ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս Ծ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ 1894-1896 ԹԹ.: ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ 

Մեծ տերությունների կողմից Հայկական հարցի անընդհատ շահարկումը եւ նրանց միջեւ եղած հակասությունների պատճառով չլուծվելը, հայ ազգային-ազատագրական պայքարի վերելքը սուլթան Աբդուլ Համիդին համոզեցին, որ անհրաժեշտ է դիմել կտրուկ միջոցների: Նա որոշեց Հայկական հարցը փակելու համար կազմակերպել զանգվածային կոտորածներ եւ ամբողջությամբ բնաջնջել Օսմանյան կայսրության հայ բնակչությանը: Այդ մասին թուրք պետական գործիչները բարձրաձայնում էին վաղուց: Նման ոճրագործության իրականացման համար Թուրքիայում կային բարենպաստ պայմաններ: Այդ դիվային ծրագրի գործադրման համար սուլթանն օգտագործեց քրդերի, թուրքերի ու մահմեդական այլ ցեղերի կրոնական մոլեռանդությունն ու թալանչիական բնազդները: Դրան նպաստում էր մահմեդականների մոտ դարերի ընթացքում ձեւավորված այն մտայնությունը, որ իրավունք ունեն անպատիժ ձեւով սպանել ու թալանել հայերին, իսկ համոզմունքը գործունեության անհրաժեշտ հիմքն է: Հետամնաց ամբոխներին գրգռելու գործին լծվեց պետական մեքենան եւ մահմեդական հոգեւորականությունը:
Այդ ոճրագործությունը նախապատրաստելով` թուրքական իշխանությունները վստահ էին, որ զերծ կմանան մեծ տերությունների միջամտությունից: 
Ինչպես տեսանք, 1894թ. թուրքերը կոտորածներ կազմակերպեցին Սասունում, իսկ 1895թ. սեպտեմբերին` մայրաքաղաք Կ. Պոլսում` մեծ տերությունների ներկայացուցիչների աչքի առաջ: Այդ առթիվ առաջադեմ շատ գործիչներ դատապարտեցին արյունոտ սուլթանին, իսկ տերությունների դեսպանները ձեւականորեն բողոքի նոտաներ հղեցին: Այնուամենայնիվ, դա չխանգարեց, որպեսզի սուլթանը նոր կոտորածներ կազմակերպի կայսրության հայաբնակ վայրերում: 
1895թ. սեպտեմբերին հայկական ջարդեր տեղի ունեցան Բաբերդում ու Տրապիզոնում, հոկտեմբերին` Դերջանում, Երզնկայում, Բիթլիսում, Ուրֆայում, Շապին Գարահիսարում, Կարինում, Խարբերդում, նոյեմբերին` Դիարբեքիրում, Սեբաստիայում, 1896թ.՝ Վանում, Կ. Պոլսում եւ այլ վայրերում: Կոտորածներն ընթանում էին կազմակերպված եւ նախապես մշակված ծրագրով: Դրանք տեղի էին ունենում ամենաբարբարոս ձեւերով, առանց սեռի ու տարիքի խտրության: Կոտորածները երեւան հանեցին թուրքերի բնավորության արյունարբու, ամենաստոր, բարբարոսական կողմերը: Հրազեն կիրառվում էր հազվադեպ, ջարդերն իրականացվում էին սառը զենքերով: Շատ վայրերում մահմեդական ամբոխին այդ նպատակով բաժանել էին մետաղյա մահակներ: Սպանությունները կատարվում էին չափազանց դաժան, ամենազազրելի ու անմարդկային եղանակներով, որպիսիք երբեւէ հայտնի են եղել մարդկությանը: Անզեն հայ բնակչությունն ի վիճակի չէր դիմադրելու զինված մահմեդականներին ու թուրք զինվորներին: Անակնկալի գալով, հայերը հիմնականում չկարողացան դիմել ինքնապաշտպանության: Ջարդերից փրկված շատ հայեր զրկվեցին իրենց անշարժ ու շարժական գույքից: Մեծ ծավալներ ընդունեց արտագաղթը: 
1894-1896թթ. կոտորածները թուրքական իշխանությունների կողմից իրագործված արեւմտահայերի առաջին զանգվածային ցեղասպանությունն էր: Սպանվեց 300.000 հայ, նույնքան էլ արտագաղթեց Եվրոպայի, Աֆրիկայի ու Ամերիկայի տարբեր երկրներ: Մոտ 200.000 հայեր ստիպված էին ընդունել մահմեդականություն: Անօթեւան եւ առանց ապրուստի միջոցի մնացին 500.000 մարդ: Թալանվեցին գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, դրանցից շատերը ավերվեցին կամ մզկիթի վերածվեցին: 
Փաստորեն, դրանով Հայոց ցեղասպանության գործընթացը նոր փուլ մտավ: Այս ցեղասպանական գործողության հետեւանքով հայերի թիվն իրենց պատմական հայրենիքում բավական նվազեց, իսկ սուլթանի կազմակերպած մահմեդականների ներգաղթի հետեւանքով վերջիններիս թիվն աճեց, որով փոփոխություն կրեց Արեւմտյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը: Չնայած դրան, հայերը դեռ շարունակում էին հարաբերական մեծամասնություն կազմել Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի բնակչության մեջ: 
1894-1896թթ. հայկական կոտորածները դատապարտեցին աշխարհի առաջադեմ բազմաթիվ գործիչներ: Նրանք թուրքերի հայաջինջ քաղաքականությունը որակեցին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն եւ իրենց կառավարություններից պահանջեցին միջոցներ ձեռնարկել դրանք դադարեցնելու համար: Ֆրանսիական մամուլը Համիդին տվեց «արյունոտ սուլթան» մականունը: 
Սակայն մտավորականության եւ տառապյալ հայության ձայնը անլսելի էր սեփական հաշվարկներն ունեցող մեծ տերություններին: Սուլթանը հայաջինջ ծրագրերն իրականացնելիս հաշվի էր առել մեծ պետությունների հակասությունները եւ վստահ էր, որ նրանք չեն միջամտի: Վերջիններիս համար Հայկական հարցը լոկ պատրվակ էր` միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին: Նրանց երկակի խաղը որոշ զիջումներ կորզելու համար էր, որից հետո մոռանում էին հայերին: Այդպես եղավ նաեւ 1894-1896թթ. ջարդերի ընթացքում: Հայկական հարցի լուծման խնդրում հետեւողական էր միայն Թուրքիան, որի նպատակն էր այն լուծել` արեւմտահայությանը բնաջնջելու միջոցով: 
Անգլիայի կառավարող շրջանները հայտարարեցին, որ եթե չբռնեն թուրքերի ձեռքը, կխայտառակվեն ամբողջ աշխարհի առջեւ: Անգլիան պահանջեց դադարեցնել հայկական կոտորածները, նաեւ հանդես եկավ Թուրքիան մեծ տերությունների միջեւ բաժանելու առաջարկով: Սակայն Ռուսաստանը հայտարարեց, որ կպաշտպանի Թուրքիային: Սուլթանն իր հերթին որոշ զիջումներ կատարեց Անգլիային, եւ վարչապետ Սոլսբերին հայտարարեց, որ հայկական գործերում սկսված «բարելավման» հետեւանքով հրաժարվում է Օսմանյան կայսրությունը բաժանելու մտքից: 
Այս շրջանում բավական բացասական էր Ռուսաստանի դերակատարությունը: Ցարական կառավարությունը գտնում էր, որ արեւմտահայերի ազատագրական շարժումները վարակիչ ազդեցություն կունենան Անդրկովկասի համար եւ պաշտպանում էր սուլթանի հակահայկական քաղաքականությունը, հանդես էր գալիս Թուրքիայի ամբողջականության պահպանման օգտին: Փաստորեն, ցարական կառավարությունը թիկունք կանգնեց Թուրքիային, որը, մեր կարծիքով, չէր բխում Ռուսաստանի շահերից եւ իրավացիորեն քննադատվեց ռուս մտավորականության կողմից: 
Ֆրանսիան ամենամեծ ներդրումներն էր կատարել Օսմանյան կայսրությունում, հետեւաբար շահագրգռված էր նրա ամբողջականության պահպանմամբ, ինչպես նաեւ չէր ուզում դեմ գնալ իր դաշնակից Ռուսաստանին: 
Գերմանիան որեւէ քայլի չդիմեց արյունոտ սուլթանի ձեռքը բռնելու հարցում, քանի որ ձգտում էր մերձենալ Թուրքիային եւ այնտեղ ամրապնդել իր դիրքերը: Այսպիսով, տերությունները, ելնելով որոշակի շահերից, չբռնեցին արյունարբու սուլթանի ձեռքը, որն էլ դրանից ոգեւորվելով իրականացրեց հայերի առաջին զանգվածային ցեղասպանությունը: Դրանում իրենց մեղքի բաժինն ունեցան բոլոր տերությունները: 
Ցավոք, հետագայում հայ գործիչները դասեր չքաղեցին այդ իրադարձություններից եւ շարունակում էին հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու հարցում հույս դնել այս կամ այն պետության վրա: Այստեղ, կարծում ենք, տեղին է հիշել մեծ վիպասան Րաֆֆու մարգարեական խոսքերը. «Դժբախտ է այն ազգը եւ միշտ դժբախտ կմնա, որ օտարի օգնության կարոտ կլինի»: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets