ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արշակ Մադոյան

Արշակ Գևորգի Մադոյան (1938, հուլիսի 1), հայագետ, թարգմանիչ։

Ծնվել է 1938 թ. հուլիսի 1-ին Ախալքալաք քաղաքում, մտավորականի ընտանիքում (Արշակ Մադոյանի (Սեյլան) թոռն է, Գևորգ Մադոյանի (ավագ) որդին): 1945-1953 թթ. սովորել է ծննդավայրի` Հովհ. Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում, ապա շարունակել է Երևանում` 1954-55 ուսումնական տարում ավարտելով Ղ. Աղայանի անվան դպրոցը:
Ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որն ավարտել է 1961-ին: Այնուհետև աշխատանքի է անցել նույն համալսարանում, պաշտոնավարել իբրև ԵՊՀ հրատարակչության խմբագիր, բանասիրական ֆակուլտետի մեթոդիստ, "Բանբեր Երևանի համալսարանի" գիտական պարբերականի խմբագրության
գրական աշխատող, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ: 1971-ից տեղափոխվել է Համալսարանի հայագիտական կենտրոն, նախ աշխատելով որպես ավագ գիտաշխատող, իսկ 1986-ից` լաբորատորիայի վարիչ, 2001-ից առաջատար գիտաշխատող: 2007-2009 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում: 2009-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` "Էջմիածին" ամսագրի գլխավոր խմբագիրն է:
1970 թ. "Առաքել Սյունեցի" ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1985-ին պաշտպանել դոկտորական ատենախոսություն` "Միջնադարյան հայկական պոեմը (ԺԱ-ԺԶ դարեր)" թեմայով: Այդ թվականից բանասիրական ֆակուլտետում կատարել է նաև դասախոսական աշխատանք, 1994 թ. մրցույթով ընտրվել է ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր և ավանդել "Հայ գրքի պատմություն" առարկան: Հայ մատենագրության պատմություն է դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:
1962 թվականից հայոց հին գրականության պատմությանը նվիրված հոդվածներով, հրապարակումներով, գրախոսություններով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի գիտական և գրական-հասարակական պարբերականներում` հատուկ ուշադրություն հատկացնելով հին գրականության ժանրային համակարգի ուսումնասիրությանը: Հրատարակել է մենագրություններ, կազմել, առաջաբաններով ու ծանոթագրություններով օժտել է տարբեր բնույթի ժողովածուներ, թարգմանել (գրաբարից և ռուսերենից), խմբագրել բազմաթիվ գրքեր: 2009 թ. Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել է "Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ" շքանշանով: Հայաստանի գրողների միության անդամ է:

Երկեր
1. Միջնադարյան հայկական պոեմը, Եր., 1985, 2. Հայ-ռուսական գրական փոխառնչություններ, Եր., 1985, 3. Առաքել Սյունեցի բանաստեղծը, Եր., 1987, 4. Խորհուրդ մեծ և սքանչելի. Ներածութիւն հայ մատենագրութեան, Երուսաղէմ, 1995, 5. Հայ միջնադարյան քնարերգություն (Լ. Մկրտչյանի աշխատակցությամբ), Եր., 1996, 6. Ոսկեփորիկ (Վ. Ներսիսյանի աշխատակցությամբ), Եր., 1997, 7. Երուսաղեմ, Երուսաղեմ..., Եր., 1999, 8. Ուղղեգրություններ (հայերեն—իսպաներեն), Եր., 2001, 9. Զավակներ լույսի, առաքինության, Եր., 2001, 10. Գրիգոր Լուսավորիչը ներբողներում (Գ. Մադոյանի աշխատակցությամբ), Եր., 2002, 11. Խորհուրդ մեծ և սքանչելի (ռուսերեն), Եր., 2004։

Թարգմանություններ (գրաբարից)
1. Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկի պատմությունը, Եր., 1988, 2. Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափանցոց, Եր., 1992, 3. Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն, Եր., 1997, 4. Հայկական վարքեր և վկայաբանություններ, Եր., 1998, 5. Կարդալով Նարեկացուն, Եր., 1999, 6. Շարական (Գ. Մադոյանի աշխատակցությամբ), Եր., 2001, 7. Թովմա Մեծոփեցի, Պատմագրական երկեր, Եր., 2003։

Աղբյուրներ
  • "Հայկական համառոտ հանրագիտարան", հատ. 3, Երևան, 1999, էջ 510,
  • "Ով ով է. Հայեր (Կենսագրական հանրագիտարան)", հատ. 2, Երևան, 2007, էջ 10:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets