ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.07.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հայոց մեծ թվական

Հայոց մեծ թվական (մատենագրության մեջ և վիմագիր արձանագրություններում նաև` թուականութիւն ասքանազեան, թուականութիւն թորգոմեան, թուաբերութիւն արամեան, թուականութիւն հայկազեան տոհմի ևն), տարեթվերի հաշվման հայկական թվականություն. սկսվել է մ.թ. 552թ. հուլիսի 11-ից: Հայոց առաջին ամսի` Նավասարդի 1-ը այդ տարի համապատասխանել է հուլյան տոմարի հուլիսի 11-ին: Հայոց մեծ թվականի հիմնադրման հարցը 554-ին քննվել է Դվինի երկրորդ եկեղեցական ժողովում, սակայն պաշտոնապես ընդունվել է 584թ.։ Ինքնուրույնության ձգտող Հայ առաքելական եկեղեցին, ստեղծելով իր թվականությունը, զատվել է հարևան եկեղեցիներից, նրանց ազդեցություններից (եկեղեցական տոների, ժամանակի հաշվման և այլ հարցերում): Ըստ ձեռագիր տեղեկությունների` մի քանի տարի զատկական հաշիվները շփոթելուց հետո Էաս Աղեքսանդրացու հայտնաբերած զատկացանկի գործածության հետ մեկտեղ սկիզբ է առել Հայոց մեծ թվականը: Ընդ որում, առաջին տարվա հիմնական եկեղեցական տոները` Սուրբ Ծնունդը և Զատիկը, համընկել են, համապատասխանաբար` 553թ. հունվարի 6-ի և ապրիլի 20-ի հետ: Հայոց մեծ թվականի առաջին տարին կապվել է եգիպտացի տոմարագետ Էաս Աղեքսանդրացու հայտնաբերած 532-ամյա զատկացանկի գործածության հետ: Եթե հարևան քրիստոնյա ժողովուրդների տոմարների հիմքում ընկած էր նույն հուլյան տարին, և հուլյան տոմարից դրանք տարբերվել են միայն ամսանուններով ու տարեսկզբով (որոնց նահանջի հաշվարկը կատարվել է 4 տարին մեկ), ապա հայոց տոմարում տարին մշտապես 365 օր հաշվելու հետևանքով հայոց և հռոմեական (և ոչ միայն հռոմեական) ամիսների համապատասխանությունը խախտվել է 4 տարում 1 օրով: Այդ է պատճառը, որ Հայոց մեծ թվականը անվանել են շարժական տոմար:
Հայոց շարժական և հուլյան անշարժ տոմարների միջև, մինչև 532-ամյա պարբերաշրջանի ավարտը, առաջացել է 1 տարվա շեղում, որը Հովհաննես Սարկավագը առաջարկել է հանել 532-ամյա պարբերաշրջանի հետ։ Հայոց մեծ թվականի և Քրիստոսի ծննդյան թվականի միջև զուգահեռ հաշվումներ կատարելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 1317–20-ին Նավասարդի 1-ը համընկել է հունվարի 1-ին: Ուստի հայոց տարեսկզբի համար հաշվումներ կատարելիս Հայոց մեծ թվականը ստանալու համար մինչև 1320-ը պետք է հանել 551, իսկ 1320-ից հետո` 550:

Գրականություն
  • Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, 2, Երևան, 1964, 1968:
  • Թումանյան Բ.,, Տոմարի պատմություն, Երևան, 1972:
  • Բադալյան Հ., Օրացույցի պատմություն, Երևան, 1970:
  • Աբրահամյան Ա., Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets