ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԾԹ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ 1915 Թ.

Հայոց ցեղասպանությունն իր բնույթով ու ծավալներով անսպասելի էր արեւմտահայության համար, որի հետեւանքով նրանք անակնկալի եկան, եւ թուրքերը հիմնականում դիմադրության չհանդիպեցին: Այնուամենայնիվ որոշ վայրերում հայերը կարողացան կազմակերպել ինքնապաշտպանություն, որի շնորհիվ հազարավոր մարդիկ փրկվեցին ոչնչացումից: 
Հաջող ինքնապաշտպանություն կազմակերպեցին Վան քաղաքի հայերը: Նրանք կենտրոնացած էին Այգեստան եւ Քաղաքամեջ թաղամասերում, որոնց միջեւ գտնվում էր թուրքական թաղամասը: Ինքնապաշտպանության նախաձեռնողը, ոգին ու ընդհանուր ղեկավարն էր դաշնակցական նշանավոր գործիչ Արամ Մանուկյանը: Հայերն ունեին մոտ 1.500 հրացան եւ ատրճանակ: Վանի նահանգապետ Ջեւդեթը հայկական թաղամասերի դեմ կենտրոնացրել էր 12.000 զինվոր, որոնց միացավ թուրք ու քուրդ խուժանը: Այգեստանում Զինվորական մարմնի ղեկավար դարձավ Արմենակ Եկարյանը, իսկ Քաղաքամեջում` Հայկակ Կոսոյանը: Մարտերը սկսվեցին 1915թ. ապրիլի 7-ին: Թուրքերը, չնայած թնդանոթների աջակցությանը, այդպես էլ չկարողացան գրավել հայկական դիրքերը: Վանեցիները հաջող հակագրոհներ կազմակերպեցին եւ այրեցին կառավարական մի շարք հաստատություններ ու զորանոցներ: Մայիսի 3-ին թուրքական զորքերը հեռացան քաղաքից, իսկ երկու օրից Վան հասան հայ կամավորական ջոկատները, ապա` ռուսական բանակը: 
Հաղթական ավարտով ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Վանի նահանգի մի շարք գավառներում եւս` Շատախում (ապրիլ 1-մայիս 14), Գավաշում (ապրիլ 3- մայիս 11), Փեսանդաշտում (ապրիլ 14-մայիս 10) եւ բազմաթիվ այլ վայրերում: Հերոսական պայքարի շնորհիվ մոտ 150.000-200.000 վասպուրականցիներ ազատվեցին թուրքական յաթաղանից: Ստեղծվեց Վանի հայկական նահանգապետությունը: 
1915թ. մարտից մինչեւ օգոստոսի վերջը թուրքերը կազմակերպված դիմադրության հանդիպեցին հայոց արծվաբույն Սասունում: Ռուբեն Տեր-Մինասյանի գլխավորությամբ Սասունի եւ շրջակայքի մոտ 50.000 հայերը հերոսաբար կռվեցին թուրքական 30.000-ոց կանոնավոր բանակի եւ հազարավոր քուրդ հրոսակների դեմ: Զինամթերքի եւ պարենի սպառվելուց հետո, օգոստոսին հայերը դադարեցրին կազմակերպված դիմադրությունը եւ պայքարը շարունակեցին անտառներում ու լեռներում: 1916թ. հունվարին ռուսական բանակը մտավ Մուշ, եւ մոտ 15.000 սասունցիներ փրկվեցին անխուսափելի թվացող ոչնչացումից: 
1915թ. հուլիսի 20-23-ը տեղի ունեցավ Մուշ քաղաքի գոյամարտը: Մշեցիները նշանավոր հայդուկ Հաջի Հակոբ Կոտոյանի գլխավորությամբ որոշեցին դիմադրել թուրք ջարդարարներին կամ զոհվել հերոսաբար: Թուրքերը, ի վերջո, ճնշեցին ինքնապաշտպանությունը եւ սրի քաշեցին քաղաքի ամբողջ հայ բնակչությանը: Միայն քչերը կարողացան ճեղքել թշնամու օղակը եւ բարձրանալ Սասուն: Հ. Կոտոյանը մինչեւ վերջ կռվելուց հետո, վերջին գնդակով ինքնասպան եղավ: 
1915թ. հունիսի 3-ին սկսվեց Շապին Գարահիսարի հերոսամարտը: Քաղաքի հայ բնակչությունը, ստանալով տեղահանության հրամանը, որոշեց դիմել ինքնապաշտպանության: Ղուկաս Տեովլեթյանի գլխավորությամբ նրանք ամրացան քաղաքի մոտ գտնվող ավերակ ամրոցում: Թուրքական զորքերը բազմիցս փորձեցին ճնշել հայերի դիմադրությունը, սակայն թշնամու բոլոր փորձերն ավարտվում էին անհաջողությամբ: Պարենի, զինամթերքի եւ ջրի սպառվելուց հետո ինքնապաշտպանությունը դարձավ անհնար: Գարահիսարցիների մի մասը որոշեց հանձնվել, իսկ մի մասը հունիսի 29-ին մեծ զոհերի գնով ճեղքեց թշնամու պաշարման օղակը եւ հեռացավ լեռները, ուր բավական երկար ժամանակ շարունակեցին պայքարը: Բերդում մնացածներին թուրքերը սրի քաշեցին: 
Հայերի ինքնապաշտպանության նշանավոր դրվագներից էր Մուսա լեռան հերոսամարտը: Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափին էր Սուետիա գավառը, ուր կային 6 հայկական գյուղեր: 1915թ. հուլիսին այստեղի հայերը տեղահանության հրաման ստացան: Նրանցից մոտ 2.000-ը որոշեցին ենթարկվել գաղթելու պահանջին, իսկ ավելի քան 4.000 մարդ որոշեց բարձրանալ մոտակա Մուսա լեռը եւ դիմադրել թուրք ջարդարարներին: Հուլիսի 31-ին սուետիահայերը բարձրացան Մուսա լեռը: Ինքնապաշտպանության ղեկավարն էր Եսայի Յաղուբյանը: Թուրքերը մի քանի անգամ գրոհեցին հայկական դիրքերի վրա, բայց մեծ կորուստներ տալով` նահանջեցին: Սեպտեմբերի 5-ին Մուսա լեռանը մոտեցավ ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը: Մուսալեռցիները նավապետից խնդրեցին զենք ու պարեն տրամադրել եւ պատրաստ էին երկարատեւ դիմադրություն ցույց տալ թշնամուն: Նրանք մեծ դժկամությամբ համաձայնեցին հեռանալ հայրենի եզերքից: Սեպտեմբերի 12-ին ֆրանսիական եւ անգլիական ռազմանավերով 4.083 մուսալեռցիներ տեղափոխվեցին Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաքը: 
1915թ. սեպտեմբերի 29-ին սկսվեց Ուրֆայի հերոսամարտը: Մկրտիչ Յոթնեղբայրյանի ղեկավարությամբ հայերը կառուցում են բարիկադներ եւ հետ մղում թուրքերի գրոհները: Թշնամին թնդանոթներով գրեթե ամբողջությամբ ավերեց հայկական թաղամասը եւ հոկտեմբերի 23-ին գրավեց այն: 35.000 ուրֆացիներից կենդանի մնաց 5.000-ը, որոնց աքսորեցին Դեր Զոր: 
Ինքնապաշտպանության դիմեցին նաեւ Յոզղատի, Խնուսի մի շարք հայկական գյուղեր, Զեյթունի մոտ գտնվող Ֆընտըճագ գյուղաքաղաքը: Այդ դիմադրության փորձերը հիմնականում ճնշվեցին, բայց դրանց շնորհիվ բազմաթիվ հայեր կարողացան փրկվել կոտորածներից: 
Ինչպես տեսնում ենք, արեւմտահայերը շատ դեպքերում գերադասեցին զենքը ձեռքին պատվավոր մահ ընդունել, քան առանց պայքարի հանձնվել թուրքերի ողորմածությանը: Դրա շնորհիվ հազարավոր հայեր փրկվեցին Եղեռնի գողգոթայով անցնելու փորձությունից: Նույնիսկ այն վայրերում, ուր ինքնապաշտպանությունը ճնշվել էր, ավելի շատ հայեր փրկվեցին, քան այնտեղ, ուր ընդհանրապես զենքի չդիմեցին: Արեւմտահայերի մղած հերոսամարտերը ապացուցեցին, որ թուրք եղեռնագործներից փրկվելու միակ ուղին նրանց դեմ համախմբված զինված պայքար մղելն էր: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets