ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԽԵ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

19-րդ դարի 70-80-ական թթ. վերելք ապրեց հայ ազգային-ազատագրական շարժումը: Դա հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ թուրքական կառավարության հռչակած թանզիմաթյան ռեֆորմները չէին տվել սպասված արդյունքը եւ Թուրքիայում շարունակում էին չլուծված մնալ ազգային հիմնախնդիրները: Շարժման վերելքին նպաստեց նաեւ բալկանյան ժողովուրդների ըմբոստացումը թուրքական բռնապետության դեմ: 
Հայ ազգային ազատագրական շարժման մեջ աստիճանաբար հասունանում է զինված պայքարի միջոցով ազատագրվելու գաղափարը: Արդեն 1870-ական թվականների սկզբներից Արեւմտյան Հայաստանում սկսում են ձեւավորվել ազատագրական խմբակներ ու կազմակերպություններ, որոնք իրենց առջեւ նպատակ էին դրել տարածել ազատագրական գաղափարները ժողովրդի մեջ եւ զինված պայքարի դուրս գալ թուրքական տիրապետության դեմ: 
1872թ. սկզբներին Վանում հիմնադրվեց «Միություն ի փրկություն» գաղտնի կազմակերպությունը, որի նպատակն էր ազատել հայ ժողովրդին թուրքական լծից: Կազմակերպությունը միասնության կոչ էր անում եւ պահանջում էր պայքարել մինչեւ արյան վերջին կաթիլը: Նրանց կարգախոսն էր «Մահ կամ ազատություն»: Կազմակերպությունը պատվիրակություններ ուղարկեց Ռուսաստան օգնության խնդրանքով: Սակայն այն երկար կյանք չունեցավ եւ շուտով լուծարվեց: 
Ռուս-թուրքական պատերազմից եւ Բեռլինի կոնգրեսից հետո հայ ազգային-ազատագրական շարժումը նոր վերելք ապրեց: 1878թ. Վանում հիմնադրվեց «Սեւ խաչ» գաղտնի կազմակերպությունը, որի նպատակն էր զենքի միջոցով պաշտպանել հայրենակիցների անվտանգությունը: «Սեւ խաչի» անդամների համար անգամ պատրաստվել էր զինվորական հագուստ, ինչպես նաեւ գործում էր «Զինակիր» անվամբ մի խումբ, որը զբաղվում էր ապագա աշխարհազորայինների զինավարժությամբ: 
Վանում եւ Վասպուրականում ազատագրական պայքարի բուռն վերելքը կապված էր Մկրտիչ Խրիմյանի եւ Մկրտիչ Փորթուգալյանի համարձակ եւ անձնվեր գործունեությամբ, որով փորձում էին բարձրացնել հայ ժողովրդի ազատագրական ոգին: 
1881թ. Կարինում Խաչատուր Կերեկցյանի կողմից հիմնվեց «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը: Հրապարակայնորեն այն կոչվում էր «Երկրագործական ընկերություն»: Կազմակերպությունը ղեկավարում էր հինգ հոգանոց խորհուրդը, նպատակն էր` նախ ինքնապաշտպանության կազմակերպումը, ապա նաեւ` ժողովրդի քաղաքական ազատագրումը: Կազմակերպության կառուցվածքը տասնապետության համակարգն էր, երբ մի տասնյակում ընդգրկված անդամները առնչություն չունեին մյուս տասնյակի հետ եւ չէին ճանաչում կազմակերպության ղեկավարներին: Կազմակերպության անդամները գրավոր երդում էին տալիս: «Պաշտպան հայրենյացը» ուներ նաեւ իրեն պատկանող գաղտնի զինագործական արհեստանոց: Այս կազմակերպության անդամները փորձում են կապեր հաստատել Վանի, Արեւելյան Հայաստանի համախոհների հետ, ինչպես նաեւ քրդերի հետ` համատեղ պայքար սկսելու նպատակով: 1882թ. «Պաշտպան հայրենյացը» հայտնաբերվեց ոստիկանության կողմից: Նրա շատ անդամներ ձերբակալվեցին: Շուրջ 40 մարդ դատապարտվեց 5-15 տարվա ազատազրկման: Դատավարությունը հայերի մոտ մեծ արձագանք ունեցավ: Շուտով սուլթանը նրանց ներում է շնորհում: Կերեկցյանը կրկին վերադառնում է Կարին եւ ծավալում իր գործունեությունը: «Պաշտպան հայրենյացը» արեւմտահայ իրականության մեջ ստեղծված ամենազանգվածային եւ ժողովրդական կազմակերպությունն էր: 
Ազգային ազատագրական կազմակերպություններ ստեղծվում էին նաեւ արեւելահայերի շրջանում: Արեւելահայ առաջին ազատագրական կազմակերպությունները 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ուսուցիչ Արսեն Կրիտյանի կողմից հիմնադրված «Բարենպատակ ընկերությունը» եւ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) հիմնադրված «Հայրենիքի սիրո գրասենյակն» էին: Նրանց նպատակն էր զենքի ուժով ազատագրել հայրենիքը, իսկ գործունեությունը ուղղված էր եւ ցարական եւ թուրքական բռնապետությունների դեմ: 1875թ. այս երկու կազմակերպությունները հայտնաբերվեցին ցարական ոստիկանության կողմից եւ նրանց գործունեությունը արգելվեց: 
1880-ական թթ. սկզբին սկսվեց արեւելահայ գործիչների, այսպես կոչված, «ազատության զինվորների» անցումը Երկիր (Արեւմտյան Հայաստան), նաեւ կամավորական խմբերի ստեղծումը` արեւմտահայերին զինված օգնություն ցույց տալու համար: Ռուսաստանում սովորող շատ հայ ուսանողներ թողնում էին ուսումը, մեկնում Տուլա զինագործություն սովորելու համար, հետագայում Երկիր անցնելու նպատակով: Երկիր անցնող առաջին երիտասարդ հայրենասերներից էին Լազարյան ճեմարանի ուսանողներ Վարդան Գոլոշյանը եւ Հովհաննես Ագրիպասյանը, որոնք 1889թ. իրենց ընկերների հետ Երկիր անցնելու ճանապարհին բախվեցին թուրքական ոստիկանության հետ եւ զոհվեցին: Նրանք հայ ազատագրական զիված պայքարի առաջին զոհերն էին: 
1881-1886թթ. Մոսկվայի հայ ուսանողների կողմից ձեւավորվեց «Հայրենասերների միությունը», որը հրատարակում էր «Ազատության ավետաբեր» թերթը: «Հայրենասերների միությունը» կապեր էր հաստատել Երեւանում գործող մեկ այլ գաղտնի խմբակի հետ, որը կոչվում էր «Հայասեր-ազգասեր»: Այս կազմակերպության գործունեությունը ուղղված էր ցարական գաղութային քաղաքականության դեմ: Նրա անդամները ազգային ոգին բարձրացնելու համար ժողովրդի մեջ տարածում էին հայ թագավորների, զորավարների նկարները: 
Թիֆլիսում մեծ հեղինակություն էր վայելում դեռեւս ռուս-թուրքական պատերազմի տարիներին ստեղծված Գրիգոր Արծրունու խմբակը, որի գլխավոր դեմքը Րաֆֆին էր: Խմբակը կապեր էր հաստատել արեւմտահայ եւ արեւելահայ շատ կազմակերպություների հետ եւ նպատակ էր հետապնդում Ռուսաստանի աջակցությամբ եւ զինված ապստամբության միջոցով ազատագրել Արեւմտյան Հայաստանը: Արծրունու խմբակը մեծ ազդեցություն էր ձեռք բերել արեւելահայերի շրջանում: Խմբակի գործունեությունը դադարեցվեց 1884թ.: 
1882-1886թթ. Թիֆլիսում գործում էր նարոդնիկական ինտերնացիոնալ կազմակերպությունից անջատված առաջին հայկական նարոդնիկական կազմակերպությունը, որի կազմում էին Ներսես Աբելյանը եւ մի շարք այլ հայրենասեր երիտասարդներ: Խմբակը հրատարակում էր «Դրոշակ» լրագիրը եւ նյութական օգնություն էր կազմակերպում Երկիր մեկնողների համար: 
Այսպիսով, 1860-80-ական թթ. արեւմտահայ եւ արեւելահայ իրականության մեջ առաջացած ազատագրական խմբակները եւ կազմակերպությունները ոչ միայն գաղափարական ու մարտավարական նոր փուլի հասցրին հայ ազգային-ազատագրական պայքարը, այլեւ հետագայում նախապայման հանդիսացան հայ ազգային կուսակցությունների ստեղծման համար: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets