ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԽԲ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1830-1860-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ 

19-րդ դարի 30-60-ական թվականներին Արեւմտյան Հայաստանի շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Արեւմտյան Հայաստանը հիմնականում ընդգրկված էր Էրզրումի, Կարսի, Վանի, Դիարբեքիրի եւ Սեբաստիայի վիլայեթների (նահանգների) մեջ: 
Օսմանյան Թուրքիան հետամնաց երկիր էր, որի համար այս շրջանում ստեղծվել էր խիստ ճգնաժամային կացություն: Գնալով ուժեղանում էին կենտրոնախույս ուժերը, շատ փաշայություններ գտնվում էին կիսանկախ վիճակում, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից դժգոհ էին հասարակության գրեթե բոլոր խավերը, լայն թափով տարծվում էին ազգային-ազատագրական շարժումները: Երկիրը կանգնել էր բարենորոգումների հրամայական պահանջի առջեւ, որը կփրկեր կայսրությունը կործանումից: 
Երկրում բարենորոգումներ անցկացնելու առաջին փորձը կատարեց սուլթան Մահմուդ II-ը, որը 1826թ. վերացրեց երկրի համար պատուհաս դարձած ենիչերիական զորամասերը եւ ստեղծեց նոր տիպի բանակ, որը պետք է նպաստեր երկրի կենտրոնացմանը եւ սուլթանի իշխանության ամրապնդմանը: Սակայն «Թանզիմաթի» (ռեֆորմների) դարաշրջանը Թուրքիայում սկսվեց սուլթան Աբդուլ Մեջիդի օրոք: 1839թ. նոյեմբերի 3-ին նա ստորագրեց ռեֆորմների ծրագիր, որը կոչվեց Գյուլխանեի Հաթթը-շերիֆ: Այն հռչակում էր առանց խտրականության բոլոր հպատակների կյանքի, պատվի եւ գույքի ապահովություն, հարկերի ու տուրքերի հավասար բաշխում, բոլոր հպատակների հավասարություն օրենքի առաջ, քրիստոնյաներին թույլատրվում էր ծառայել բանակում, հանցագործություն հռչակվեց Թուրքիայում խոր արմատներ ունեցող կաշառակերությունը: 
Սակայն թանզիմաթի հռչակած հավասարությունները կրում էին ձեւական բնույթ եւ այն գրեթե ոչինչ չփոխեց գոյություն ունեցող դրության մեջ: Շարունակում էր պահպանվել ջիզիեն (գլխահարկ), որը ստորացուցիչ էր ոչ մահմեդականների համար, իսկ պաշտոնների նշանակում էին միայն մահմեդականների: Թանզիմաթը մահմեդական բնակչության կողմից կատաղի դիմադրության հանդիպեց, որը հաճախ վերածվում էր քրիստոնյաների ջարդերի: 
1853թ. բռնկվեց ռուս-թուրքական հերթական պատերազմը, որը հայտնի է Արեւելյան կամ Ղրիմի պատերազմ անունով, քանի որ ռազմական գլխավոր գործողությունները ծավալվել էին Ղրիմի թերակղզում: Այս անգամ եւս հայերը աջակցեցին ռուսական բանակին: Կովկասյան ճակատում ռուսներն ունեին 20.000 զինվոր, որոնց միացան հայ եւ վրացի 10.000 կամավորներ: Ռուսական Կովկասյան բանակի հայազգի հրամանատար Բ. Բեհբութովը 1853թ. նոյեմբերի 19-ին Բաշկադիքլարի ճակատամարտում 10.000-ոց զորքով ջախջախեց թուրքական 36.000-ոց բանակին: 1854թ. հուլիսի 24-ին Բեհբութովը Կարսից ոչ հեռու գտնվող Քյուրուկդարայում 18.000 զինվորներով ջախջախեց թուրքերի 60.000-ոց բանակին: 1855թ. նոյեմբերի 16-ին ռուսները գրավեցին Կարսը, որի համար մղվող մարտերում աչքի ընկավ գնդապետ Մ. Լորիս-Մելիքովը: Սեւ ծովում մղված մարտերում աչքի ընկավ հայազգի փոխծովակալ Լ. Սերեբրյակովը: 
Չնայած Կովկասյան ճակատում ունեցած հաջողություններին, Ռուսաստանը պարտվեց Ղրիմում, քանի որ 1854թ. Թուրքիային միացան Անգլիան ու Ֆրանսիան, իսկ 1855թ.` Սարդինիան: 1856թ. մարտի 18-ին Փարիզում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը վերադարձրեց Արեւմտյան Հայաստանում գրաված բոլոր տարածքները: 
Պատերազմից հետո, բնականաբար, թուրքերը ավելի մեծ անվստահություն սկսեցին ցուցաբերել ռուսներին ուրախությամբ ընդունող եւ աջակցող հայերի հանդեպ: 
Թուրքիայում թանզիմաթի երկրորդ փուլը սկսվեց 1856թ. փետրվարի 18-ին հռչակված հրովարտակով, որը կոչվեց Հաթթը-հումայուն: Այն հիմնականում պայմանավորված էր Ղրիմի պատերազմից հետո ստեղծված իրողություներով եւ եվրոպական տերությունների ճնշմամբ: Այս անգամ եւս հռչակվում էր բոլոր դավանանքի հպատակների հավասարությունը օրենքի առաջ, անձի եւ գույքի ապահովություն: Քրիստոնյա ազգերը հոգեւոր խորհուրդներ ընտրելու իրավունք էին ստանում, նրանք մահմեդականների հետ հավասար իրավունք էին ստանում նշանակվելու տարբեր պաշտոնների եւ սովորելու քաղաքացիական ու ռազմական վարժարաններում: Թանզիմաթի այս փուլում հռչակված օրենքները եւս մնացին թղթի վրա եւ իրական կյանքում չկիրառվեցին, քանի որ դժգոհություն առաջ բերեց մահմեդականների եւ կառավարող վերնախավի մոտ: 
Այսպիսով, չնայած հռչակած բարեփոխումներին, Թուրքիան շարունակում էր մնալ հետամնաց, ագրարային երկիր, որտեղ չէր ապահովված քրիստոնյաների կյանքը եւ գույքը: Այդ իրավազուրկ վիճակը եւ հարստահարությունները առավել ցայտուն կերպով դրսեւորվում էին կայսրության ծայրամասերում եւ հատկապես Արեւմտյան Հայաստանում, ուր տեր ու տնօրեն էին կիսանկախ քուրդ բեկերը: 
Թանզիմաթյան շրջանի ռեֆորմները լայն արձագանք ունեցան արեւմտահայերի մոտ: 1830-40-ական թթ. արեւմտահայ հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցան լուրջ տեղաշարժեր: Մինչ այդ Կ.Պոլսի հայոց պատրիարքը եւ ամիրայական դասը, փաստորեն, լիիշխան տնօրինում էին ազգային գործերը: Սակայն Կ.Պոլսի հայ արհեստավորները եւ մանր առեւտրականները եւս ձգտում էին մասնակից դառնալ ազգային գործերի կառավարմանը եւ լուրջ պայքար էին սկսել ամիրայական դասի եւ պատրիարքի ունեցած մենատիրության դեմ: Կրքերը բորբոքվում են, երբ սուլթանը քրիստոնյա համայնքներին թույլատրում է ստեղծել իրենց ներքին գործերը կարգավորող կանոնադրություններ: 
1853թ. ստեղծվում է հանձնաժողով, որը պետք է կազմեր հայ համայնքի ներքին կյանքը կարգավորող կանոնադրություն: Հանձնաժողովի մեջ ընդգրկվեցին եվրոպական կրթություն ստացած եւ ժամանակի առաջադեմ գաղափարներով տոգորված մտավորականներ Գրիգոր Օտյանը, Սերվիչենը (Սերովբե Վիչենյան), Նիկողոս Պալյանը, Նահապետ Ռուսինյանը, Մկրտիչ եւ Գրիգոր Աղաթոնները, Կարապետ Ութուճյանը: 
Կանոնադրությունը կազմվեց բելգիական սահմանադրության նմանությամբ եւ ներծծված էր ֆրանսիական հեղափոխության ոգով: Ն.Ռուսինյանի առաջարկով այն կոչվեց Ազգային սահմանադրություն, եւ 1857թ. ներկայացվեց Կ.Պոլսի Հայոց Ազգային ժողովի քննարկմանը: Պատրիարքն ու ամիրաները պահանջեցին էական փոփոխություններ մտցնել ներկայացված կանոնադրության մեջ, որը սահմանափակում էր իրենց իրավունքները: Պայքարը հետզհետե թեժացավ, տեղի ունեցան բողոքի ցույցեր: Որոշ փոփոխություններից հետո 1860թ. մայիսի 24-ին պատրիարքը հաստատեց Ազգային սահմանադրությունը: 
1863թ. մարտի 17-ին Ազգային սահմանադրությունը վավերացրեց սուլթանական կառավարությունը, սակայն մինչ այդ կատարելով լուրջ փոփոխություններ ու կրճատումներ: Նախկին 150 հոդվածների փոխարեն մնացել էր 99 հոդված, ընդլայնվել էր պատրիարքի իրավունքները եւ բոլոր էական ազգային խնդիրների լուծումը կախված էր մնում սուլթանի եւ Բարձր Դռան քմահաճույքից: 
Ըստ դրա, ստեղծվում էին կրոնական եւ քաղաքական ժողովներ, որոնցից կազմվում էր Գերագույն ժողովը, որը հանդիսանում էր օրենսդիր մարմին: Գործադիր մարմին էր դառնում Ազգային կենտրոնական վարչությունը: Հիմնվում էին նաեւ տնտեսական, դատական, ուսումնական, թաղային խորհուրդներ: Ընտրելու իրավունք ունեին 25, իսկ ընտրվելու 30 տարին բոլորած անձինք: Ընտրությունները գաղտնի էին եւ կատարվելու էին հինգ տարին մեկ: 
Օսմանյան կայսրությունում ստեղծված պայմաններում Ազգային սահմանադրությունը չէր կարող լուրջ երաշխիք լինել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Սակայն Ազգային սահմանադրությունը եւ սահմանադրական շարժումը առաջադիմական երեւույթ էր, որի արդյունքում պատրիարքն ու ամիրայական դասը, փաստորեն, զրկվեցին ազգային գործերի միանձնյա կառավարումից: Ազգային սահմանադրությունը որպես արեւմտահայերի ներքին կյանքը կարգավորող կանոնադրություն, պարբերաբար արգելվելով թուրքական կառավարության կողմից, իր գոյությունը պահպանեց մինչեւ 1915թ. Մեծ Եղեռնը: Այն այսօր էլ, հարմարացվելով ժամանակի ոգուն, գործադրվում է հայկական Սփյուռքի որոշ համայնքներում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets