ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԽԷ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՀԱԼԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՍՏԿԱՑՈՒՄԸ 19-ՐԴ Դ. ՎԵՐՋԵՐԻՆ 

Ռուս-թուրքական պատերազմը եւ Հայկական հարցի միջազգայնացումը, փաստորեն, ոչինչ չտվեց արեւմտահայությանը: Ռուսաստանի նկատմամբ հայերի ընդգծված համակրանքը, բնականաբար, չվրիպեց թուրքերի ուշադրությունից: Վերջիններս շտապեցին հայերից վրեժ լուծել, թե՛ այդ համակրանքի, թե՛ պատերազմում կրած պարտության համար: Հարյուրամյակներ շարունակ արեւմտահայերի մարդկային, ազգային ու կրոնական իրավունքների նսեմացման, կողոպուտի ու մասնակի ջարդերի միջոցով հայոց հայրենիքի հայազրկմանն ու սեփականացմանը ձգտող թուրքական բռնապետությունը իր հայաջինջ քաղաքականությունը բարձրացրեց նոր մակարդակի: Թուրքական իշխանություններն առավել մեծ չափերով սկսեցին մահմեդականների մոտ ատելություն բորբոքել հայերի նկատմամբ:
1879թ. Թուրքիայի մեծ վեզիր Քյամիլ փաշան սուլթան Աբդուլ Համիդին գրում էր. «այդ հայ կոչված ազգը պետք է վերացնենք, անհետացնենք, ճզմենք: & Դա հեշտ պատերազմ կլինի այնպիսի մի ազգի դեմ, որը ոչ զենք ունի, ոչ զինվորություն եւ ոչ պաշտպան: & Եվ եթե այդ հայ ազգը բնաջինջ լինի եւ քրիստոնյա Եվրոպան Տաճկական Ասիայում կրոնակից փնտրի ու չգտնի, մեզ հանգիստ կթողնի, եւ այն ժամանակ մենք կզբաղվենք ներքին գործերով ու բարենորոգումներով»: 
Այսպիսով, թուրքական իշխանությունների մոտ առաջ եկավ Հայկական հարցը սրով լուծելու` արեւմտահայությանը բնաջնջելու մտայնությունը: Թուրքերը տնտեսական, քաղաքական, ազգային եւ կրոնական ճնշումների միջոցով խթանում էին հայերի արտագաղթը, պարբերաբար կրկնվող կոտորածներով փոքրացնում հայերի թիվը, մեծացնում մահմեդականների թիվը Հայաստանում: 
Հայ ժողովրդի գլխին պատուհաս էին խաշնարած եւ զինված քրդերի չդադարող հարստահարումներն ու բռնագրավումները: Դեռեւս սելջուկների ժամանակներից տարբեր քրդական ցեղեր հաստատվել էին Հայաստանում` մեծ արտոնություններ ձեռք բերելով օսմանյան սուլթաններից: Նրանք խլում էին հայերի գյուղերն ու հողերը, իսկ շատ վայրերում հայ գյուղացիներին դրել էին ճորտական կախման մեջ: Պետության անմիջական ջանքերով քրդերը դարձան հայերի ամենաոխերիմ թշնամիները: Համիդն իր հովանու ներքո վերցրեց քրդական ավագանուն, որն էլ ձեռնամուխ եղավ հայերի թալանին, ապա` կոտորածներին: Քրդական հարստահարությունները մեծ չափեր ընդունեցին հատկապես 1890-ական թվականներից: Նրանց ավելի ոգեւորելու եւ սիրաշահելու համար Համիդն առավել ռազմատենչ քուրդ ցեղապետերին տալիս էր բարձր պատիվներ, շքանշաններ ու նվերներ, իսկ 1891թ. ստեղծեց, հիմնականում քրդերից կազմված ոչ կանոնավոր հեծելազորային կազմավորումներ` համիդիե գնդերը: 
Հայերի նկատմամբ բռնությունների ծավալմանը նպաստեց անկախացած բալկանյան երկրներից մահմեդականների (մուհաջիրներ) զանգվածային գաղթը դեպի ասիական Թուրքիա: Սուլթանը նրանց հոսքն ուղղեց դեպի Արեւմտյան Հայաստան: Կովկասում Շամիլի գլխավորած ապստամբության ճնշումից հետո մոտ կես միլիոն կովկասցի մահմեդական լեռնականներ, որոնք հայտնի էին չերքեզներ ընդհանուր անունով, գաղթեցին Թուրքիա: Նրանց գրեթե կեսը հաստատվեց հայկական նահանգներում: 1878-1904թթ. Արեւմտյան Հայաստանում բնակեցվեցին 850.000 մուհաջիրներ ու չերքեզներ: Մահմեդականների ներգաղթը փոխեց Արեւմտյան Հայաստանի ժողովրդագրական վիճակը, սակայն չկարողացավ հայերին դարձնել փոքրամասնություն: 
Հայաստան ներգաղթած մահմեդականներին իշխանությունները տվեցին զենք, իսկ ապրուստի միջոցներ չհատկացրին, եւ նրանք պետք է կամ սովամահ լինեին կամ ապրեին հայերին թալանելու եւ կոտորելու միջոցով: Դրա հետեւանքով սպանվեցին հազարավոր հայեր, հարյուրավոր գյուղեր անցան այդ զինված հրոսակների ձեռքը: Ներգաղթած մահմեդականները հայերից գրավեցին նրանց բնակավայրերը, տիրացան լավագույն վարելահողերին, անշարժ եւ շարժական գույքին: Այն վայրերում, ուր ոտք էին դնում չերքեզները, անպակաս էին ամենավայրենի բռնությունները, թալանը, սպանությունները: Չերքեզներն ու քրդերը թուրքական իշխանությունների ձեռքին գործիք էին` հայաջինջ քաղաքականություն իրականացնելու համար: 
Միաժամանակ կայսրության օրեցօր վատթարացող վիճակի հետեւանքով ծայր առնող սոցիալական հուզումները, ինչպես նաեւ ազգային-ազատագրական շարժումները կանխելու համար սուլթանական կառավարությունը սկսեց թշնամություն սերմանել մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ` բորբոքելով հետամնաց մահմեդականների կրոնական մոլեռանդությունը: Քանի որ ազատագրական շարժումները հիմնականում ընդգրկել էին քրիստոնյա ժողովուրդներին, ապա սուլթանի մեջ խորացավ այն համոզումը, որ կայսրության ամբողջականությունը կարելի էր պահպանել մահմեդականների վրա հենվելով եւ քրիստոնյաներին ճնշելով: 
Սուլթան Աբդուլ Համիդը կայսրության պաշտոնական գաղափարախոսություն հռչակեց պանիսլամիզմը: Այն պետք է հենք ստեղծեր կայսրության սահմանների ընդարձակման եւ ազգային-ազատագրական շարժումները ճնշելու համար: Ըստ այդ գաղափարախոսության, իսլամը բոլոր մահմեդականների վերազգային եւ վերդասակարգային ընդհանրության ձեւն է, իսկ պատմության մեջ եղած բոլոր պետական ու քաղաքական կազմավորումներից ամենակատարյալը մահմեդական կրոնապետության սկզբունքներով ստեղծված օսմանյան պետությունն էր՝ սուլթան-խալիֆի գլխավորությամբ: Հետեւաբար աշխարհի բոլոր մահմեդականները պետք է միավորվեին համաշխարհային իսլամական պետության մեջ՝ սուլթանի գլխավորությամբ, որի ձեռքում էր կենտրոնացվելու հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունը: Պանիսլամիզմի միջոցով թուրքերը ձգտում էին կայսրության մահմեդականներին հեռու պահել անկախանալու գաղափարից, միաժամանակ իրենց տիրապետությունը տարածել մահմեդականներով բնակեցված անծայրածիր տարածքներում: 
Պանիսլամիզմի գաղափարախոսությունը դարձավ հայկական կոտորածների իրականացման գլխավոր գործոններից մեկը, քանի որ դեպի արեւելք ընդարձակվելու եւ մահմեդական մյուս ժողովուրդներին միանալու համար անհրաժեշտ էր վերացնել «հայկական սեպը»: Միաժամանակ մահմեդական մոլեռանդությամբ վարակված հետադիմական պաշտոնյաներն ու ամբոխը արագորեն էին արձագանքում քրիստոնյա հայերին բնաջնջելու սուլթանի հրահանգներին: 
Արեւմտյան Հայաստանում ամեն օր տեղի էին ունենում անպատիժ սպանություններ, բռնություններ, թալան: Հայերի համար ստեղծվել էին դժոխային պայմաններ, որոնք ստիպում էին արտագաղթել, կոտորվել կամ էլ զենքով պաշտպանել սեփական կյանքն ու արժանապատվությունը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets