ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԿԲ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

1918Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

1918թ. սկզբներից բավական բարդ եւ ծանր իրավիճակ ստեղծվեց հայ ժողովրդի համար: Օգտվելով ռուսական բանակի հեռացումից` 1918թ. հունվարի 30-ին թուրքական 50.000-ոց բանակը հարձակման անցավ Կովկասյան ճակատում: 
Հաղթահարելով հայկական ուժերի հերոսական դիմադրությունը՝ թուրքական զորքերը գրավեցին Երզնկան, Բաբերդը, Մամախաթունը: Փետրվարի 28-ին տասնօրյա համառ կռիվներից հետո ընկավ Արեւմտյան Հայաստանի գլխավոր հենակետը՝ Էրզրումը, որի պաշտպանությունը ստանձնել էր Անդրանիկը: Չնայած ազգային հերոսի գործադրած գերբնական ճիգերին, չհաջողվեց Էրզրումի մոտ կանգնեցնել թուրքական գերակշիռ ուժերին: Մարտի 22-ին տասնօրյա դիմադրությունից հետո հայկական զորքերը թողեցին Վանը: Այդպիսով ամբողջ Արեւմտյան Հայաստանն ընկավ թուրքերի ձեռքը, որոնք նոր ոճիրներ գործեցին հեռանալ չհասցրած հայ բնակչության նկատմամբ: Հետապնդելով փոքրաթիվ հայկական ուժերին` թուրքական զորքերը շարժվեցին դեպի Արեւելյան Հայաստան:
Միջազգային գործընթացները եւս զարգանում էին ի վնաս հայ ժողովրդի: 1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը Թուրքիային զիջեց ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ` Կարսը, Բաթումը, Արդահանը: 
Թուրքիայի ճնշման տակ 1918թ. ապրիլի 22-ին Անդրկովկասը հռչակվեց անկախ հանրապետություն եւ վարչապետ դարձավ Ա. Չխենկելին: Նախարարական 13 աթոռներից հայերին տրվեցին չորսը: Նախարարական առանցքային պաշտոնները, այն է՝ ներքին գործերի եւ ռազմական, գտնվում էին վրացիների ձեռքում: Վրաց գործիչների խարդավանքների հետեւանքով ապրիլի 25-ին Կարսը առանց կռվի հանձնվեց թուրքերին: Շարունակելով առաջխաղացումը՝ թուրքական զորքերը դիրքավորվեցին Ախուրյանի աջ ափին՝ ավարտելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրով իրենց տրված տարածքների զավթումը: Սակայն թուրքերը չբավարարվեցին դրանով:
1918թ. մայիսի 11-ին Բաթումում սկսված հաշտության բանակցություններում թուրքերը Անդրկովկասի պատվիրակներից պահանջեցին իրենց հանձնել Երեւանի նահանգի զգալի մասը, Ախալքալաքի, Ախալցխայի գավառները: Մինչ անդրկովկասյան պատվիրակները փորձում էին ընդդիմանալ այդ նախագծին, թուրքական բանակը 1918թ. մայիսի 15-ին, խախտելով զինադադարը, վերսկսեց ռազմական գործողությունները, գրավեց Ալեքսանդրապոլը (Գյումրի) եւ շարժվեց Երեւանի ուղղությամբ: Մայիսի 21-ին թշնամին գրավեց Երեւանից 30 կմ հեռու գտնվող Սարդարապատը:
Թուրքական ներխուժման ահավոր վտանգն անմիջականորեն կախվեց Էջմիածնի եւ Երեւանի վրա: Ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը:
Երեւանի նահանգում տիրում էր ծանր կացություն. առկա էր պարենի, դեղորայքի, վառելիքի սուր պակաս: Երկիրը շրջապատված էր թշնամական օղակով. մի կողմից թուրքական բանակն էր, մյուս կողմից՝ ցանկացած պահի նրան աջակցելու պատրաստ կովկասյան թուրքերը (այժմ` ադրբեջանցիներ): Չկար ամենից կարեւորը՝ հավատը սեփական ուժերի եւ հաջողության նկատմամբ: 
Բախտորոշ այդ պահին քաջություն եւ կամք դրսեւորեց ազատագրական շարժման նշանավոր գործիչ, 1915թ. Վանի ապրիլյան հերոսամարտի կազմակերպիչ, 1917թ. դեկտեմբերից ի վեր Արեւելյան Հայաստանի նշանակալի մասը զբաղեցնող Երեւանի նահանգի ղեկավար Արամ Մանուկյանը: Մայիսի 19-ին նա Երեւանյան զորախմբի հրամանատար գեներալ Մ. Սիլիկյանին հանձնարարեց վերջ տալ հետագա նահանջին եւ Արարատյան դաշտում թշնամուն հակահարված տալ: Մ. Սիլիկյանը Սարդարապատի ուղղությամբ գործող զորքերի հրամանատար նշանակեց Դանիել Բեկ-Փիրումյանին, Բաշ Ապարանում` Դրոյին:
Մայիսի 19-ի երեկոյան գումարված Ազգային խորհրդի նիստում հարց բարձրացվեց Երեւանը թշնամուն հանձնելու, Նոր Բայազետի լեռները նահանջելու եւ այնտեղից դիմադրական մարտեր մղելու մասին: Հերթական անգամ Ա. Մանուկյանն ամենայն վճռականությամբ բացառեց անձնատվությունը՝ նշելով. «Երեւանը չենք դատարկելու, եւ պետք է կռվենք, դիմադրենք թշնամուն մինչեւ մեր վերջին կաթիլ արյունը, մինչեւ վերջին գնդակը»: 
Ռազմաճակատն ուժեղացնելու նպատակով Ա. Մանուկյանը հրահանգեց առանց բացառության ռազմաճակատ ուղարկել բոլոր զինապարտներին, խստագույնս արգելեց քաղաքից հեռանալը: Կանանց եւ երեխաներին հանձնարարվեց տներից փամփուշտ հավաքել եւ ջուր հասցնել ճակատում գտնվող զինվորներին: 
Սարդարապատի մոտ տեղի ունենալիք ճակատամարտի ելքի տեսակետից անչափ կարեւոր էր Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ի բարոյական աջակցությունը, որը կտրականապես հրաժարվեց Էջմիածնից հեռանալ անվտանգ վայր:
Արամ Մանուկյանի ու նրա գործակիցների եռանդուն եւ հետեւողական քայլերը տվեցին ցանկալի արդյունք. մարտական ոգին, համաժողովրդական միասնությունը ձեւավորված էր: Ոգեւորությամբ համակված ժողովրդական զանգվածները թե՛ Երեւանից եւ թե՛ գավառներից, կամավորական խմբեր կազմած, մեկնում էին ռազմաճակատ: 
Թշնամուն վճռական հակահարված հասցնելը դժվարին գործ էր: Մոտ 7.000 զինվորներ ունեցող հայկական զորքը Սարդարապատում պետք է հաղթահարեր մոտ 9.000 կանոնավոր զինվորներ, 3.000 քուրդ հեծյալներ ունեցող եւ լավ զինված հակառակորդին: 
Այնուամենայնիվ, 1918թ. մայիսի 22-ին հայկական զորքերը Սարդարապատի ճակատում անցան հարձակման եւ երկօրյա մարտերի ընթացքում թշնամուց ազատագրեցին մի քանի գյուղեր ու Սարդարապատ կայարանը: Թուրքական զորքերը, տալով 500 սպանված ու վիրավոր, նահանջեցին եւ ամրացան Արաքս կայարանում եւ նրա մոտակա բարձունքներում: Մայիսի 27-ին հայկական զորքն անցավ նոր գրոհի: Դանիել Բեկ-Փիրումյանի, գնդապետ Կ. Հասան-Փաշայանի հրամանատարությամբ գործող կանոնավոր զորամասերը եւ Պանդուխտի պարտիզանական գունդը ուժգին հարձակմամբ թուրքերին մատնեցին ծանր պարտության: Մինչեւ մայիսի 29-ը տեւած հարձակողական գործողությունների արդյունքում թշնամուց ազատագրվեցին տասնյակ բնակավայրեր: Ջախջախված թուրքերը նահանջեցին Ալեքսանդրապոլի ուղղությամբ:
Սարդարապատի հաղթանակը ոգեւորիչ ազդեցություն գործեց Բաշ Ապարանի ճակատում գործող հայկական ուժերի վրա: Բացի այդ, Սարդարապատի ճակատամարտում բեկում մտցնելուց հետո գեներալ Սիլիկյանը օգնական ուժեր ուղարկեց Դրոյին: Մայիսի 24-29-ը տեղի ունեցած մարտերում Դրոյի գլխավորությամբ գործող զորամասերը ջախջախեցին թուրքերին, ազատագրեցին Բաշ Ապարանը: Թուրքերը մայիսի 29-ին հեռացան նաեւ Համամլուից: Երեւանը շրջափակելու թուրքերի փորձը ամբողջապես վերացվեց: 
Հայկական զորքի հաջողությունը Սարդարապատում ոգեւորություն առաջացրեց նաեւ Ղարաքիլիսայում (Վանաձոր): Արդյունքը եղավ այն, որ մայիսի 25-28-ը 7.000-ոց հայկական բանակային եւ աշխարհազորային ջոկատները հերոսական ճակատամարտ տվեցին թուրքական 10.000-ոց բանակին: Այստեղ աչքի ընկան Դարպաս գյուղի քահանա Տեր Կոմիտաս Սարգսյանը, Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսեսյանը, Գարեգին Նժդեհը, գեներալ Համազյանը, գնդապետներ Բեյ-Մամիկոնյանը, Սամարցյանը:
Թեեւ արյունահեղ մարտերն ավարտվեցին հայերի պարտությամբ, սակայն թշնամուն հասցվեց ծանր հարված, որը նրա վրա գործեց զսպող ազդեցություն: Բաթումում գտնվող թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան այդ կապակցությամբ նշել է. «Դա բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ& Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»:
Մայիսյան հերոսամարտերը բացառիկ նշանակություն ունեցան հայության համար: Դրանք փրկեցին հայ ժողովրդին վերջնական բնաջնջումից, բարձրացրին նրա բարոյական ու մարտական կորովը, հերթական անգամ հաստատեցին, որ հավաքական պայքարի դեպքում անկարելի է ընկճել մեր ժողովրդին եւ հնարավոր դարձրին Հայաստանի անկախության վերականգնումը:
Մայիսի 26-ին վրացիները հռչակեցին Վրաստանի անկախությունը: Հաջորդ օրը կովկասյան թաթարների ներկայացուցիչները հայտարարեցին իրենց պետության ստեղծման մասին՝ նրան տալով Ադրբեջան անունը: Դրանով լուծարվեց Անդրկովկասի հանրապետությունը:
1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը: Փաստորեն վերականգնվեց հարյուրամյակներ առաջ կործանված հայկական պետականությունը եւ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Դա մեծ նվաճում էր դարավոր թշնամու դեմ երկարատեւ պայքար մղող հայ ժողովրդի համար: ՀՀ ստեղծման գործում ունեցած մեծագույն ներդրման համար Արամ Մանուկյանն արժանացավ Հանրապետության հիմնադիր անվանը:
1918թ. հունիսի 4-ին Բաթումում Հայաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Այն անչափ ծանր էր հայ ժողովրդի համար, քանի որ Հայաստանը սահմանափակվում էր ընդամենը 12.000 կմ2 տարածքով: Նույնիսկ նման սահմանափակ տարածքով անկախ պետականության վերականգնումը, որը հնարավոր դարձավ միայն մայիսյան հերոսամարտերի շնորհիվ, զգալի ձեռքբերում էր: Թուրքերը ստիպված էին համակերպվել Հայաստանի անկախության հետ: 
Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին հաղորդում էր. «& թեեւ փոքրիկ եւ աղքատ, բայց Ազատ Հայաստանի համար մենք պարտական ենք մեր զորքերի անձնազոհությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիները եւ թուրքերը Կովկասը բաժանում էին Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հայերին ապահովելով միայն ֆիզիկական գոյություն: Պետք է ենթադրել, որ մեր զորքի դիմադրությունը նրանց հարկադրեց ճանաչել եւ Հայաստանը»:
Հայստանի անկախության հռչակումից հետո Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ ընտրեց Հովհաննես Քաջազնունուն եւ նրան հանձնարարեց կազմել կառավարություն:
Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին: Իշխանությունն անցավ Հայ հեղափոխական դաշնակցությանը, որը ազատագրական պայքարում ցուցաբերած մեծ ակտիվության շնորհիվ դարձել էր հայ իրականության մեջ ամենահեղինակավոր կուսակցությունը: Կառավարություն առաջ դրված էին չափազանց բարդ խնդիրներ` պաշտպանել երկիրը թուրքերի նոր հարձակումից, պատսպարել մոտ 300.000 գաղթականներին, կասեցնել տնտեսության հետագա քայքայումը, ստեղծել պետական կառավարման մարմիններ, միջոցներ ձեռնարկել սովի եւ համաճարակների առաջն առնելու համար:
Պետք է նշել, որ չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին Հայաստանի Հանրապետությունը կարողացավ լուծել տնտեսական, սոցիալական, քաղաքական, կառավարման ժողովրդավարական համակարգի հաստատման խնդիրները, իսկ երկրի տարածքը մի քանի ամիս անց` Թուրքիայի պարտության հետեւանքով, դարձավ մոտ 70.000 կմ2: Այդ ամենը իրականացվեց շնորհիվ իշխանության գլուխ կանգնած այն գործիչների ջանքերի, որոնք անցել էին ազատագրական պայքարի բովով եւ իրենց ամենագլխավոր նպատակը հայկական պետության ամրապնդումը եւ հայ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելն էր: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets