ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԿԳ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 ԹԹ.

Հայոց նորանկախ պետությունը գտնվում էր չափազանց ծանր կացության մեջ: Նա զրկվել էր բերրի հողերից, շրջապատված էր ոխերիմ թշնամիներով, զուրկ էր արտաքին աշխարհի հետ կանոնավոր հաղորդակցության ճանապարհներից, իր ներսում ուներ մեծ թվով անօթեւան եւ ապրուստի տարրական միջոցներից զուրկ փախստականներ: Պատերազմի հետեւանքով կազմալուծվել էր տնտեսությունը, զգացվում էր բնակարանների, պարենամթերքի եւ դեղորայքի սուր պակաս, մոլեգնում էին համաճարակային հիվանդությունները:
Մինչ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը եւ ՀՀ կառավարության անդամները Թիֆլիսից կտեղափոխվեին Երեւան, Արամ Մանուկյանը եւ Երեւանի Հայոց Ազգային խորհուրդը վճռեցին տեր կանգնել երկրին: Արամ Մանուկյանի գլխավորությամբ 1918թ. հունիսի կեսերին ստեղծվեց նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն` Երեւանի Ազգային խորհրդի վարչությունը: Այն գործեց մինչեւ հուլիսի 19-ը` ՀՀ անդրանիկ կառավարության Երեւան ժամանելը: Արամ Մանուկյանի ղեկավարությամբ հսկայական աշխատանք կատարվեց նորաստեղծ երկրի ներքին կյանքի կայունացման, անվտանգության ապահովման եւ պետականության հիմքերի ստեղծման ու ամրապնդման ուղղությամբ: Պետության հիմնադրման եւ ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Արամ մանուկյանին իրավամբ համարում են հանրապետության հիմնադիր: 
1918թ հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հ. Քաջազնունի, արտաքին գործերի նախարար՝ Ա. Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Ա. Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հ. Հախվերդյան:
1918թ. օգոստոսի 1-ին իր աշխատանքը սկսեց երկրի օրենսդիր մարմինը` Հայաստանի խորհուրդը: Այն կազմավորվեց եռապատկելով Թիֆլիսի եւ Երեւանի Հայոց Ազգային խորհուրդների կազմը, նրա մեջ ընդգրկելով անկուսակցականների, ազգային փոքրամասնությունների` ռուս, եզիդի, մահմեդական, ներկայացուցիչների: Այն ուներ 46 անդամ: Հայաստանի խորհուրդը գործեց մինչեւ 1919թ. ապրիլի վերջը: 1919թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները: 80 տեղերից 72-ը ստացավ ՀՅԴ-ն, 4-ը՝ էսեռները, 3-ը՝ թաթարները, 1-ը՝ անկուսակցական: Նորընտիր խորհրդարանն իր աշխատանքը սկսեց 1919թ. օգոստոսի 1-ին եւ գործեց մինչեւ ՀՀ անկումը:
Ցավոք, հայ ազգային-քաղաքական ուժերի մի մասը սկզբնապես բացասական եւ կրավորական դիրք ընդունեց ՀՀ նկատմամբ: Այդ վերաբերմունքը սկսեց փոխվել 1918թ. աշնանից, երբ ՀՀ սահմանները սկսեցին ընդարձակվել: Այդ ուժերի մի մասի մոտ ցանկություն առաջացավ իրենց մասնակցությունը բերել պետության կառավարման եւ պետականաշինության գործին: Դա կարեւոր հանգամանք էր հայոց պետականության ամրապնդման համար: 1918թ. նոյեմբերին ՀՅԴ-ն եւ Հայ ժողովրդական կուսակցությունը կազմեցին կոալիցիոն կառավարություն: Ցավալիորեն մինչեւ ՀՀ անկումն այդպես էլ չստեղծվեց միասնություն արեւելահայ եւ արեւմտահայ քաղաքական շրջանակների միջեւ, որը մեծապես խանգարեց ՀՀ ամրապնդմանը եւ Հայկական հարցի դրական լուծմանը:
1918թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, ծիրանագույն): 1920թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը եւ Հակոբ Կոջոյանը: Օրհներգ ընդունվեց Մ. Նալբանդյանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը:
ՀՀ իշխանությունները ձեռնամուխ եղան երկրում օրինականության հաստատմանը, պարենային ճգնաժամի մեղմացմանը, համաճարակային հիվանդությունների վերացմանը, 300.000 փախստականների եւ 50.000 որբերի խնամքին, կրթական գործի բարելավմանը եւ այլ խնդիրների լուծմանը: Պարենային ծանր կացությունը մեղմելու, նաեւ պետության գանձարանը լցնելու համար պետական մենաշնորհ հաստատվեց հացի, գետնախնձորի, բամբակի, խմիչքների, աղի, կարտոֆիլի նկատմամբ: Քայլեր կատարվեցին դրսից պարենամթերք ներկրելու ուղղությամբ: Այնուամենայնիվ դրությունը մնում էր ծանր: Շուտով պարենային ճգնաժամին գումարվեցին համաճարակային հիվանդությունները: 1918թ. աշնանից մինչեւ 1919թ գարուն սովի եւ համաճարակների հետեւանքով մահացավ մոտ 150.000 մարդ: 
Երկրի ծանր դրությունը 1919թ. փետրվարին Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի օգնությանը: ԱՄՆ գործուղվեց վարչապետ Հ. Քաջազնունին: ՀՀ-ին հատկացվեց օգնություն, որը նկատելիորեն մեղմեց պարենային ճգնաժամը: Պետք է ասել, որ այդ օգնության հատկացման համար առաջադրվել էին որոշակի նախապայմաններ: Մեծ գումարներ հատկացվեցին փախստականներին եւ որբերին օգնելու համար: 
Ամրապնդվեց հայկական զինուժը: 1920թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր: Բանակի մարտունակությանը մեծապես խանգարում էր դասալքությունը: Թերեւս դրա պատճառը պետականության գաղափարի թուլությունն էր զինվորների մոտ:
1920թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը:
Որոշակի աշխուժություն ապրեց երկրի տնտեսական կյանքը: Գործում էին կոնյակի եւ ծխախոտի մի շարք գործարաններ, Ալավերդու եւ Զանգեզուրի պղնձահանքերը, բազմաթիվ ջուլհականոցներ եւ այլն: Սղոցարաններ կառուցվեցին Դիլիջանում եւ Սարիղամիշում: Պետականացվեց Շուստովի կոնյակի գործարանը, Կողբի եւ Կաղզվանի աղահանքերը, Օլթիի ածխահանքերը: Տնտեսության կառավարման եւ զարգացման համար կարեւոր էր ազգային դրամի ընդունումը 1920թ. ապրիլին:
ՀՀ առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից էր մոտ կես միլիոնի հասնող թաթարների եւ քրդերի հակապետական խռովությունների սանձահարումը, քանի որ դրանք սպառնում էին ՀՀ գոյությանը: 1918թ. հունվարից ի վեր թաթարական ավազակախմբերը հարձակվում էին հայկական բնակավայրերի, հաղորդակցության ճանապարհների վրա, ավերում երկաթգծերն ու երկաթուղային կայարանները, կամուրջները, թալանում եւ կոտորում հայ բնակչությանը: Դրանք նոր թափ ստացան ՀՀ ստեղծումից, եւ հատկապես Մուդրոսի զինադադարից հետո, երբ պարտված Թուրքիան իր զորքերը հեռացրեց Կովկասից: Թուրքիան տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու նպատակով գաղտնի խրախուսում էր այնտեղ թաթարների ազգային-վարչական կազմավորումների ստեղծումը: ՀՀ տարածքում ստեղծվեցին մոտ 20 մեծ ու փոքր, գրեթե անկախ մահմեդական իշխանություններ: 1919թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան եւ Ադրբեջանը ջանք չէին խնայել: ՀՀ-ն թեեւ մեծ դժվարությամբ, բայց կարողացավ միչեւ 1920թ. աշուն ճնշել այդ խռովությունը:
ՀՀ ներքին դրության ամրապնդմանը, ինչպես նաեւ միջազգային հեղինակությանը մեծ հարված հասցրեց 1920թ. մայիսին բոլշիկների կազմակերպած ապստամբությունը: ՀՀ գոյության ամբողջ ընթացքում հայ իրականության գլխավոր քաղաքական ուժերը ձեռնպահ մնացին հակապետական ձեռնարկներից՝ հստակ գիտակցելով, որ թշնամիներով օղակված երկրին անհրաժեշտ է հասարակական-քաղաքական կայունություն: Սկզբնապես ՀՀ նկատմամբ լոյալ կեցվածք էին ընդունել նաեւ բոլշեւիկները: Սակայն դեպի Անդրկովկաս Խորհրդային Ռուսաստանի առաջանալուց եւ 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո հայ բոլշեւիկները որոշեցին օգտվել ծանր պայմաններում ապրող հայ ազգաբնակչության դժգոհություններից, ինչպես նաեւ թաթարների անջատական ձգտումներից եւ զենքի ուժով գրավել իշխանությունը: 
1920թ, մայիսի 1-ին Երեւանում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր: Բոլշեւիկները, որոնց կողմն անցավ «Վարդան զորավար» զրահագնացքը Սարգիս Մուսայելյանի գլխավորությամբ, ստեղծեցին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որը Ալեքսանդրապոլում հռչակեց խորհրդային իշխանություն, ազդարարեց դաշնակցական կառավարության տապալումը եւ Հայաստանի խորհրդայնացումը:
Բոլշեւիկյան ապստամբությունը սպառնում էր ՀՀ գոյությանը: Ձեռնարկվեցին արտակարգ քայլեր իրավիճակը կայունացնելու համար: 1920թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ա. Խատիսյանի կառավարությունը: Ընտրվեց նոր կառավարություն Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ: Այն բաղկացած էր ՀՅԴ բյուրոյի անդամներից եւ այդ պատճառով կոչվեց Բյուրո-կառավարություն: Այնուհետեւ խորհրդարանը իր լիազորությունները մեկ ամսով փոխանցեց կառավարությանը: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն: Ամենայն հայոց կաթողիկոսը, կուսակցությունները իրենց աջակցությունը հայտնեցին կառավարությանը եւ անկախ պետականությանը: Ապստամբությունը ճնշելու համար ստեղծվեց հատուկ զորամաս Սեպուհի գլխավորությամբ: Մայիսի 13-ին զորամասը մոտեցավ Ալեքսանդրապոլին եւ վերջնագիր ներկայացրեց ապստամբներին: Վերջիններիս ղեկավարները, քննարկելով վերջնագիրը, որոշեցին չդիմադրել եւ բռնեցին փախուստի ճանապարհը, իսկ կառավարական ուժերը մայիսի 14-ին մտան քաղաք եւ վերականգնեցին օրինական իշխանությունը: 
Խռովության ղեկավարներից Ս. Մուսայելյանը եւ ուրիշներ արտակարգ դատարանների որոշումներով գնդակահարվեցին, իսկ կոմունիստական կուսակցության գործունեությունը ՀՀ-ում արգելվեց: Մայիսյան ապստամբությունը լուրջ հարված հասցրեց ՀՀ ներքին կայունությանը՝ թաթարներին մղելով նոր խռովությունների:
Կարեւոր իրադարձություններից էր Միացյալ եւ Անկախ Հայաստանի մասին ՀՀ կառավարության 1919թ. մայիսի 28-ի հայտարարությունը: Դրանով ՀՀ կառավարությունը հռչակում էր Անդրկովկասի եւ Օսմանյան կայսրության սահմաններում գտնվող հայկական հողերի միավորման եւ անկախության մասին, հայտարարում, որ Միացյալ Հայաստանի պետական ձեւը ժողովրդավարական հանրապետությունն է, եւ որ ինքը հանդիսանում է Միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սակայն այդ քայլը հարուցեց արեւմտահայերի եւ որոշ արեւելահայ քաղաքական ուժերի դժգոհությունը: Արեւմտահայ գործիչների մեծ մասի համար ՀՀ-ն ընդամենը Արարատյան հանրապետություն էր, իսկ իսկական Հայաստանը՝ Արեւմտյան Հայաստանն էր, որի շահերի արտահայտիչը կարող էին լինել միայն արեւմտահայերը:
ՀՀ կրթամշակութային կյանքում կարեւորագույն տեղ է զբաղեցնում համալսարանի հիմնումը: 1919թ. մայիսի 16-ին որոշում կայացվեց համալսարան բացելու մասին, իսկ բացումը կատարվեց 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում: Սկզբնապես այն ուներ միայն պատմա-լեզվաբանական ֆակուլտետ, որտեղ դասախոսում էր 8 դասախոս եւ ուսանում 290 ուսանող: Հաջորդ ուստարում այն փոխադրվեց Երեւան: 1920-1921թթ. ուս. տարում այն ունենալու էր նաեւ իրավաբանական եւ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետներ: Նոյեմբերին որոշում ընդունվեց նաեւ բժշկական ֆակուլտետ բացելու մասին: 1919թ. նոյեմբերին բացվեց Ղարաքիլիսայի ժողովրդական համալսարանը, որտեղ դասընթացներ էին կարդացվում հասարակական-քաղաքական եւ առողջապահական թեմաներով: 
Ծրագրվում էր 1920թ. աշնանը Երեւանում բացել կոնսերվատորիա, Կարսում՝ ռազմական գիմնազիա եւ այլն: Երեւան հրավիրվեցին երաժշտագետներ Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը եւ ուրիշներ: 
ՀՀ իշխանությունները նշանակալի գումարներ հատկացրին գիտական ու գեղարվեստական երկերի թարգմանության, աշխատությունների հրատարակության համար: Բացվեցին մեծ թվով դպրոցներ եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Դրվեց նաեւ գրադարանային եւ թանգարանային հաստատությունների հիմքը: 
Ստեղծվեց Հնությունների պաշտպանության կոմիտե, որը անմիջապես ձեռնամուխ եղավ Անիի ավերակների ուսումնասիրությանը` Թ. Թորամանյանի գլխավորությամբ: 1920թ. հուլիսին կազմակերպվեց գիտական արշավախումբ՝ Հայաստանի հնագիտական քարտեզ կազմելու նպատակով, չափագրվեցին մեծ թվով հուշարձաններ, հայտնաբերվեցին նոր հուշարձաններ եւ արձանագրություններ: Հավաքված նյութերը պետք է կենտրոնացվեին Երեւանի պետական թանգարանում: 1919թ. մայիսին նկարիչներ Գ. Բաշինջաղյանի, Մ. Սարյանի եւ այլոց մասնակցությամբ Երեւանում բացվեց հայ արվեստագետների առաջին ցուցահանդեսը: Այստեղ կառավարության կողմից պետական թանգարանի համար ձեռք բերված կտավները հիմք դարձան Պետական պատկերասրահի համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets