ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԼԶ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ 1722-1730 ԹԹ. 

XVIIIդ. սկզբին Իրանում ստեղծվել էր բավական խառը, անկայուն դրություն, որը ծանր էր անդրադառնում հպատակ երկրների վրա: Սաստկացան հալածանքները հայերի նկատմամբ: Անդրկովկասում մեծ ավերածություններ էին գործում լեզգիները: Լեզգիներից պաշտպանվելու եւ ազատագրական պայքարի պատրաստվելու նպատակով տարբեր վայրերում կազմավորվեցին հայկական զորամասեր: Այդ գործը հատկապես մեծ թափով էր ընթանում Ղարաբաղում, ուր զորակայանները կոչվում էին սղնախներ: 
1722թ. ապստամբած աֆղանները գրավեցին Իրանի մայրաքաղաք Սպահանը եւ գլխատեցին Հուսեին շահին: Ռուսաստանը, օգտվելով Իրանի թուլացումից, ձգտում էր գրավել Կասպից ծովի առափնյա շրջանները: 1722թ. Պետրոս I-ը որոշեց արշավել Իրան: Վրաց Վախթանգ VI թագավորը համաձայնեց միանալ ռուսներին: Վախթանգի հետ համագործակցում էր նաեւ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: 1722թ. սեպտեմբերի 22-ին Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրում միավորվեցին Վախթանգի 30.000-ոց եւ Եսայի Հասան-Ջալալյանի 10.000-ոց բանակները: Նրանք սպասում էին ռուսական բանակի Շամախի հասնելուն, որպեսզի ընդառաջ գնային եւ միանային: Սակայն երկու ամիս սպասելուց հետո, նոյեմբերին լուր ստացվեց, որ Պետրոսը դադարեցրել է Կասպիական արշավանքը եւ վերադարձել Աստրախան: Ցարը դեպի Անդրկովկաս արշավանքը դադարեցրել էր, քանի որ վտանգ առաջացավ բախվել Թուրքիայի հետ: Շվեդների դեմ երկարատեւ պատերազմը նոր ավարտած Պետրոսը դեռեւս պատրաստ չէր բախվելու թուրքերի հետ: 
Հայ-վրացական զորքերը ստիպված էին վերադառնալ իրենց տեղերը: Հայկական զորամասը վերադառնալով Ղարաբաղ, հրաժարվեց ճանաչել Իրանի իշխանությունը: Ազատագրական պայքարի կազմակերպիչը եւ ոգեշնչողը Եսայի Հասան-Ջալալյանն էր: Ղարաբաղի բանակի հրամանատար դարձավ Ավան Յուզբաշին: Որոշ դեպքերում Արցախը մարտադաշտ էր դուրս բերում մի քանի տասնյակ հազար զինվոր: Իրանական խաները բազմիցս արշավեցին Ղարաբաղ, բայց չկարողացան ճնշել պայքարը: 
1722թ. ապստամբության դրոշ բարձրացրին նաեւ Սյունիքի հայերը: Ի տարբերություն Արցախի, այստեղ հայ մելիքների ուժերը միավորված չէին եւ անհրաժեշտ էր մեծ հեղինակություն ունեցող առաջնորդ: Սյունեցիների խնդրանքով Վախթանգ VI-ը Սյունիք ուղարկեց վրաց բանակի հայ զորավարներից Դավիթ Բեկին: 1722թ. աշնանը նա եկավ Սյունիք, համախմբեց հայկական ուժերը եւ մեկը մյուսի հետեւից ազատագրեց Սյունիքի տարածքները: Իրանական խաները բազմիցս ներխուժեցին Սյունիք, սակայն ջախջախվեցին: Այսպիսով, Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորությամբ ստեղծվեց անկախ հայկական իշխանություն: Նրա նստավայրը Հալիձորի բերդն էր: Զորքի սպարապետն էր տաղանդավոր զորավար Մխիթարը: Բանակի թիվը հասնում էր 6-7.000-ի: 
Իրանի թուլացումից չհապաղեց օգտվել նաեւ Թուրքիան, որը ձգտում էր նվաճել ամբողջ Հայաստանը, Անդրկովկասն ու Ատրպատականը: 1724թ. Կ. Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր, որով Թուրքիային էին անցնելու Արեւելյան Հայաստանը, Անդրկովկասը, Ատրպատականը եւ պարսկական Իրաքը, իսկ Ռուսաստանին` մերձկասպյան շրջանները: Այսպիսով, Ռուսաստանը չեզոքացված էր, իսկ Իրանը` գրեթե կազմալուծված, եւ թուրքերի համար լուրջ խոչընդոտներ չկային այդ տարածքները նվաճելու համար: 
1723թ. օսմանյան 40.000-ոց բանակը ներխուժեց Վրաստան եւ հունիսին առանց դիմադրության գրավեց Թիֆլիսը: Աշնանը թուրքական բանակը հարձակվեց Գանձակի վրա, բայց ծանր պարտություն կրեց վրացական, իրանական եւ հայկական միացյալ զորքերից: 
1724թ. գարնանը թուրքական 40.000-ոց մեկ այլ բանակ ներխուժեց Արեւելյան Հայաստան եւ շարժվեց Երեւանի ուղղությամբ: Թուրքերին համառ դիմադրություն ցույց տվեց Կարբի ավանի հայ բնակչությունը: Նրանք 40 օր դիմադրեցին թշնամուն: Կարբեցիները համաձայնեցին զենքը վայր դնել, միայն այն պայմանով, եթե թուրքերը չմտնեին ավան: 
1724թ. հունիսի 7-ին թուրքերը պաշարեցին Երեւանը: Պաշտպանության համար ոտքի կանգնեց քաղաքի եւ շրջակայքի հայ բնակչությունը: Հայ մարտիկների թիվը հասնում էր 10.000-ի: Թուրքերի գրոհները ավարտվում էին անհաջողությամբ: Սեպտեմբերի սկզբին Երեւանին մոտեցան Եգիպտոսից ուղարկված զորքերը եւ Գանձակի ուղղությամբ արշավող թուրքական բանակը: Դրանով պաշարողների թիվը հասավ 70.000-ի: 1724թ. սեպտեմբերի 26-ին թուրքերը գրավեցին քաղաքը եւ սրի քաշեցին մոտ 10.000 հայերի: Երեւանի պաշարման ընթացքում թուրքերը կորցրեցին 20.000 զինվոր: 
Երեւանի եռամսյա հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ կասեցվեց թուրքական բանակի արագ առաջխաղացումը դեպի Սյունիք ու Արցախ, որը այնտեղի հայկական իշխանություններին հնարավորություն տվեց ավելի լավ պատրաստվել դիմակայելու օսմանցիներին: 
Ղարաբաղցիներն ընդհանուր թշնամուն հակահարված տալու համար համագործակցեցին նախկին հակառակորդների` իրանական խաների հետ: Ռազմա-պաշտպանական դաշինք կնքվեց Գանձակի խանության հետ: 1723թ. աշնանը Գանձակի մոտ թուրքերին պարտության մատնելու գործում խոշոր ներդրում ունեցան Ղարաբաղի զորքերը: 
Արցախի ազատագրական ուժերը հույս ունեին, որ շուտով օգնության կգան ռուսական բանակները, քանի որ Պետրոս I-ը, ապա Եկատերինա I կայսրուհին քաջալերում էին հայերի պայքարը եւ խոստանում օգնության հասնել: Արցախում տեղյակ չէին, որ 1724թ. կնքվել էր ռուս-թուրքական պայմանագիր, որով Ռուսաստանը թուրքերին էր զիջել Անդրկովկասի տիրապետությունը: 
1725թ. թուրքական 6.000-ոց զորամասը ներխուժեց Վարանդա, սակայն ամբողջությամբ ոչնչացվեց: 1726թ. Արցախի վրա հարձակվեց թուրքական 40.000-ոց բանակը, որին միացել էին նաեւ լեզգիները: Այն եւս ավարտվեցին թուրքերի պարտությամբ, որոնք ռազմի դաշտում թողեցին հազարավոր դիակներ եւ նահանջեցին Գանձակ: Սակայն հետզհետե դժվարանում էր դիմադրել թուրքական հզոր բանակներին: 
1728թ. մահացավ ազատագրական շարժման կարկառուն ներկայացուցիչ Եսայի Հասան-Ջալալյանը: 1729թ. օգնություն բերելու համար Ռուսաստան մեկնեց Ավան Յուզբաշին եւ այլեւս չվերադարձավ: Այս պայմաններում թուրքերին հաջողվեց գրավել Ղարաբաղի մի մասը: 
Պայքարը շարունակեցին միայն Գյուլիստանի ու Ջրաբերդի շրջանները: Ազատագրական մարտերը ղեկավարում էր Մեծ սղնախի հրամանատար Աբրահամ սպարապետը: 
1725թ. թուրքական զորքերը հարձակվեցին Սյունիքի վրա, բայց հակահարված ստանալով նահանջեցին: 1726թ. թուրքական 70.000-ոց բանակը ներխուժեց Սյունիք: Շատերը, ահաբեկվելով թուրքերի հզոր ուժից, լքեցին Դավիթ Բեկին եւ հպատակվեցին թշնամուն: 1727թ. մարտին թուրքերը պաշարեցին Հալիձորը: Մեկշաբաթյա մարտերը ավարտվեցին հայերի փառավոր հաղթանակով: Թուրքական բանակը կորցրեց 13.000 զինվոր, 148 դրոշ եւ ամբողջ ունեցվածքը: Հալիձորի ճակատամարտը Դավիթ Բեկի ամենախոշոր հաղթանակն էր: Մխիթար Սպարապետը եւ Տեր Ավետիսը թուրքերին ջախջախիչ պարտության մատնեցին նաեւ Մեղրիում: Հայկական ուժերը նորից սկսեցին համախմբվել եւ թուրքերին վտարել հայրենի հողից: Այսպիսով, 1727թ. Սյունիքն ամբողջությամբ ազատագրվեց թուրք զավթիչներից: 
Համատեղ ուժերով օսմանցի զավթիչների դեմ պայքարելու նպատակով 1727թ. դաշինք կնքվեց Իրանի շահ Թահմասպ II-ի եւ Դավիթ Բեկի միջեւ: Թահմասպը ճանաչեց Սյունիքի հայկական իշխանությունը, իսկ Դավիթ Բեկը ընդունեց Իրանի գերիշխանությունը եւ նշանակվեց Անդրկովկասի իրանական զորքերի գլխավոր հրամանատար: 
1728թ. Դավիթ Բեկը մահացավ եւ Սյունիքի ազատագրական ուժերի ղեկավար դարձավ Մխիթար Սպարապետը, որը բազմաթիվ հաղթանակներ տարավ թշնամիների դեմ: 1730թ. Օրդուբադի մոտ թուրքերին պարտության մատնելուց հետո, երբ Մխիթարը վերադառնում էր Խնձորեսկ, դավադրաբար սպանվեց: Չնայած օսմանյան զավթիչների բոլոր ճիգերին, նրանց չհաջողվեց ամբողջությամբ իրենց ենթարկել Սյունիքը: Պայքարը շարունակվեց մինչեւ Նադիր շահի կողմից օսմանյան զորքերի վտարումը Անդրկովկասից: 
1722-1730թթ. ազգային-ազատագրական պայքարը մեր պատմության փառավոր էջերից է: Այն ցույց տվեց, որ հայերը կարող են առանց արտաքին օգնության երկարատեւ դիմադրություն ցույց տալ այնպիսի հզոր պետությունների, ինչպիսիք էին Իրանն ու Թուրքիան: Սակայն այս շրջանում բացահայտվեցին նաեւ որոշ բացասական երեւույթներ. չկարողացան պայքարի միասնական կենտրոն ստեղծել, բոլոր ուժերով համագործակցել եւ համընդհանուր ապստամբության միջոցով վերջնականապես ազատվել օտարների լծից: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets