսուալիստներ չկային...»:
Ինչ-որ մեկը միկրոֆոնը բերնին սեղմած, ամբիոնների արանքում վազվզելով հայտարարում է պետական գերբի մրցույթ` «Ինչ ուզում եք նկարեք,- ասում է,- բացի երեք գլխանի դևից, որովհետև այդ դևը մենք ենք, կուշտ օրերին կերել ենք ձեզ, իսկ սոված ժամանակ կուլ ենք տվել ապագան, և դևի պատկերը գերբի վրա կարող է ընկալվել իբրև նախընտրական ինքնառեկլամ։ Բայց եթե դա հմտորեն կանեք, ասենք, Սարյանի վրձիններով կամ Խաչատրյանի նոտաներով, բացառության կարգով, որպես ընդգծված հարգանք հանճարների հանդեպ, կվերցնենք ձեր գործերը, որովհետև մեզանից ոչ պակաս լավ տղերքը կագեբեի պադվալներում սպանել են Բակունցին»։
Լսում եմ միկրոֆոնից օդակաթիլային ճանապարհով տարածվող չփլաղ, ոգևորությունից խզխզացող ձայնը։ Աչքերից, սրտից, ուղեղից առավել` մարդու ձայնն է խոսում նրա էության մասին։ Հաստատ կարող եմ գրազ գալ, որ նա բանակում չի ծառայել, առաջին կարգի հաշմանդամ է, որովհետև տհաս է, որովհետև նրա ուղեղի փոխարեն Աստված խլինք է լցրել` չարքերի խլինքը։ Իսկ հայրենիքի բարօրությանը պետք չեն տհասներ, բարձր ինքնագիտակցությամբ և հարուստ ինտելեկտի տեր մարդիկ են հարկավոր հայ-թուրքական սահմանին զոհվելու համար։ Դրա համար նա պետք է զբաղվի նոր գերբով` շքեղ, մոդեռն ձևավորմամբ, որպեսզի ժամանակակից մահը հաճելի լինի, այնքան հաճելի, ինչպես դա նկարագրված է ամերիկյան ֆիլմերում, երբ հերոսի վրա թշնամու զորքը դատարկում է իր ողջ զինանոցը, բայց հերոսը, քանի որ խիզախ ամերիկացի է և հզոր Ամերիկայի քաղաքացի, ոչ թե մունդառ վիետնամցի, թքած ունի այդ ամենի վրա ու համառորեն չի մեռնում. վեր է կենում, երգում, ընկնում, թավալվում, անշարժանում, նորից ուշքի գալիս, մազերի միջից ռումբ հանում, նետում է թշնամու վրա, ատամներով որսում է թշնամու կրակած փամփուշտները, ոտքի բութ մատով չեզոքացնում իր երկրի վրա նետված ատոմային ռումբը, արանքում սիրահարվում ու բուռն սեքսով զբաղվում և այդպիսով փրկում է աշխարհը կործանումից։ Բայց ինչպիսի գերբ էլ ունենանք մենք, մեր զինվորը չի կարող այդքան հերոս լինել, որովհետև չի օգտվում Ամերիկայի քաղաքացիների իրավունքներից և առայժմ չունի գրին քարտ։ 
Հանկարծ նկատում եմ, որ հրապարակում ինձնից բացի բոլորը առաջնորդներ են, հետևորդներ չկան։ «Բա սրանց ժողովուրդն ո՞ւր է»,- մտածում եմ։ Հենց այս մտքի վրա մեկը քաշեց թևիցս.
- Էս հիսուն դոլարը քեզ,- թղթադրամը խոթեց բուռս,- արի դարձի իմ ժողովուրդը, հետս գոռա. «Կեցցե…»,- «Կեցցե»-ից հետո անորոշ գռմռում է,- մի ձայնը լավ է, երկուսն ավելի:
- Կեցցե ո՞վ,- հարցնում եմ։
- Ի՞նչ կարևոր է։ Կարևորը «կեցցեն» բարձր լսվի։
Նա մի մեծ, եռագույն դրոշակ տվեց ձեռքս։
- Սա ո՞ր մեղքիս համար,- դժգոհ տնքացի, որովհետև ծանր էր։
- Որպես հայրենասիրության դրսևորում,- նա ուղղեց դրոշի ծոպերը,- վերջին հաշվով հայրենիքը սկսվում է հենց դրոշից։
- Միա՞յն,- զարմանում եմ։
- Փիլիսոփայության մեջ ուղղում մտցնելու ժամանակ չկա` հե՛նց… միա՛յն… քո համար միևնույն չէ՞, քո գործը «Կեցցե» գոռալն է` գոռա,- նա խմբավարի նման ձեռքով չափ տվեց, որ հանկարծ իրենից ետուառաջ չընկնեմ, գլխի շարժումով նշան արեց, ու ես ինչքան ուժ ունեի բղավեցի` կեցցե՛ …
Ավելի ցածում Հանրապետության հրապարակն է, ուր տոն օրերին հպարտորեն կանգնում է կառավարությունը, անցնում է կանոնավոր զորքը, միկրոֆոնը փառաբանում է կարճ ժամանակում երկրի ձեռք բերած նվաճումները, ժողովուրդը կառավարության ուղղությամբ թափահարում է դրոշակները… Իսկ սովորական օրերին այստեղ մուրացկանները փող են խնդրում տուրիստներից, երգում են շատրվանները, Հյուսիսային պողոտայից արտաքսված բնակիչները պահանջում են իրենց տները, գլոբալ հոգսերով տառապող ընդդիմադիրները պահանջում են արդարություն, փախստականները անզորությունից հրկիզում են իրենք իրենց, սեփական արժեքն իմացող անառակ կանայք իրենց մարմինը վաճառում են բացառապես վալյուտայով… Կառավարական շենքի գագաթից աշխարհի վրա ծածանվում է անկախության եռագույն դրոշը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets