ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԾԳ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

Արեւելյան Հայաստանը XXդ. սկզբին շարունակում էր մնալ Ռուսաստանի տիրապետության տակ: Ցարական իշխանությունները Անդրկովկասում վարում էին գաղութային քաղաքականություն: Սակայն, ի տարբերություն Արեւմտյան Հայաստանի, այստեղ հայերի գլխին կախված չէր ֆիզիկական բնաջնջման վտանգը, կային տնտեսական ու մշակութային առաջընթացի բավարար պայմաններ: Այսպիսով, արեւելահայությունը, հաղթահարելով եղած խոչընդոտները, բռնել էր վերելքի ուղին: Անդրկովկասի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հայերը կազմում էին մեծամասնություն, հայ բուրժուազիայի ձեռքում էր կենտրոնացվել երկրամասի տնտեսության, այդ թվում նավթարդյունաբերության, մի խոշոր մասը, գրեթե բոլոր արհեստավորները հայեր էին: Տնտեսական զարգացմանը զուգահեռ առաջադիմում էր կրթական-լուսավորական ու մշակութային կյանքը:
Հայ ժողովրդի այդ բուռն վերելքը որոշ ցարական պաշտոնյաների կողմից դիտվում էր որպես երկրամասի ռուսացման ծրագրերին խոչընդոտող հանգամանք եւ ապագայում հայկական անջատողական ձգտումներին խթանող գործոն: Հայերի տնտեսական ու մշակութային վերելքին նախանձով էին վերաբերվում նաեւ հարեւան վրացիներն ու մահմեդականները: 
Հակահայկական դիրքորոշմամբ աչքի էր ընկնում Կովկասի կառավարչապետ Գոլիցինը (1896-1904թթ.): Կառավարության նիստում նա նույնիսկ առաջ քաշեց հայերին Սիբիր աքսորելու գաղափարը: Նա պատճառաբանում էր, որ բոլոր հայերը հեղափոխականներ ու անջատողականներ են: Գոլիցինը որոշեց առաջին հարվածը հասցնել հայերի հոգեւոր, կրթական ու մշակութային հաստատություններին, որպեսզի ավելի հեշտությամբ խեղի հայ ժողովրդի ազգային դիմագիծը, ապա իրագործի ավելի հեռուն գնացող նպատակները: Նախկինում ցարական իշխանությունները մի քանի անգամ փորձել էին փակել հայկական դպրոցները եւ հայ մանուկներին հեռու պահել ազգային կրթությունից ու մտածելակերպից: Սակայն հանդիպելով հայ բնակչության միահամուռ ընդդիմությանը, իշխանությունները ստիպված էին եղել վերաբացել հայկական դպրոցները: Գոլիցինը որոշեց հարվածել Հայ Առաքելական եկեղեցու տնտեսական կարողությանը, որպեսզի թուլացնի հայ հոգեւոր կենտրոնի դիրքերը եւ փակի հայկական դպրոցները, որոնք գլխավորապես պահվում էին եկեղեցու միջոցներով:
1903թ. հունիսի 12-ին կայսր Նիկոլայ II-ը, Գոլիցինի առաջարկով, հրամանագիր ստորագրեց, որով բռնագրավվելու էին Հայ Առաքելական եկեղեցու կալվածքներն ու գույքը: Այդ ապօրինի որոշումը հանդիպեց ամբողջ հայ ժողովրդի եւ հոգեւորականության բուռն ընդդիմությանը: 
Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը հրաժարվեց ենթարկվել այդ հրամանագրին եւ բոլոր հոգեւորականներին արգելեց սեփական կամքով եկեղեցու ունեցվածքը հանձնել ցարական պաշտոնյաներին: Անդրկովկասի բոլոր հայաշատ վայրերում տեղի ունեցան խոշոր ցույցեր ու բողոքի գործողություններ, որոնք հաճախ վերածվում էին զինված ընդհարման ոստիկանության ու զինվորների հետ: Հակացարական ելույթները գլխավորում էին Հ.Յ.Դաշնակցություն եւ Ս.Դ.Հնչակյան կուսակցությունները: 
Ամենուրեք իշխանությունները միայն զինված ուժ կիրառելու միջոցով էին կարողանում բռնագրավել եկեղեցու ունեցվածքը: Հայության շահերի պաշտպանության գործը հիմնականում ղեկավարում էր Դաշնակցությունը, որի վրիժառուները պատժեցին հայերի նկատմամբ բռնություններ գործադրած ցարական պաշտոնյաների մեծ մասին: Հնչակյանները մահափորձ կազմակերպեցին անձամբ Գոլիցինի դեմ, որը ծանր վիրավորվեց եւ հեռացվեց պաշտոնից: 
Իշխանությունների համար շատ անսպասելի էր հայերի կողմից նման համառ ու կազմակերպված համաժողովրդական դիմադրությունը: Հաշվի առնելով հայ ժողովրդի օրեցօր աճող զայրույթն ու դժգոհությունը, ինչպես նաեւ սկսված ռուսական առաջին հեղափոխությունը, ցարական իշխանությունները ստիպված էին տեղի տալ: 1905թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ը նոր հրամանագիր ստորագրեց, որով հայոց եկեղեցուն վերադարձվեց նրա ամբողջ ունեցվածքը: Այսպիսով, սեփական ազգային շահերը պաշտպանելուն ուղղված հայության պայքարը հզոր կայսրության դեմ ավարտվեց հաղթանակով:
1905թ. սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը: Ռուսաստանի ժողովուրդներին հեղափոխական շարժումներից հեռու պահելու նպատակով ցարական իշխանությունները դիմում էին ամենատարբեր միջոցների, այդ թվում ազգամիջյան ընդհարումներ կազմակերպելուն: Անդրկովկասում իշխանությունները հրահրեցին հայ-թաթարական (ադրբեջանական) բախումներ: Դա առաջին հերթին ուղղված էր զարգացած ու կրթված հայերի դեմ, որոնք առավել շատ էին հակված սոցիալական ու ժողովրդավարական բարելավումներ տեսնելուն: Միաժամանակ հետամնաց մահմեդական ամբոխին հեշտ էր գրգռել հարձակվելու խաղաղ աշխատանքով զբաղված եւ ոչինչ չկասկածող հայերի վրա:
1905թ. փետրվարի 6-9-ը Բաքվում տեղի ունեցան առաջին ընդհարումները, որոնց նախաձեռնողը Բաքվի նահանգապետ Նակաշիձեն էր: Զինված մահմեդականները հարձակվեցին հայերի եւ նրանց տների վրա, սկսեցին կողոպտել, բռնաբարել, սպանել խաղաղ հայ բնակչությանը: Ոստիկանությունը եւ զորքը մնացին կողմնակի դիտողի դերում: Հայերը սկզբում անակնկալի եկան եւ մեծ կորուստներ ունեցան: Շուտով Նիկոլ Դումանի գլխավորությամբ Դաշնակցության ջոկատները արժանի հակահարված տվեցին թուրք ջարդարարներին, որոնք հսկայական զոհեր տալով հաշտություն խնդրեցին: Դաշնակցության որոշումով Դրոն (Դրաստամատ Կանայան) եւ Մարտիրոս Չարուխյանը սպանեցին ջարդերի նախաձեռնող Նակաշիձեին:
Սակայն Բաքվով ընդհարումները չսահմանափակվեցին եւ տարածվեցին Անդրկովկասի այն բոլոր բնակավայրերում, ուր հայերն ու թաթարները ապրում էին կողք կողքի: Արյունահեղ մարտեր տեղի ունեցան Բաքվի, Գանձակի, Երեւանի, Թիֆլիսի նահանգներում: Ինքնապաշտպանության կազմակերպման գործում աչքի ընկան դաշնակցական նշանավոր գործիչներ Նիկոլ Դումանը, Խանասորի Վարդանը, Արմեն Գարոն, Սեբաստացի Մուրադը, Կայծակ Առաքելը եւ ուրիշներ:
Ամենուրեք առաջինը հարձակվում էին թաթարները, սակայն գրեթե միշտ հաղթում էին փոքրաթիվ, բայց կազմակերպված ու մարտունակ հայկական ջոկատները: Ընդհարումների ժամանակ Դաշնակցությունը ապացուցեց իր կազմակերպվածությունը, մարտունակությունը եւ հայության շահերին սպառնացող վտանգի դեպքում արագ արձագանքելու ընդունակությունը: Միաժամանակ ադրբեջանցիների նախնիները կրկին ապացուցեցին թուրքական ցեղի արյունարբու բնազդները: Ընդհարումները շարունակվեցին մինչեւ 1906թ. աշուն եւ իշխանությունների միջամտությամբ դադարեցվեցին, երբ հեղափոխական շարժումները Ռուսաստանում արդեն ճնշված էին եւ ցարական պաշտոնյաները այլեւս կարիք չունեին ապակայունացնելու իրադրությունը: Իրավիճակի կայունացմանը նպաստեցին նաեւ առաջավոր մտավորականների` Հովհաննես Թումանյանի, Մաքսիմ Գորկու, Սաբիրի կողմից հնչեցված հանդարտեցման կոչերը:
Եթե նախկինում հայերն իրենց ապահով էին զգում ռուսական կայսրության մեջ, ապա այդ ընդհարումները ցույց տվեցին, որ ոչ մի օտար տիրապետություն չի կարող լիարժեքորեն ապահովել հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: 
Եկեղեցական գույքի համար պայքարը եւ 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումները ցարական պաշտոնյաներին ու հարեւան ժողովուրդներին ապացուցեցին, որ հայերը կազմակերպված, բարձր մարտունակություն ունեցող, սեփական շահերը պաշտպանելու ընդունակ ժողովուրդ են եւ անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել նրան:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets