ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԼԴ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐԸ 16-17-ՐԴ ԴԴ. 

Դարեր շարունակ հայ ժողովուրդը կեղեքվում էր օտար նվաճողների կողմից: Այդ ծանր վիճակից դուրս գալու միակ ելքը երկրի ազատագրումն էր: Սակայն միայն սեփական ուժերով ազատագրվելը թվում էր անհնար, քանի որ հայ իշխաններ գրեթե չկային եւ հայկական ուժերը համախմբված չէին: Միայն լեռնային շրջաններում էին պահպանվել հայկական մանր իշխանություններ` Սյունիքում, Արցախում,
Գեղարքունիքում, Լոռիում, Զեյթունում, Սասունում, Մոկսում, Շատախում եւ այլ վայրերում, որոնք հազիվ էին պահպանում իրենց գոյությունը եւ ի վիճակի չէին գլխավորելու համաժողովրդական պայքարը օտար զավթիչների դեմ: Միաժամանակ, Օսմանյան կայսրությունն ու Սեֆյան Իրանը գտնվում էին իրենց հզորության գագաթնակետին եւ աշխարհի հզորագույն պետություններից էին: 
Հայությանը համախմբող միակ գործոնը Հայ Առաքելական եկեղեցին էր: Հետեւաբար, եկեղեցական գործիչներն էին զբաղվում Հայաստանի ազատագրման հարցով: Նրանք այն համոզմանն էին, որ երկրի ազատագրումը կարող է իրականացվել միայն որեւէ եվրոպական պետության աջակցությամբ եւ հայացքներն ուղղեցին դեպի Արեւմուտք: Եվրոպական կողմնորոշմանը նպաստում էր միջնադարում տարածված Ներսես Պարթեւին վերագրվող գուշակությունը, ըստ որի հայ ժողովուրդը ընկնելու էր անհավատների լծի տակ եւ ազատվելու էր ֆրանկների կամ ալեմանների օգնությամբ: 
Եվրոպայի օգնությամբ Հայաստանն ազատագրելու առաջին նախաձեռնողներից էին Հայոց կաթողիկոսներ Ստեփանոս Սալմաստեցին եւ Միքայել Սեբաստացին: Նրանք Հայաստանի ազատագրմանն աջակցելու խնդրանքով մի քանի պատվիրակություններ ուղարկեցին Եվրոպա, սակայն որեւէ արդյունքի չհասան: 
XVIIդ. Թուրքիան եւ Իրանը կորցրել էին նախկին հզորությունը, եւ հայ գործիչներին թվում էր, թե Հայաստանի ազատագրման համար պայմանները նպաստավոր են: 
1645-1669թթ. Կրետե կղզու համար պատերազմում էին Վենետիկը եւ Օսմանյան կայսրությունը: Վենետիկը, Հռոմի պապերը եւ Ֆրանսիան ձգտում էին հակաթուրքական պայքարի մեջ ներգրավել Արեւելքի քրիստոնյաներին: Հայ, հույն, ասորի գործիչները հույս ունեին, որ քրիստոնյա պետությունների աջակցությունը ստանալով կարող են ազատվել թուրքական լծից եւ սերտ կապեր էին հաստատել վերոնշյալ երկրների հետ: Սսի հայոց կաթողիկոս Խաչատուր Գաղատիացին կապեր հաստատեց Վենետիկի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի եւ Հռոմի պապերի հետ: Բանակցելու նպատակով Լյուդովիկոսի մոտ մեկնեցին Մահտեսի Մուրադ Բաղիշեցու, Խոջա Առաքելի, Պոլսի նախկին պատրիարք Հովհաննես Թութունջու գլխավորած պատվիրակությունները: Վերջինս մեկնեց նաեւ Լեհաստան, ապա` Եթովպիա: Սակայն Վենետիկը պարտվեց Կրետեի պատերազմում եւ այլեւս հայերին օգնել չէր կարող, իսկ Ֆրանսիան, որի հետ էին արեւմտահայերը գլխավորապես կապում իրենց ազատագրման հարցը, զբաղված էր Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելով եւ մտադիր չէր պատերազմ սկսել Օսմանյան կայսրության դեմ: 
XVIIդ. երկրորդ կեսին ազատագրական գաղափարները տարածում ստացան նաեւ արեւելահայերի մոտ: Կրետեի պատերազմում Վենետիկի եւ նրա դաշնակից Ֆրանսիայի պարտությունից հետո, Եվրոպայում հակաթուրքական պայքարը ղեկավարում էր Ավստրիան: 1670-ական թթ. ստեղծվեց հակաթուրքական դաշինք, որի մեջ էին Ավստրիան, Լեհաստանը, Վենետիկը, ավելի ուշ` Ռուսաստանը: Բնականաբար, այդ երկրների հետ էին հույսեր կապում հայ գործիչները: 
Արեւելյան Հայաստանի ազատագրման հարցում մեծ ակտիվություն դրսեւորեց Էջմիածնի կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին: Նա դիմեց Հռոմի պապի եւ Ավստրիայի կայսրի օգնությանը: Նրա կարծիքով հնարավոր էր հեշտությամբ տապալել մահմեդականների լուծը, քանի որ հայերը մեծամասնություն էին կազմում երկրում եւ քաջ կռվողներ էին: Եվրոպական օգնությունը անհրաժեշտ էր համարվում միայն հայերին համախմբելու համար: 
1670-1671թթ. Գանձասարի Պետրոս կաթողիկոսը, հետագայում Հակոբ Ջուղայեցին ու Նոր Ջուղայի հայ առեւտրականները Հայաստանի ազատագրմանը օգնելու խնդրանքով դիմեցին նաեւ Ալեքսեյ ցարին, քանի որ Ռուսաստանը արդեն բավական հզորացել էր եւ նրա սահմանները մոտեցել էին Կովկասին: 
1677թ. Էջմիածնում Հակոբ Ջուղայեցին հրավիրեց գաղտնի ժողով: Որոշվեց օգնության համար դիմել Հռոմի պապին ու եվրոպական պետություններին: Կաթողիկոսի գլխավորությամբ կազմվեց պատվիրակություն, որը նախ մեկնեց Վրաստան, ուր պայմանավորվեցին, որ հայերը դիմեն Եվրոպային, իսկ վրացիները` Ռուսաստանին: 1679թ. աշնանը պատվիրակությունը հասավ Կ. Պոլիս: Այնտեղից կաթողիկոսը Հռոմ ուղարկեց Առաքել Բոպիկ վարդապետին, որպեսզի նախապատրաստի իր հանդիպումը պապի հետ: Հակոբ Ջուղայեցին նամակագրական կապ հաստատեց Լեհաստանի Յան Սոբեսկի թագավորի հետ, որը խոստանում էր աջակցել հայերին: Նախատեսվում էր Լեհաստանում կազմավորել հայկական զորամասեր, որոնք եվրոպական զորքերի հետ ազատագրելու էին Հայաստանը: 1680թ. օգոստոսին Հակոբ Ջուղայեցին Կ. Պոլսում մահացավ, իսկ պատվիրակության անդամները վերադարձան հայրենիք: 
Յան Սոբեսկու հետ նամակագրական կապը շարունակեցին Եղիազար Այնթափցի եւ Նահապետ Եդեսացի կաթողիկոսները: Լեհաստանում կազմավորվեց 5.000-ոց հայկական բանակ, որն ակտիվ մասնակցություն ունեցավ 1683թ. Վիեննայի մոտ թուրքերի դեմ Սոբեսկու տարած փառավոր հաղթանակին: Սակայն Սոբեսկու մահից հետո հայ-լեհական համագործակցության հարցը ձախողվեց: 
Արեւմուտքի օգնությամբ ազատագրվելու ձգտումները դատապարտված էին անհաջողության, քանի որ Եվրոպան մասնատված էր բազմաթիվ պետությունների ու իշխանությունների, որոնց միջեւ անընդմեջ ներքին հակասություններ ու պատերազմներ էին ծագում: Հետեւաբար, Հռոմի պապերն ի վիճակի չէին նոր խաչակրաց արշավանք կազմակերպել ու օգնել հայերին: Չնայած դրան, Հռոմի պապերը սին խոստումներով հույսեր էին առաջացնում հայերի մոտ` ձգտելով Հայ Առաքելական եկեղեցին ենթարկել իրենց ազդեցությանը: Եվրոպական երկրների հետ հայերի կապած հույսերը այդպես էլ չարդարացան: Այնուամենայնիվ, չնայած նախկին անհաջողություններին, հայերը փորձում էին գտնել հայրենիքի ազատագրման ուղիներ եւ հետագայում շարունակեցին բանակցությունները քրիստոնյա երկրների հետ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets