ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.07.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ - Ստեփան Զորյան

Ստեփան Եղիայի (Առաքելյան) Զորյան (սեպտեմբեր 15, 1889, ք. Ղարաքիլիսա (Վանաձոր) - հոկտեմբեր 14, 1967, Երևան) հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Գրական գործունեության աոաջին շրջանում ստորագրել է Ստ. Րոֆֆոր կեղծանունով։
Ստեփան Զորյանը ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը: 1906թ-ին մեկնել է Թիֆլիս, աշխատել «Սուրհանդակ», «Մշակ» թերթերում: 1918թ-ին լույս է ընծայել «Տխուր մարդիկ» պատմվածքների առաջին ժողովածուն, որն աչքի է ընկնում կյանքի և մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ: Պատմվածքներում նա թափանցել է հերոսների ներաշխարհը, բացահայտել իրականության հետ ներքին հակասությունները: 
1919թ-ին տեղափոխվել է Երևան. աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատում (1922--25թթ.), ընտրվել Կենտգործկոմի անդամ (1929-37թթ.), եղել Հայաստանի գրողների
միության վարչության քարտուղար (1950-54թթ.): Գրողը մեծ ճանաչման է հասել «Ցանկապատ» (1923թ.) և «Պատերազմը» (1925թ.) պատմվածքների ժողովածուներով: «Ցանկապատ», «Ծովանը» պատմվածքների հերոսները հանուն շահի ոտնահարում են բարոյական բոլոր սկզբունքները: «Պատերազմը» ժողովածուում («Պատերազմը», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» և այլն) Զորյանն անդրադարձել է հայկական գյուղում պատերազմի ավերիչ հետևանքներին, իսկ «Պարզ հոգիներ» (1945թ.) ժողովածուում պատկերել է ռազմադաշտից հեռու՝ թիկունքում ապրող պարզ ու համեստ մարդկանց կյանքը: Զորյանի ստեղծած կանանց կերպարները՝ Եսթերը («Զաքարի հարսը»), Նունուֆարը («Խնձորի այգին»), Փառանձեմը («Հայոց բերդը»), առանձնանում են հուզական բարդ ներաշխարհով, հոգեկան բարձր ու ազնիվ գծերով: Սոցիալական չարիքի թեման լավագույնս ներկայացված է «Խնձորի այգին» (1917թ.) վիպակում: «Ամիրյանի ընտանիքը» (1921թ.) վեպում և «Հեղկոմի նախագահը» (1926թ.), «Գրադարանի աղջիկը» (1926թ.) վիպակներում գրողն անդրադարձել է նոր ժամանակների իրականության հակասություններին:


1944թ-ին Զորյանը լույս է ընծայել «Պապ թագավոր» պատմավեպը: Նա, քննադատաբար վերանայելով պատմական անցյալը, Պապին ներկայացրել է որպես դարաշրջանի նշանավոր պետական ու քաղաքական գործչի: Այնուհետև հրատարակվել են նրա «Հայոց բերդը» (1959թ.), «Վարազդատ» (1967թ.) պատմավեպերը, որոնք «Պապ թագավորի» հետ ամբողջացրել են եռագրությունը: Այս վեպերում գրողը IV դարի քաղաքական անցքերի գեղարվեստական վերլուծությամբ հաստատել է ժողովրդի գոյատևման գլխավոր նախապայմանը՝ պետականության առկայությունը: 
Զորյանը գրել է պատմվածքներ նաև պատանիների ու մանուկների համար («Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն») ու հեքիաթներ: Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է «Մի կյանքի պատմություն» (1935-39թթ.) ինքնակենսագրական վեպը, որտեղ ներկայացված է իր ապրած ժամանակաշրջանը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով: 
Վանաձորում գործում է Զորյանի տուն-թանգարանը. այդտեղ և հանրապետության այլ քաղաքներում Զորյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets